«Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տոնակատարության շրջանակներում և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության բարեհաճ օգնության արդյունքում բացվեց ցուցահանդեսը»,- այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցած 20-21-րդ դարերի ամերիկացի գրողների գրքերի ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Ռեկտորի խոսքով շատերը անշուշտ ծանոթ են ամերիկյան գրականությանը, սակայն ցուցահանդեսի ընթացքում կլինեն հայտնագործություններ, որոնք ներկաներին հաճելիորեն կզարմացնեն կապված ժամանակակից գրականության զարգացումների հետ:
«Ցուցահանդեսը խթան կհանդիսանա, որ մենք այսուհետ և համացանցի, և գրքերի միջոցով մոտ լինենք ամերիկյան գրականությանը»,- հավելեց պրն Սիմոնյանը:
ԵՊՀ-ի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառման հիմնական մասում ներկայացվում է 20-21-րդ դարերի ամերիկացի գրողների և նրանց աշխատանքների վերաբերյալ տեղեկություն:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը հանդիպման ժամանակ շնորհավորեց առաջին կուրսեցիներին, Երևանին՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ և ասաց, որ ուրախ է գտնվել համալսարանում.
«Մեր աշխատանքը այն է, որ խորացնենք համագործակցությունն ու գործընկերությունը երկու երկրների միջև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Շնորհակալ եմ ցուցահանդեսի կազմակերպման համար»:
Ճեմասրահում ցուցադրված էին ամերիկացի 50 գրողների 110 աշխատանքները, նաև հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված 40 պաստառներ: Վերջիններս ներկայացված են Երևանի ամերիկյան անկյան հավաքածուից:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ