Սիրիայում մոլեգնած քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստան ներգաղթած հազարավոր սիրիահայեր աշխատանքի խնդիր ունեն: Սփյուռքի նախարարությունը Հայաստանում գործող աշխատանքի տեղավորման գործակալություններին խնդրել է սիրիահայերին աշխատանք գտնելու հարցում աջակցել` ինչով կարող են: Այս օրերին գործակալությունները առանց վճար վերցնելու նրանց համար աշխատանք են փնտրում: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 20-25 սիրիահայ արդեն տեղավորվել է աշխատանքի: Նախարարությունը 20-21 բժիշկների, դեղագործների ուղեգրել է առողջապահության նախարարություն, որպեսզի նրանց աշխատելու հարցն այդ կառույցը լուծի: Պարոն Զաքարյանի խոսքերով, այս պահին հիմնական խնդիրը նրանց համար այնքան աշխատանք գտնելը չէ, որքան շատ սիրիահայերի անորոշ վիճակը, որոնք չեն կարողանում վերջնական որոշում կայացնել` մնա՞լ Հայաստանում, թե՞ վերադառնալ Սիրիա: Աշխատակազմի ղեկավարի տվյալներով, 2012 թվականից առ այսօր Հայաստան ժամանած 5300 սիրիահայերից 3600-ը հետ է վերադարձել: Մեր հարցին, թե Հայաստանում մնալու հեռանկարներ չե՞ն տեսել եւ այդ պատճառո՞վ են կրկին հետ գնացել Սիրիա, պարոն Զաքարյանն ասաց. «Նրանց մեծ մասը հանգստանալու եւ անձնագրեր ստանալու էր եկել եւ վերադարձան իրենց տանը, ունեցվածքին տիրություն անելու»:
Սակայն մոտ 300 սիրիահայ վերջնականապես որոշում են կայացրել մնալ Հայաստանում: 700 սիրիահայ էլ, որոնք դեռ տատանվում են Հայաստանում մնալու հարցում, ըստ Ֆիրդուս Զաքարյանի, այնուամենայնիվ երեխաներին արդեն դպրոց են տվել: 600-700 սիրիահայ էլ առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել Սիրիա: Aravot.am-ի հարցին, թե որոշ սիրիահայ գործարարներ դժգոհություն են հայտնում մեր հարկային դաշտից, պարոն Զաքարյանն ասաց, որ նրանց մեծ մասը խնդիրների է բախվում օրենքների չիմացության պատճառով:
Aravot.am-ը «Աշխատանք Մեգա կադրային կենտրոն» աշխատանքի տեղավորման գործակալությունից հետաքրքրվեց, թե հիմնականում ի՞նչ գործեր են առաջարկում սիրիահայերին: Գործակալության ղեկավար Մարինե Հովասափյանը հայտնեց, որ իրենց դիմած սիրիահայերից շատերը ավտոմեքենաների վերանորոգման գծով փայլուն մասնագետներ են, եւ գործատուները նման մասնագետների միանգամից վերցնում են, սակայն խնդիր է առաջանում աշխատավարձի հետ կապված. «Մեզ մոտ` Հայաստանում, նրանց առաջարկվող աշխատավարձը ցածր է, եւ սիրիահայերը դժվարությամբ են համաձայնում այդքան գումարի դիմաց գործ անել: Մեր գործատուները մինչեւ 150 հազար դրամ են առաջարկում, կան որոշ գործատուներ էլ, որ գործարքային են վճարում, իսկ մարդիկ օրվա ապրուստի խնդիր ունեն եւ մինչեւ հաճախորդ հավաքեն` ժամանակ է պետք»: Մ. Հովասափյանը նաեւ նշեց, որ սիրիահայերը նաեւ եռակցման լավ մասնագետներ են, ոսկերիչներ, բայց ոսկերիչի պահանջարկ գրեթե չկա: Այս գործակալության միջոցով արդեն մի քանի սիրիահայ տեղավորվել է աշխատանքի: Ինչ վերաբերում է մատուցող կամ սպասարկման ոլորտում աշխատելուն, Մ. Հովասափյանն ասաց, որ սիրիահայերի մոտեցումն այդ հարցում մի փոքր տարբեր է, եւ ամեն աշխատանք չէ, որ նրանք համաձայնում են անել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ