Հասարակության շրջանում խուճապ է տիրում: Պատճառն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվում է տարբեր տարիքի տղամարդկանց հավաքագրում: Այսինքն՝ ծանուցումներ են ուղարկվում, որոնց միջոցով խնդրում են զինկոմիսարիատ ներկայանալ տարբեր տարիքի տղամարդկանց անգամ նրանց, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն:
Aravot.am-ը ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե նման հավաքագրումն արդյոք կապ ունի՞ հայ- ադրբեջանական հարաբերությունների վերջին շրջանում գրանցված լարվածության հետ: Պարոն Հովհաննիսյանը պարզաբանեց. «Զինապարտության մասին» օրենքում գրված է, թե մինչև քանի տարեկանն է անձնավորությունը զինապարտ: Երկու տարվա ծառայությունը զինապարտության ընդամենը մի մասն է կազմում: Ուստի մինչև զինապարտության տարիքի լրանալը՝ անձնավորությունը համարվում է զինապարտ և որպես պահեստազոր՝ կարող է մասնակցել այս կամ այն գործողություններին: Իսկ ներկայումս իրականացվող գործողությունները ՀՀ-ում վաղուց նոր բան չեն, մարդիկ կանչվում են, ինչ-որ բաներ են ճշտվում, մեկ կամ երկու օրով մասնակցում են այս կամ այն զորավարժությունների: Փաստորեն, կատարվող գործողությունները նորմալ և օրինաչափ են: Կանչվում են զորացրված զինվորներ, նախկին ազատամարտիկներ, որոնց փորձն ու հմտությունը կարևոր է մեզ համար: Մի կողմից իրենք իրենց փորձն են փոխանցում ժամանակավոր զինծառայողներին, մյուս կողմից յուրացնում ժամանակակից տեխնիկան: Ուստի խուճապ առաջացնելու որևէ բան չկա, և սա կապված չէ պատերազմի առավել վտանգավորության հանգամանքի հետ: Նման գործողություններ միշտ էլ եղել են»:
Պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հավաքագրումների այս գործընթացը կավարտվի հոկտեմբերի երկրորդ կեսին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ