Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը կդատակոչվի դատարան՝ նախկին պատգամավորների վեճի հետ կապված գործով

Սեպտեմբեր 12,2012 15:07

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարի տիրանալու համար:

Այսօր դատարան պետք է ներկայանար վկա Ավագ Հարությունյանը, սակայն դատավորը տեղեկացրեց, որ նա բացակայում է հանրապետությունից, իսկ այս գործով տուժող նախկին գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի ներկայացուցիչ Հրանտ Գեւորգյանն էլ, պարզվեց, թե տեղեկություն ունի, որ վկան արտերկրում հանգստանում է, ուստի դիմեց դատարան՝ հրապարակել վկայի ցուցմունքը: Սամսոն Ղազարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանն ասաց, որ չկար անձամբ վկայի դիմումը, ակնարկեց, որ դրանք «անուղղակի վկաներ» են եւ ցանկալի կլիներ, որպեսզի վկան ներկա գտնվեր՝ հարցեր տալու համար եւ դեմ էր վկայի ցուցմունքների հրապարակմանը:

Դատաքննության ընթացքում, երբ ցուցմունք տվեց տուժող Մեխակ Գաբրիելյանը եւ հետազոտվեցին գործում եղած ապացույցները, դատարանը որոշեց, որ հաջորդ դատական նիստին կհարցաքննվի ոչ միայն Ավագ Հարությունյանը, այլեւ Սամսոն Ղազարյանի եւ Մեխակ Գաբրիելյանի ընկերը՝ Շանթ Հարությունյանը:

Մեխակ Գաբրիելյանը ցուցմունք տվեց, որով հայտնեց, որ 2006թ. իրեն է դիմել Սամսոն Ղազարյանը՝ իմանալով, որ զբաղվում է գործարարությամբ, առաջարկել է որոշակի գումար՝ որոշակի տոկոսով: Նա ասաց, որ Սամսոնը իրեն խոսակցությունից հետո տվել է 120 հազար դոլար գումար, իսկ տոկոսները նախապես պայմանավորվել են 3,5%: Սկսած 2006-ի նոյեմբերի 16-ից, ամեն ամիս հանդիպել են եւ ինքը վճարել է $7200 գումար: Մ. Գաբրիելյանը հայտնեց, որ մայր գումարը ինքը մարել է, իսկ Ս. Ղազարյանն էլ հետագայում բարձրացրել է տոկոսի հավելավճարը, սկզբում 5%, ապա այն դարձնելով մինչեւ 10%:

Ի դեպ, Մ. Գաբրիելյանը հայտնեց, որ իրեն է զանգել Շանթ Հարությունյանը եւ ասել, որ Սամսոնը զանգել է իրեն եւ ուզում է հանդիպել Մեխակի հետ: Գաբրիելյանն ասաց, որ ինքը խուսափել է Սամսոնի հետ հանդիպելուց, քանի որ համաձայն չլինելով իրենից ավել գումար վերցնելու հետ, իրենց մեջ վեճ է եղել, որի ժամանակ Սամսոնն ասել է, որ դատի կտա իրեն:

Շանթ Հարությունյանի հետ կապված վկայության հետ (մենք էլ ենք զերծ մնում հրապարակել այն ամբողջությամբ, քանի որ վկան դեռ դատարան չի եկել) համաձայն չէր Սամսոն Ղազարյանը, որը ժամանակ խնդրեց Մ. Գաբրիելյանի վկայության հետ կապված հարցեր նախապատրաստելու համար:

Մ. Գաբրիելյանի քաղհայցվոր ճանաչվելու միջնորդությամբ հանդես եկավ նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Հրանտ Գեւորգյանը, որը պահանջեց Մ. Գաբրիելյանին հասցված առանձնապես խոշոր չափի վնասը վերականգնել, բռնագանձել Ս. Ղազարյանից 190.725 ԱՄՆ դոլար:

Ապացույցների հետազոտման փուլում երկու ուշագրավ ապացույցի հանդիպեցինք. նախ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի աշխատակազմի տված փաստաթղթի համաձայն, Սամսոն Ղազարյանը տիրապետում էր Արագածոտնի մարզի Երնջատափում տնամերձի եւ հողամասի, որի հետ կապ չուներ Սամսոն Ղազարյանը եւ երկրորդ, 1988թ. Սամսոն Ղազարյանը դատապարտվել էր ազատազրկման եւ ստորագրություն էր տվել չհեռանալու մասին, ինչը մինչ օրս «շարունակվում է»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 27-ին, ժամը 10-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930