Հարգելի խորհրդարան,
Նախ ասեմ, որ մեր խմբակցության անդամներ Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Նիկոլ Փաշինյանի ելույթները լիովին արտացոլում են Հայ Ազգային Կոնգրեսի տեսակետները քննարկվող հարցի վերաբերյալ, եւ բոլոր այդ ելույթները կարող եք ընդունել որպես մեր խմբակցության հավաքական կարծիք: Ես խոսք եմ վերցրել միայն մեկ՝ հավելյալ շեշտադրման համար:
Ես ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Վերահսկիչ Պալատի ներկայացված այս տարեկան հաշվետվության, ինչպես նաեւ 2008 թվականից մինչ այսօր ներկայայցված բազմաթիվ հաշվետվությունների կապացությամբ: Պարզվում , որ կոռուպցիայի մեջ թաղված Հայաստանում դեռ գործում է մի օղակ, մի պետական մարմին, որը քրտնաջան կերպով արդեն 4 տարի է բացահայտում է Հայաստանում պետական միջոցների լայնածավալ եւ համատարած չարաշահումների, յուրացումների եւ վատնումների խայտառակ պատկեր:
Ավելին ասեմ, ոչ ոք դեռ այսպես մանրակրկիտ եւ հիմնավորված չի ապացուցել ընդդիմության պնդումներն առ այն, որ Հայաստանում տիրում է կատարյալ ավազակապետություն, որքան հետեւում է Վերահսկիչ պալատում ներկայացրած հաշվետվություններից:
Չեմ ցանկանում, որ այս հայտարարությունը մերկապարանոց հնչի, ուստի մեջբերեմ մի քանի փաստեր այս ժամանակաշրջանում ներկայացված հաշվետվություններից:
Օրինակ, 2008-09-10թթ. ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքում կազմված շուրջ 120 հաշվետվության համաձայն՝արձանագրվել են ավելի քան 20 մլրդ դրամի խախտումներ, յուրացումներ և անարդյունավետ ծախսեր: Եթե ընդունենք, որ սա կազմում է ՀՀ բյուջետային հատկացումների շատ չնչին մասը միայն, անառարկելի է, որ տեղի է ունենում պետական միջոցների մասշտաբային յուրացում, մսխում և վատնում:
Սա ապացուցելու համար նշենք, որ միայն 2008թ. Պատահական ընտրանքով ստուգվել է ՀՀբյուջետային ծախսերի ընդամենը 4%-ը, և հայտնաբերվել են 8 մլրդ դրամի խախտումներ և յուրացումներ: Թվերի էքստրապոլյացիայի պարագայում ձևավորվում է ավելի սահմռկեցուցիչ պատկեր: Ստացվում է, որ բյուջետային ծախսերի 100 տոկոսի ստուգման պարագայում պետական բյուջեի յուրացումներն ու վատնումները կկազմեին միջինը 200 միլիարդ դրամ կամ ավելի քան 500 միլիոն դոլար:
Սոցիալական ապահովության ոլորտում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 58.921 մահացած թոշակառու, որոնց անունով դուրս են գրվել եւ յուրացվել թոշակային վճարումներ: Միայն 2011թ. հունվար ամսին այս զտումների արդյունքում տնտեսվել է 1մլրդ 365մլնդրամ: Այս թիվը միջինացված (հաշվի առնելով կենսաթոշակների բարձրացումը) տարածելով երեք տարիների վրա՝ ստացվում է, որ պետական միջոցներից գոյություն չունեցող թոշակառուներին վճարվել, իսկ իրականում յուրացվել է շուրջ 40–45մլրդ դրամ:
Նույն Վերահսկիչ պալատի հաշվետվություններից կարելի է եզրակացնել, որ այս երևույթը կրում է համատարած բնույթ և չունի ոլորտային սահմանափակում: Այն ընդգրկում է վարկային ռեսուրսների օգտագործման, գնագոյացման, վարկավորման, մանկական խնամակալության, մշակույթի, գյուղատնտեսության և այլ ոլորտներ: Այս ամենը վերաբերում է կառավարության կողմից 2008-ից սկսած ժամանակաշրջանում մի քանի հարյուր միլիոն դոլարի վատնման եւ յուրացման պաշտոնապես բացահայտված փաստերին:
Փաստորեն Վերահսկիչ պալատի պրոֆեսիոնալ հաշվետվությունները ապացուցում են, որ երկրում տիրում է թալան, հանրային միջոցների համատարած հափշտակություն եւ ժողովրդի կեղեքում:
Բայց ամենաապշեցուցիչն այն է, որ այս խայտառակ եւ աղաղակող ապօրինությունների համար մինչեւ օրս ոչ մի պաշտոնատար անձ չի պատժվել կամ կրել քրեական պատասխանատվություն: Սա ապացուցում է, որ իրականում այս թալանը ամբողջությամբ արտոնված Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից: Բացահայտումները չեն ծառայել կոռուպցիայի վերացմանը, այլ միայն կատարվել են կոռուպցիոն համակարգում «կոմպրոմատների» միջոցով կառավարելիության ապահովման նպատակով:
Անգամ եթե Վերահսկիչ պալատը ծառայել է բացառապես թալանող թիմի քաղաքական լոյալությունը ապահովելու նպատակին, կարծում եմ ըննդիմությունը պետք է շնորհակալություն հայտնի Վերահսկիչ պալատին` այս չարաշահումները բացահայտելու հարցում:
Լևոն Զուրաբյան
12 սեպտեմբերի, 2012թ.
Ազգային Ժողով