Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պատասխանելով պատգամավորների ելույթներին, ասաց. «Ես չեմ պատասխանի այն բոլոր ասածներին, որոնք քաղաքական շահարկումներ են եւ բացարձակապես կապ չունեն այստեղ քննարկվող խնդրի հետ: Ես էլ եմ եղել պատգամավոր, գիտեմ, որ շատերն օգտագործում են ԱԺ-ի ամբիոնը՝ իրենց քաղաքական շահարկումների համար»:
Անցնելով բարձրացված հարցերին՝ պարոն Զաքարյանը նշեց. «Ֆինանսների նախարարը խոսեց, որ գնումները էլեկտրոնային է դարձել, թափանցիկ է, բայց այսօր մեր ստուգումների արդյունքում կան խախտումներ: Ինչքան ուզում ենք խոսել թափանցիկությունից, փաստը մնում է փաստ, որ խնդիր կա, մենք դա ենք արձանագրել: Մեր արդյունավետության վերաբերյալ մենք հեռու ենք այն մտքից, որ ամբողջ բյուջեի վերաբերյալ պետք է մենք հաշվետվություն տանք: Եթե որեւէ բան չենք գրել հաշվետվության մեջ, ուրեմն չենք տեսել այդ խնդիրը»:
Մինչ Իշխան Զաքարյանը բացատրություններ էր տալիս, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հավաքեց լրագրողներին ու ԱԺ միջանցքում հայտարարություն արեց՝ նա կմնա ԵԽԽՎ պատվիրակության կազմում, սակայն չի մասնակցի նիստերին, որովհետեւ Դավիթ Հարությունյանը Դոնթի բանաձեւով է առաջնորդվում եւ չի պատրաստվում հերթականությամբ հանձնաժողովներում ընդգրկել նաեւ ընդդիմությանը: Ըստ նրա՝ Դավիթ Հարությունյանը հաշվի չի առնում իրենց ոչ մի առաջարկություն, չի գնում կոմպրոմիսի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև