Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Մուցք գյուղում գյուղապետի պաշտոնի համար պայքարում էր գործող գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանն ու նրա կինը` Մուցքի հիմնական դպրոցի դասվար Հայկանդուխտ Կիրակոսյանը: Սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններին գործող գյուղապետը հավաքել է ավելի շատ ձայն, քան` իր կինը: Դրաստամատ Նավասարդյանի օգտին քվեարկել է 122 ընտրող, իսկ կնոջ` Հայկանդուխտ Կիրակոսյանին, կողմ է քվեարկել 36 համագյուղացի:
Տիկին Հայկանդուխտն ասում է, որ վատ չի տարել պարտությունը, շատ սովորական է ընդունել ու շնորհավորել իր ամուսնուն վերընտրվելու կապակցությամբ, ով 1996թ.-ից մինչեւ այսօր ամեն անգամ վերընտրվում է եւ 16 տարի է ղեկավարում է Մուցքի գյուղապետի պաշտոնը: «Շատ նորմալ ընդունեցի, ուրեմն արժանին ինքն էր, որ ընտրվեց, ես էլ կշարունակեմ իմ աշխատանքը դպրոցում, որտեղ 37 տարի է դասվար եմ աշխատում: Ես առաջադրվել էի, որովհետեւ ես էլ ցանկանում էի այդ ոլորտում աշխատել, գյուղապետ լինել», – ասում է գյուղապետի կինը եւ նշում, որ ընտրապայքարի ժամանակ ամուսինների մոտ լարվածություն չի եղել, տանը համերաշխ մթնոլորտ էր տիրում, որեւէ դեպք ու տարաձայնություն չի եղել: «Ասել ենք` ով ընտրվի, թող նա էլ աշխատի: Նույնիսկ 2 տղաներիս կողմից նորմալ է ընդունվել մեր առաջադրումը եւ կողմ էին դրան, թեեւ ձեռնպահ էին մնում եւ չէին ասում, թե մեզանից ում են աջակցում: Սեպտեմբերի 9-ին 2 տղաներիցս միայն մեկը մասնակցեց ընտրություններին, մյուսը աշխատանքի բերումով չկարողացավ գնալ ընտրության, բայց մասնակցած տղաս այսօր էլ դեռ չի ասում, թե ում օգտին է քվեարկել», – ավելացնում է Հայկանդուխտ Կիրակոսյանը:
Գյուղում այսքան տարիների ընթացքում առաջին անգամ է կին թեկնածու առաջադրվում գյուղապետի պաշտոնի համար: Զրուցակիցս կարծում է, որ իր առաջադրումը գուցե շատերի համար անսովոր էր եւ երեւի հենց դա էր պատճառը, որ իր օգտին քվեարկողները մեծ թիվ չէին կազմում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ