Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ հաշմանդամության խնդրին առնչվող մի շարք հասարակական եւ պետական կազմակերպությունների հետ համատեղ քննարկվեց ԱԻՆ համակարգում ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց աշխատանքի անցնելու հարցը:
Նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց արդեն 4 ամիս գործող ճգնաժամային կառավարման կենտրոնը ՝ «911» ծառայությունը, որտեղ էլ կներգրավվեն հաշմանդամություն ունեցող մարդիկ: Սակայն նախարարը վստահեցրեց, որ աշխատանքի անցնելու չափանիշը գրագետ եւ բանիմաց լինելն է. «Մենք աշխատանքի ենք ընդունելու 20-30 մարդ, բայց էնպես չի, որ բոլորը կարող են այստեղ աշխատել, մենք ունենք որոշակի պահանջներ: Աշխատանքի անցնողը պետք է լինի գրագետ , տիրապետի համակարգչին եւ լեզուների: 911 ծառայությունը ամեն օր 4-5 հազար զանգ է ստանում, այսինքն՝ մարդիկ, որոնք այդտեղ աշխատելու են, պետք է բարեկիրթ լինեն, չկոպտեն զանգողներին: Մեզ մոտ այդ հարցը շատ խիստ է դրված»:
Նախարարը ցույց տվեց նաեւ նոր կառուցվող շենքը, որը հարմարեցված է այս նոր աշխատողների համար: Ա. Երիցյանը նշեց, որ դժվարությունները շատ են, ուստի ծրագիրը պետք է փուլային տարբերակով իրականացնել, առաջին փուլում ծրագրում ընդգրկվածները ճգնաժամային կառավարման կենտրոնում կաշխատեն, հետո գուցե նաեւ այլ աշխատատեղեր լինեն: Այժմ նրա հանձնարարականով մի թեմատիկ խումբ է ստեղծվել, որը կոնկրետ ժամանակում կընտրի աշխատողներին, կհոգա նրանց փոխադրամիջոցների եւ այլ խնդիրները:
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա «Հույսի կամուրջ» հ/կ-ի նախագահ Զարուհի Բաթոյանն ասաց, որ պետական մակարդակով այսպիսի մեծ ծավալով ծրագիր դեռ չէր եղել: Ըստ նրա, բացի այն, որ մարդիկ աշխատանքի կտեղավորվեն, սա նաեւ մյուս նախարարություների ու առհասարակ երկրում տարվող քաղաքականության համար դրական օրինակ է: «Հույսի կամուրջը» դեռ ցուցակ չի ներկայացրել, սակայն շատ են մարդիկ, որոնք կցանկանան աշխատել: Սակայն Զ. Բաթոյանը գտնում է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում նման գիտելիքներով մարդկանց գտնելն այնքան էլ հեշտ չի լինի, որովհետեւ այդ մարդկանց մեծամասնությունը մեկուսացել են տներում, նրանցից քչերն են, որ ոչ թե լավ, այլ առհասարակ բարձրագույն կրթություն ստացել են: Զ. Բաթոյանի ներկայացմամբ, աշխատանքի խնդիրը միայն աշխատատեղ գտնելը չէ, խնդիրները փոխկապակցված են, չկա տրանսպորտ, հաշմանդամ մարդը չի կարողանում տանից դուրս գալ:
«Ունիսոն» հ/կ տնօրեն Արմեն Ալավերդյանն էլ ասաց, որ իրենց կազմակերպությունն արդեն իսկ 21 թեկնածու է առաջարկել, որոնք համապատասխանում են պահանջներին: Նա նույնպես անդրադարձավ տրանսպորտի խնդրին, նշելով, որ հիմնականում, ով հնարավորություն ունի, տաքսիով է տեղաշարժվում, բայց դա էլ է խնդիր, որովհետեւ բեռնախուցը, անգամ սայլակը ծալելուց հետո, չի փակվում: Նրա տվյալներով, քաղաքապետարանը մինչեւ տարվա վերջ 25 հարմարեցված ավտոբուս է խոստացել , ինչը ճիշտ է, փոքր, բայց այնուամենայնիվ, տեղաշարժ է:
«Փյունիկ» Հայաստանի հաշմանդաների միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանն էլ նշեց, որ բազմաթիվ են այն օրինակները, երբ հաշմանդամություն ունեցող անձանց ամբողջ կյանքը փոխվել է աշխատանքի տեղավորվելուց հետո. «Անգամ որեւէ խնդիր չունեցող մարդն առանց աշխատանքի իրեն հասարակության լիարժեք անդամ չի զգում, էլ ինչպե՞ս ապրի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդն առանց աշխատանքի: Նրանց մոտ աշխատանքի ընդունվելուց հետո միանգամից փոխվում է վերաբերմունքը կյանքի նկատմամբ, ապրելու մեծ ձգտում եւ մոտիվացիա է առաջանում»:
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ