Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. սոցիալական խնդիրներ ունեցող գիտնականներին ճիշտ չէ Հայաստանում պահելը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2012 15:46

 Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ամփոփեց կոմիտեի անցած մեկ տարվա գործունեությունը:

Նա արձանագրեց, որ գիտական ծրագրերի ֆինանսավորման մրցույթների շրջանակում հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում իրականացված մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է 6, իսկ ռուսաստանյան հումանիտար գիտությունների հիմնադրամի հետ անցկացվող գիտական հետազոտությունների ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում՝ 4 ծրագիր:

«Մինչ տարեվերջ կոմիտեն նախատեսում է անցկացնել երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման գիտական թեմաների, բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարների տրամադրման եւ միջազգային մրցույթներ»,-հայտնեց Հարությունյանը:

Խոսելով արդեն ամփոփված ծրագրերից, նա ասաց, որ IRMAS հայ-ֆրանսիական լաբորատորիայի երկամյա գործունեության ընթացքում բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում եւ ժողովածուներում տպագրվել է 45 աշխատանք եւ միջազգային գիտաժողովների 40 թեզիս: Կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ բարձր մակարդակի վրա է դրվել գիտական կադրերի պատրաստման խնդիրը. «Համատեղ ասպիրանտուրայի ծրագրում վերգրավված է 6 ասպիրանտ, որոնցից երկուսը ատենախոսություն է պաշտպանել Հայաստանում՝ միաժամանակ ստանալով հայկական եւ ֆրանսիական գիտական աստիճանի դիպլոմ: Բացի այդ, իրագործվել է 35 փոխադարձ այցելություն՝ Հայաստանում եւ Ֆրանսիայում միջազգային գիտաժողովների մասնակցության եւ համատեղ գիտական աշխատանքների իրականացման համար»:

Անդրադառնալով «ՔԵՆԴԼ» նախագծին՝ Սամվել Հարությունյանը նշեց, որ «ՔԵՆԴԼ» գիտահետազոտական ինստիտուտում հունիսին կայացած փորձագիտական խորհրդի առաջին նիստի ժամանակ Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի առաջատար գիտնականների հետ քննարկվել են «ՔԵՆԴԼ»-ի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի հաջող իրականացման համար անհրաժեշտ քայլերը: Նշենք, որ AREAL-ն իրականացվում է Գերմանիայի եւ Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների հետ համատեղ, որոնք պատրաստ են ինստիտուտին տրամադրել սարքավորումներ:

Սամվել Հարությունյանը փաստեց, որ գիտության ոլորտում մինչ 2008թ.-ը բարեփոխումներ չեն իրականացվել. «Գիտության մասին օրենքը եւ բազմաթիվ կակոնակարգեր վերամշակման եւ փոփոխությունների կարիք ունեն: Վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում արձանագրեց ոլորտի բոլոր թերությունները, որոնց շտկմանն ուղղվեցին ԳՊԿ-ի քայլերը: Արդյունքում քննարկման է դրվել գիտության մասին նոր, ինչպես նաեւ՝ գիտական փորձաքննության մասին օրենքը: Կարեւոր էր ոլորտում անկախ փորձաքննության համակարգի ներդրումը»:

Հարությունյանի խոսքով՝ լուծվել է նաեւ թեմատիկ եւ բազային ծրագրերի կրկնության խնդիրը. «Նախկինում 710 մանր թեմաներից մնացել է 130-ը, որոնք լուրջ ֆինանսավորվում են: Ինչ վերաբերում է գիտության ֆինանսավորման ավելացմանը, 2013թ.-ին այն կաճի մեկ միլիարդով: Այն խնդիրը, որ գիտաշխատողների մի մասը ստանում է 40.000 դրամ, իր բացատրությունն ունի. բարձր աշխատավարձ ստանում են միայն որակյալ գիտնականները՝ 150-200.000 դրամ»:

Անդրադառնալով երիտասարդ գիտնականների արտահոսքին, ԳՊԿ նախագահը նշեց, որ գիտական ծրագրերի մասնակիցների երեսուն տոկոսը երիտասարդներ են. «Բայց դա բավարար չէ՝ նրանց արտասահման գնալուց ետ պահելու համար: Միաժամանակ, Հայաստանում նրանց պահելն էլ ճիշտ չէ, քանի որ գիտնականները սոցիալական խնդիրներ ունեն: Այդուհանդերձ, արտասահմանի վաստակաշատ երիտասարդ գիտնականները կներգրավվեն Հայաստանում անցկացվող գիտական աշխատանքներում»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930