Գյումրիում լարված մի իրավիճակ է ստեղծվել` կապված ավագանու թեկնածուների բողոքարկումների հետ: Արդեն 7 ավագանու թեկնածու, այդ թվում նաև անցողիկ հորիզոնականում գտնվողները, բողոքարկում են ` պահանջելով ճիշտ հաշվարկել իրենց ձայները: Արդյունքում նրանք, ովքեր արդեն իսկ տոնել էին իրենց հաղթանակը` ընտրողներին կոնյակ կամ գարեջուր հյուրասիրելով, ստիպված են համակերպվել ցուցակից դուրս մնալու մտքի հետ:
Իսկ բողոքարկումները հիմնականում այն պատճառով են, որ ասենք մեկ ձայնի տարբերությամբ թեկնածուն չի հաղթահարել անցողիկ շեմը: Օրինակ` մեզ հետ զրույցում Գյումրու թիվ 29 դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը տեղեկացրեց, որ ինքը մեկ ձայնով դուրս է մնացել ամենավերջին` 21-րդ անցողիկ տեղից: Հիշեցնենք, որ Գյումրիում առաջադրվել էին 71 ավագանու թեկնածուներ` 21 տեղի համար: Վերոնշյալ տիկինը բնականաբար բողոքարկել է` վստահ լինելով, որ իր ձայները կեղծվել են:
Նշենք, որ շատ ավելի զավեշտալի պատմություն է գրանցվել երեկ, Գյումրու Արցախ թաղամասի կամ գյումրեցիների լեզվով ասած՝ Թուրքի մայլի տղաներից մեկը` Վարդան Եդիգարյանը, վստահ լինելով, որ ինքը թաղի թիվ 5 դպրոցում տեղակայված ընտրատեղամասից մեծ թվով ձայներ է հավաքելու, անակնկալի է եկել` տեսնելով ընդամենը 3 ձայն: Բանն այն է, որ այս երիտասարդի ամբողջ գերդաստանը, մեծ թվով ազգուտակն ու ընկերները քվեարկել են նրա օգտին, մինչդեռ հանձնաժողովը նրան ընդամենը 3 ձայն է տվել: Նա բողոքարկել էր` պահանջելով վերահաշվարկ տվյալ ընտրատեղամասում, ու արդյունքում՝ թեկնածուի ձայները 3-ից դարձել էին 103: Նրան կողմ քվեարկված ձայները բաժանված է եղել տարբեր թեկնածուների միջև: Սա բնականաբար միակ դեպքը չէ. երեկ կատարված վերահաշվարկից պարզվել է, որ ավագանու անդամի թեկնածու Մերուժան Գաբոյանին կողմ քվեարկած քվեաթերթիկները հայտնվել են այլ թեկնածուների օգտին:
Կարդացեք նաև
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուղղումն արդեն կատարվել է, թեև, ըստ նրա, տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովը պետք է պատասխան տա: «Պատժելիության խնդիր է առաջ գալիս, որովհետև հանձնաժողովը կարողացել է իր խախտման միջոցով ձայներ տեղափոխել, որը իհարկե պատժման ենթակա է, դրա համապատասխան միջոցները նախատեսված են Ընտրական օրենսգրքով, ինչպես նաև Քրեական պատասխանատվության խնդիր է առաջանում: Այս հարցին մենք կանդրադառնանք ավելի ուշ, ամփոփումը ավարտելուց հետո, պատժելիություն անպայման պետք է լինի, այլապես նմանատիպ հանձնաժողովականները` սկսած նախագահից, անդամներից, այսինքն սա քննման ենթակա է, սխալն ո՞ւմ կողմից է առաջացել և ո՞վ է պատասխան տալու: Սա ավելի շատ հետագայի խնդիր է , քննչական մարմինների զբաղվելու խնդիր է», ասաց Էդուարդ Բաղրամյանը:
Ըստ նրա, այս փաստերը ոչ թե կապված են հանձնաժողովականների գրագիտության հետ. հանձնաժողովի անդամները իրենց ջանքերով կրկնակի վերապատրաստումներ են անցել, այլ այստեղ ավելի շատ միտում կա, դիտավորյալ ձայների տեղափոխություն են կատարել:
Ի դեպ, այսօր բողոքարկող թեկնածուները` իրենց համախոհներով, թաղի տղաներով լցվել էին հանձնաժողով` շրջափակելով շենքը, փորձելով լցվել ներս: Ստիպված վաղ առավոտյան ոստիկանական խումբ էին հրավիրել, փակել էին հանձնաժողովի դարպասները:
Նրանցից մի քանիսը պնդում էին, որ առավոտյան իրարանցում է սկսվել այն պատճառով, որ վերահաշվարկի գալուն պես քվեատուփերի բերանը բաց վիճակում են գտել: Մի խոսքով, հանձնաժողովի բակում ասեղ գցելու տեղ չկար նաև այն պատճառով, որ թեկնածուներից յուրաքանչյուրը ներկայացել էր թանկարժեք մեքենայով:
Փաստորեն, բողոքավոր են և հաղթած և պարտված թեկնածուները, 21 հոգանոց ցուցակում`սկսած 15-րդ հորիզոնականն զբաղեցնողից, երաշխիք չունի, որ ինքը հաղթել է: Էդուարդ Բաղրամյանի ասելով, 17-րդ տեղից սկսած, մինչև 21-րդ տեղերը զբաղեցնող թեկնածուների միջև ձայները տարբերվում են 3-4, կամ առավելագույնը մինչև 10-ով, իսկ սա կասկածների տակ է դնում նրանց` միգուցե իրենց ձաներն ավելի շա՞տ են : «Եթե ձայների տարբերությունը ավելի մեծ լիներ, բնականաբար վերահաշվարկ կատարելու պահանջ չէր լինի»,- համոզված է թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ