ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ եւս մեկ անգամ բարձրաձայնեց Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությունը՝ հատկապես վերջին իրադարձությունների համատեքստում: «Ժամանակը չէ՞ որ Հայաստանի ԱԳՆ-ն Մինսկի խմբին պահանջ ներկայացնի համանախագահ պետությունների կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար»,- ասաց Ռուբեն Հակոբյանը, ընդգծելով նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ տարվելիք աշխատանքը:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ Հայաստանը պետք է շարունակի վարել այն քաղաքականությունը, որը ըմբռնում ունի միջազգային հանրության կողմից: «Այս օրերին տասնյակ արտգործնախարարներ զանգում են ինձ ու լիակատար աջակցություն հայտնում: Այս պահին պետք է զգույշ քաղաքականություն վարենք, որը մինչեւ այժմ վարել ենք»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը, նշելով, որ ՀՀ-ի եւ համանախագահների մոտեցումները համահունչ են: «Հայաստանը շարունակելու է իր ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ: Սա է մեր բանակցությունների հիմքում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ