Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն անցկացված մամուլի ասուլիսում Aravot.am-ը Թուրինի, Դրեզդենի,Ստամբուլի համաշխարհային օլիմպիադաների հաղթող, թիմային հաշվարկով աշխարհի չեմպիոն, անհատական հաշվարկով ՖԻԴԵ-ի աշխարհի փոխչեմպիոն Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ է արդյոք, որ նա մտածում է այլեւս հանդես չգալ համաշխարհային օլիմպիադաներում: Վլադիմիր Հակոբյանը պատասխանեց. «Այդպիսի միտք կա: Այո, ուզում եմ: Բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Օլիմպիական եռակի չեմպիոն եմ եւ կուզեի դուրս գալ հաղթած: Բայց մինչեւ հաջորդ օլիմպիադան երկու տարի է եւ մտածելու ժամանակ դեռ կա: Աշխարհի թիմային առաջնությանը (եկող տարի այն նույնպես կայանալու է Թուրքիայում) հաստատ կմասնակցեմ: Շատ հետաքրքիր մրցաշար է, որին մասնակցում է 10 թիմ: Ուզում եմ խաղալ եւ մեր հավաքականին օգնել` պահպանել չեմպիոնի տիտղոսը», – պատասխանեց գրոսմայստերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ