Շատ պատգամավորներ լրագրողներիի հարցերից խուսափելու համար հազար ու մի պատճառ են բերում: «Հավես չունենք», «գլուխս ցավում ա», «էսօր ժամանակ չունեմ, վաղը զանգի՝ խոսենք» եւ այսպես շարունակ:
Հերթական անգամ, երբ խնդրեցի գեներալ Մանվելի եղբորորդուն՝ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին պատասխանել մեր հարցերին՝ նա ասաց. «Ազիզ ջան, գլոխս ցավում ա, հետո»: Քանի որ այդ պահին մոտս «Սպազմալգոն» կար՝ ցավազրկող դեղամիջոց, սրտացավ քաղաքացու պես առաջարկեցի, ասեցի՝ մի հատ խմեք՝ կանցնի: Հրանտ Գրիգորյանն էլ՝ թե «չէէէէ՜, ինձ մենակ ասկոֆենն ա օգնում, էդ ինչ ես տալիս, հո նարկոտիկ չի՞»: Սկսեցի համոզել, որ շատ լավ դեղ է, ասկոֆենից էլ լավ, որ արագ գործում է: Պատգամավորը կատակեց. «Չէէէ, է, ես դեղերը չեմ խառնում, ուրիշները խմիչքը չեն խառնում, ես՝ դեղերը: Ես մենակ ասկոֆեն եմ խմում»: Տեսնելով, որ ինձնից պրծում չկա՝ նա օգնական աղջիկներին հարցրեց՝ «ճի՞շտ ա ասում, լա՞վ դեղ ա»: Օգնականներն էլ հաստատեցին, որ ավելի անվտանգ է, քան ասկոֆենը, ես էլ կողքից տառացիորեն ձեռքի մեջ եմ ուզում դնեմ դեղահաբը ու զոռով խմեցնեմ, պատգամավորը չդիմացավ, սկսեց ծիծաղել՝ ասելով. «Գլուխս չի ցավում, խաբում էի, դեղ պետք չի, չես տեսնո՞ւմ, որ չեմ ուզում հարցերիդ պատասխանել, եկել ես՝ պարոն Գրիգորյան, դեղ տամ, պարոն Գրիգորյան, դեղ տամ՝ ցրում եմ, էլի, չեմ ուզում պատասխանեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ