Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանագետ. Վերջին 2 տարում Իրանն առաջին անգամ վերջնագրով խոսեց Ադրբեջանի հետ

Սեպտեմբեր 12,2012 16:45

Երեկ տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համաժողովի ընթացքում քննարկվող Թուրքիա-Ադրբեջան վիզային ռեժիմի վերացման հարցը Թուրքիայի ճնշմամբ է օրակարգ մտցվել, որը, սակայն, հանվեց Իրանի «սպառնալիքներից» հետո: Այս մասին այսօր ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Նշենք, որ Իրանը Ադրբեջանին սպառնացել է` եթե Թուրքիայի հետ Ադրբեջանը վերացնի վիզային ռեժիմը, իսկ Իրանի հետ` ոչ, ապա Իրանը կարգելի ադրբեջանցիների մուտքը Նախիջեւան: Ըստ Արմեն Իսրայելյանի, Իրանը Նախիջեւանի հարցը մշտապես օգտագործում է Ադրբեջանի դեմ, քանի որ Իրանը ադրբեջանցիների համար միակ ցամաքային ճանապարհն է դեպի Նախիջեւան: Իրանագետի ներկայացմամբ` երեկ Իրանի հնչեցրած հայտարարությունը վերջին 2 տարում ամենակոշտն էր. «Սա առաջին դեպքն էր, որ Իրանը Ադրբեջանի հետ հանդես եկավ վերջնագրի լեզվով եւ հաջողություն ունեցավ: Նախիջեւանի հարցը Իրանը մշտապես շահարկում է եւ որպես սպառնալիք մշտապես կախված է Ադրբեջանի գլխին, օրինակ`«Եվրատեսիլի» անցկացման օրերին, հետո` իսրայելա-իրանական ռազմական համագործակցության կնքման ժամանակ Իրանը նույնպես խիստ նախազգուշացրեց Ադրբեջանին: Ադրբեջանա-իսրայելական ռազմական այդ համագործակցության պայմանագրի կնքումից հետո, վերլուծական մեկնաբանություններում նշվում է, որ այս 20 տարվա ընթացքում հայ- ադրբեջանական հակամարտության պայմաններում, եթե Ադրբեջանը շարունակի հակաիրանական քայլերը, Իրանը կգնա այնպիսի կտրուկ քայլերի, որ Ադրբեջանը կենթարկվի հումանիտար աղետի: Եվ, իրոք, դա այդպես է, քանի որ վերջերս չմիավորման շարժման համաժողովի շրջանակներում, անվտանգության նկատառումներից ելնելով, Իրանը ժամանակավոր վերականգնեց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը»:

Պարոն Իսրայելյանի խոսքերով, հենց այդ օրերին հասարակ ադրբեջանցիների շրջանում մեծ դժգոհություններ եղան, քանի որ Ադրբեջանի հարավային շրջանները տնտեսական վատ վիճակում են եւ այդ հատվածի ժողովուրդը օրվա մթերք գնելու համար ամեն օր անցնում է իրանական սահմանը: Մյուս կողմից էլ, ըստ իրանագետի, այս առումով Իրանին ձեռնտու է ադրբեջանցիների մուտքը Իրան, քանի որ. «Որքան շատ ադրբեջանցիներ մուտք գործեն Իրան, այնքան իրանական ազդեցությունը ավելին կլինի այդ քաղաքացիների վրա, նրանք հետագայում կարող են նրանց ներգրավել իսլամական քարոզչության մեջ, որը, բնականաբար, սպառնում է Ալիեւի ռեժիմին»:

Թուրքիայի պարբերաբար ճնշումն ու Ադրբեջանին օգտագործելն Իրանի դեմ, մի նպատակ ունի, ինչպես պարոն Իսրայելյանն ասաց` Իրանի դիրքերը տարածաշրջանում թուլացնել: Սակայն Իրանի վերջին կոշտ հայտարարությունը խոսում է այն մասին, որ Իրանն արդեն անհանգստացած է եւ հնարավոր է՝ կասեցվի Վանում կայանալիք Թուրքիա-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպումը:

Իրանագետը նաեւ կարծիք հայտնեց, որ Սիրիայի հարցում Իրանի եւ Թուրքիայի տարաձայնություններն ավելի են խորանում. «Թուրքիան Իրանին մեղադրում է «Քրդական աշխատավորական կուսակցության» ահաբեկչական անդամներին հովանավորելու մեջ, վերջին շրջանում խիստ հակաիրանական կոչեր են հնչում, Սիրիայի ներքաղաքական այդ իրավիճակի զարգացումների մեջ գործուն դերակատարություններից մեկը Թուրքիան է, որը գնալով ավելի է սպառնում, եւ դա Իրանի շահերից չի բխում»:

Իսկ թե տարածաշրջանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա Թուրքիա-Իրան «հակամարտությունը», պարոն Իսրայելյանն ասաց, որ դա կախված է նրանից, թե ինչպիսի հանգուցալուծում կլինի. «Հնարավոր է այնպիսի բան լինի, Իրանն էլ համակերպվի եւ չգնա առճակատման Թուրքիայի հետ: Իրանն էլ լուրջ խնդիրներ ունի միջազգային ասպարեզում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930