Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննիչը դատական բժշկին հարցաքննելու անհրաժեշտություն չի ունեցել

Սեպտեմբեր 12,2012 15:26

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 12-ի նիստը, նախօրեի նիստի նման ուշացումով սկսվեց: Սեպտեմբերի 11-ին նիստը նախատեսվածից մեկուկես ժամ ուշացումով էր սկսվել, սեպտեմբերի 12-ը նիստը ` կես ժամ ուշացումով: Երկու դեպքում էլ պատճառը նույնն էր, ուղեկցող ոստիկանները ժամը 11-ին դատարան չէին բերել կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին:

Սեպտեմբերի 12-ի նիստում շարունակվում էր քրեական գործով քննիչ Լեւոն Պետրոսյանի հարցաքննությունը,շարունակում էր հարցեր տալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ , իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Նա քննիչին հարցրեց, թե ովքեր են Արտակ Նազարյանի մահից ոչ շատ առաջ եւ 6 ժամ առաջ ծեծել Նազարյանին, ինչպես են նրան պատճառվել վնասվածքները, որոնց վերաբերյալ իր փորձագիտական եզրակացության մեջ նշել է դատական բժիշկ Ադամյանը: Քննիչ Լեւոն Պետրոսյանը սկզբում հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 4-րդ կետին, նշեց, որ ինքը որպես քննիչ չի կարող վկա լինել, նաեւ ասաց, որ իրավունք ունի չպատասխանելու հարցերին:

Ռուբեն Մարտիրոսյանը բազմիցս քննիչին հարցրեց մահվանից քիչ առաջ եւ հուլիսի 27-ի գիշերը Նազարյանի ստացած վնասվածքների վերաբերյալ, թե ովքե՞ր են դրանք պատճառել: Քննիչն էլ պատասխանում էր, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է այն անձանց ցանկը, ովքեր Նազարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, որ ժամանակագրական առումով վերջին բռնությունը եղել է հուլիսի 27-ի գիշերը, ժամը 12-ի սահմաններում, երբ կապիտան Հ.Մանուկյանը ապտակել է Նազարյանին:

Ռ. Մարտիրոսյանի բազմաթիվ հարցերից եւ դատավոր Ս. Մարդանյանի պարզաբանում-հարցապնդումից հետո քննիչն ընդունեց, որ նախաքննությունը չի պարզել, թե Նազարյանի մահվանից ոչ շատ առաջ եւ 6 ժամ առաջ ինչպես են այդ վնասվածքները հասցվել Նազարյանին: Լեւոն Պետրոսյանն ասաց, որ Ա. Նազարյանի մարմնական վնասվածքներն անպայման չէ, որ լինեն ֆիզիկական բռնության հետեւանք, դրանք կարող էին լինել այլ պատճառներով, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված բութ առարկան կարող է լինել փայտ, քար եւ այլն:

Ռուբեն Մարտիրոսյանը հարցրեց, թե ինչու այդ կապակցությամբ քննիչը չի հարցաքննել փորձաքննություն կատարած դատական բժշկին: Լեւոն Պետրոսյանն ասաց, որ ինքը դրա անհրաժեշտությունը չի ունեցել: Իրավապաշտպանը քննիչին հարցրեց, թե նա զինծառայողերին հարցաքննելիս նրանց հարցրե՞լ է , թե ովքեր են Նազարյանի մահվանից ոչ շատ առաջ եւ 6 ժամ առաջ կամ այլ ժամանակ նրան վնասվածքներ հասցրել: Քննիչ Պետրոսյանը հարցին դրական պատասխանեց, Ռ. Մարտիրոսյանը նրան խնդրեց քրեական գործի հատորներում մատնացույց անել այդ տեղը:

Քննիչը դրա համար 10 րոպե ժամանակ խնդրեց: Այնուհետեւ քննիչը կարդաց 3 զինծառայողների հարցաքննության ցուցմունքներից հատվածներ, որտեղ ինքը նրանց հարցրել է Նազարյանի նկատմամբ կիրառված բռնություն վերաբերյալ; Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ այդ զինծառայողները Արտակ Նազարյանի մահվան օրը չեն գտնվել հենակետում, նրանք այդ հենակետի զինծառայողներ չեն: Մարտիրոսյանը հայտարարեց, որ նախաքննությունը կատարվել է միակողմանի եւ թերի, Արտակ Նազարյանի ծեծի վերաբերյալ չեն հարցաքննվել այն զինծառայողները, ովքեր կարող էին դա տեսնել եւ հարցաքննվել են նրանք, ովքեր հնարավորություն չունեին դա տեսնելու:

Քննիչի հարցաքննությունը կշարունակվի ընդմիջումից հետո:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930