Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Զախար Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին: Անվանի նկարիչը 1956թ. ավարտել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ակադեմիան: Նա այն եզակի արվեստագետներից է, ով աշակերտել է կերպարվեստի դեմքերին՝ Բորիս Իոգանսոնին, Ալեքսանդր Գերասիմովին, Զայցեւին եւ ուրիշ երեւելիների: Այս առիթով ցուցահանդեսի բացման ժամանակ մասնագետների կողմից հնչում էր հետեւյալ միտքը. «Խաչատրյանը իր ուսուցիչներից կարողացավ լրիվ ու անմնացորդ վերցնել այն գիտելիքները, ինչ կարող էր տալ Լենինգրադի հռչակավոր ակադեմիան»:
Նշենք, որ նկարիչը ժամանակին ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, 1942-ին զորակոչվել բանակ ու մինչեւ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը մասնակցել ռազմական գործողություններին՝ պարգեւատրվելով բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով:
Հայ նկարչի ստեղծագործական դիմանկարին բազմիցս անդրադարձել են նաեւ արտերկրի անվանի մասնագետները: Օրինակ՝ ակադեմիկոս Վալերի Ուշակովը գրում է. «Զախար Խաչատրյանը բազմապլան նկարիչ է, որն աշխատում է տարբեր ժանրերում: Նա ստեղծել է եկեղեցական-հոգեւոր սքանչելի պատկերներ, հոգեկան խոր բնութագրումներով դիմանկարներ, հագեցված գույներով ու հարուստ հորինվածքներով նատյուրմորտներ, լիրիկական բնանկարներ»:
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի խոսքերով էլ՝ «Խաչատրյանի ստեղծագործություններում այնքան ուրույն եւ ներդաշնակ համատեղվում են հայկական ազգային մշակույթի ավանդույթները եվրոպական դպրոցների նոր միտումների հետ: Բնությունը Զախարին տվել է մեծ պարգեւ՝ տեսնել բնության եւ իրերի իսկական գույները եւ այն տեղափոխել կտավի վրա՝ իր ուրույն տպավորություններով հարստացված»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ