Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի պետ Ռուբեն Սանոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ թեև քաղաքի բոլոր կլաններն ու կուսակցությունները աշխատեցին ի վնաս Սամվել Բալասանյանի, սակայն նա հաղթեց` 27 500 ձայնով ընտրվելով Գյումրու քաղաքապետ:
Թե ովքե՞ր են այդ կլաններն ու կուսակցությունների ներկայացուցիչները, պարոն Սանոյանը հարկ չհամարեց մանրամասնել, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, Ս. Բալասանյանի գլխավոր մրցակցին` ՀՅԴ-ական թեկնածուին, ներքին կարգով սատարել են թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմակիցները, թե ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն` իր ընկերներով, համենայնդեպս այսպես էր հայտարարում պատգամավորի թաղամասում գտնվող թիվ 34/28 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ասյա Սարգսյանը, ՕԵԿ-ը ևս դեմ է աշխատել Սամվել Բալասանյանին, որը թերևս ինչ-որ չափով տրամաբանական է` ի նկատի ունենալով վերջինիս ՕԵԿ-ի շարքերից դուրս գալը, կան խոսակցություններ, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ հիացած չէ եղել նրա առաջադրմամբ: Իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» բացահայտ սատարել են ՀՅԴ-ական թեկնածուին: Փաստորեն ստացվում է , որ Գյումրու բոլոր պատգամավորներն ու հեղինակությունները դեմ են եղել Սերժ Սարգսյանի ֆավորիտ թեկնածուին:
Aravot.am-ը 10 281 ձայն հավաքած ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանին հարցրեց` ինչպե՞ս եղավ, որ այս ուժերի միավորմամբ ևս չկարողացաք հաղթել Սամվել Բալասանյանին, մի՞թե այս ուժերը այդքան անուժ էին նախագահի որոշման դեմ: Ի պատասխան մեր հարցին` դաշնակցական թեկնածուն ասաց, որ այս մարդիկ իրեն ոչ թե սատարել են, այլ պարզապես չեն խանգարել, իսկ դրանք տարբեր հասկացություններ են: «Դուք կարող եք վերցնել բոլոր հայտարարություններն ըստ տեղամասերի, դա կլինի Սլաբոդկա թաղամասը (խոսքը Վարդան Ղուկասյանի թաղի մասին է) , դա կլինի Արցախ թաղամասը (ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թաղն է) , դուք շատ լավ կհասկանաք, որ դրանք եղել են Հովսեփ Սիմոնյանի ձայները: Ես կարող եմ ընդամենը մի բան ասել, ոչ չեն եղել իմ նկատմամբ ընդդիմադիր , բայց որ ինձ համար են արել, չեմ ընդունում: Ես ասում եմ` հակակրանք չեն ունեցել իմ նկատմամբ, սրանք տարբեր հասկացողություններ են: Ի՞նչ է, դուք ուզում եք ասել, որ ես Արցախ թաղամասում, լինելով էդ թաղամասի տղա, ես եթե պարտվել եմ, ի՞նչ եք մտածում: Մի հատ անեկդոտ կա. ասում է` ձեր կատուն մեր երկու կիլո միսը կերավ, դնում են կատվին` կշռում է երկու կլիո, ասում է` այ ցավդ տանեմ, սա քո երկու կլիո միսը, բա իմ կատուն ո՞ւր է: Ես միանշանակ նորից ասում եմ, շնորհակալ եմ էն բոլոր մարդկանցից, ովքեր ընդդիմադիր չեն եղել ինձ, դրանք կլինեն քաղաքական մարդիկ, դրանք կլինեն կուսակցություններ, միանշանակ ես իմ շնորհակալությունն եմ հայտնում , բայց և չեմ կարող ասել, թե քաղաքական ուժերից ո՞վ ի՞նչ չափով է աջակցություն ցուցաբերել: Եթե ինչ-որ մեկին կաշառել են, բնական է, դրա մեջ կարող էր լինել ՀԱԿ-ի անդամ, Ժառանգության անդամ, կարող էր լինել Արցախ կամ Սլաբոդկա թաղամասերի բնակիչներ, ինչո՞ւ չէ, կարող էր լինել նաև դաշնակցական, որին կարող էին տակից կաշառած լինել, չեմ բացառում: Բայց որ կարող են էս 10 հազար քվեն որևէ մեկ ձևով կապել ինչ-որ մեկի հետ, ես գիտեմ, որ պետք է կապել մեկ անձի հետ ` դա Հովսեփ Սիմոնյանն է: Եթե դա ուրիշ անձ լիներ, վստահ եղեք, որ այլ քվե կլիներ», -պարզաբանեց Հովսեփ Սիմոնյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև