Կամ կոչ արտաքին գործերի նախարարությանը
Ասում են՝ որոշ ուսանողներ ժամանակին որոշել են չարաճճի խաղ խաղալ իրենց հայտնի լեզվաբան դասախոսի հետ եւ հարցնում են՝ Պրոֆեսոր, ի՞նչ է նշանակում նոֆելետ եւ ի՞նչ ծագում ունի: Դե հայտնի պրոֆեսորը հո ցույց չէ՞ր տալու, որ անծանոթ է այդ բառին, եւ սկսում է, թե գիտեք այս բառը փոխառվել է հնագույն խուռիերենից եւ այլն, եւ այլն՝ առաջացնելով ուսանողների ծիծաղը. չէ՞ որ այդ բառը մոգոնվել է հենց իրենց կողմից՝ տելեֆոն բառն է՝ հակառակ կողմից: Եթե այս ամենը չարաճճի կատակ էր, ինչը ծիծաղ էր առաջացրել, ապա այսօր արդեն չարախնդրորեն ծիծաղում է թուրք-ադրբեջանցին՝ իր հնարած կուտը, երեւանյան խոսվածքով, մենք կուլ ենք տվել: Պարծենում ենք թուրքերի հնարած միֆով: Միֆ, որ թուրքերը ստեղծել են հայերին վարկաբեկելու, նաեւ իրենց ցեղասպանությունը արդարացնելու նպատակով: Կարծում եմ, որ մեր պատասխանատուները չեն հասկանում համաշխարհային զարգացման տենդենցները: Այսօր աշխարհում բոլոր որոշող երկրները կատեգորիկ մերժում են ահաբեկչությունը: Ահաբեկչության դեմ պայքարը Ռուսաստանի, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններն են: Թուրքերը դա հասկանում են եւ ամբողջ աշխարհով աղաղակում են իբր գոյություն ունեցող գաղտնի բանակի մասին, որի նպատակը իրենց դեմ «ահաբեկչական ակտ» իրականացնելն է: Չգիտեմ՝ գուցեեւ ժամանակին այդպիսի անվամբ ինչ-որ կազմակերպություն եղել է: Հայ ժողովուրդը անձնազոհ անհատների պակաս չի զգացել: Սակայն գաղտնի բանակ ¥այդ բառի ուղիղ նշանակությամբ¤ երբեք չի ունեցել: Բոլորս գիտենք ղարաբաղյան պատերազմի սփյուռքահայ հերոսներին: Բայց այդ ի՞նչ բանակ էր, որ չերեւաց ղարաբաղյան պատերազմում: Ի՞նչ զինամթերք ունի այդ բանակը, իր տանկերը, ինքնաթիռներն ու հրթիռները որտե՞ղ է պահում, որ աշխարհը չի գտնում: Միգուցե Թուրքիայի ռազմակայաններո՞ւմ: Պատահական չէ, որ ադրբեջանցի մարդասպան ոճրագործի հետ կապված առաջին լուրը գաղտնի բանակի մասին նախ հնչեց Թուրքիայում, ապա էստաֆետը սիրով վերցրեց Ադրբեջանը՝ թե հարայ հասեք, հայերի գաղտնի բանակը ահաբեկում է մեզ: Եվ որպեսզի իրենց միֆը ավելի արժանահավատ լինի, մոգոնում են երկրորդ սուտը. այս անգամ իբր հենց ԱՍԱԼԱ -ն է հայտարարում, թե մենք այդպիսի հայտարարություն չենք արել, բայց իմացեք, որ պատժելու ենք: Սակայն ամենազավեշտալին մերոնց արձագանքն է: Արտաքին քաղաքականության մեր պատասխանատուներից մեկը հայտարարում է՝ մենք այդ հաղորդագրություններին չենք հավատում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Որովհետեւ, ասում է մեր իմաստուն գործիչը, հաղորդագրության մեջ նշված է, որ թուրքերը 600000 հազար հայ են ցեղասպանել, մինչդեռ ցանկացած հայ գիտի, որ ցեղասպանվել են միլիոնուկեսը: Ահա այսպիսի ցնդաբանություն: Արտաքին գործերի հայոց նախարարությունը ամբողջ աշխարհով պիտի հայտարարություն անի, որ
1. Հայկական գաղտնի բանակ աշխարհում գոյություն չունի:
2. Այդ միֆը թուրքերի մոգոնած սուտն է՝ հայերին ահաբեկիչներ ներկայացնելու եւ կատարած ոճիրները արդարացնելու համար:
Կարդացեք նաև
3. Որ հայը մերժում է ցանկացած ահաբեկչություն, ով էլ կատարի եւ ում հանդեպ ուզում է լինի:
Անձամբ ես հանցագործ կհամարեմ նրան, ով քնած թուրքին կացնի տասնվեց հարված կհասցնի, առավել նրան, ով նրան կհերոսացնի:
ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆ
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ