Ասում են Երեւանում առաջին անգամ ցուցադրվող ռուս նկարիչները
Երեւանի պատմության պետական թանգարանում բացված «XOLST» ստեղծագործական միավորման մեջ ընդգրկված 7 ռուս գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը աշխուժություն է առաջացրել մասնագետների ու արվեստասերների շրջանում: «Առավոտի» հետ զրուցած գեղարվեստի ոլորտի մարդիկ նույնիսկ չհիշեցին, թե վերջին անգամ Երեւանում երբ են ցուցադրվել միանգամից մի քանի ռուս նկարիչների գործեր: Ցուցահանդեսի այցելուների ու մասնագետների խոսքերով էլ՝ առաջինը, որ աչքի է զարնում, դա գունային գամմայի պոռթկումն է, իսկ պրոֆեսիոնալ ու անկրկնելի աշխատանքներն էլ Սեզանից ու Կոնչալովսկուց եկող, Մոնի ու Վան Գոգի «միջով» անցնող, Ալեքսեյ ֆոն Կավլենսկու եւ Վասիլի Կանդինսկու ոճերին հարող գործեր են: Այս կարծիքը փոխանցելով «XOLST»-ի անդամներին՝ նրանք համաձայնեցին ու ասացին, որ թեեւ ազդված են նշյալ վարպետների աշխատանքներից, որի արդյունքում իրենց մոտ խառնվել է իմպրեսիոնիզմն ու ֆովիզմը, աբստրակցիոնիզմն ու էքսպրեսիոնիզմը, այնուամենայնիվ, իրենք ռուսական գեղարվեստի դպրոցի հետնորդներ են:
«Առավոտը» զրույցի հրավիրեց Ռուսաստանի մոսկովյան նկարիչների միության անդամ, «XOLST» ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավար Դմիտրի Խոլկինին: Նա իր ղեկավարած ստեղծագործական միավորման անվան հետ կապված՝ նշեց, որ կտավը մաքրության ու ազատության սիմվոլն է՝ ստեղծագործական ազատության ու որոնումների, հետո էլ ներկայացրեց միավորման անդամներին. «Ըստ էության, ես հանդիսանում եմ աղջիկների ուսուցիչը, քանի որ նրանցից ոչ բոլորն ունեն մասնագիտական կրթություն: Այսպես. Վիոլետա Գոլդինան պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է, Իրինա Կովալեւսկայան՝ քիմիկոս, Վիկտորյա Կուզմինան՝ փիլիսոփա, Ելենա Պավլովան՝ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միավորման անդամ, Եկատերինա Ռիկոտան՝ նկարիչ-արվեստաբան, Մարիաննա Չայկինան՝ նկարիչ-դիզայներ, Օլգա Շոյխետը՝ ինտերիերի դիզայներ»: Քանի որ արվեստագետի խառնվածքը արտացոլվում է աշխատանքներում, Խոլկինից խնդրեցինք հակիրճ ներկայացնել կին արվեստագետների աշխատանքների առանձնահատկությունները: «Ելենայի կտավները նուրբ են ու հուզիչ, Վիկտորյայինը՝ էքսպրեսիվ ու նպատակասլաց, Իրինայինը՝ ժամանակակից ու վստահ, Մարիաննայինը՝ միամտության հասնող անկեղծ, Եկատերինայինը՝ անսպասելի ու վառ, Օլգայինը՝ գայթակղիչ ու ոգեշնչող, Վիոլետայինն էլ՝ ժամանակակից ու հստակ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Նկարչուհիների խոսքն էլ իրենց ղեկավարի մասին հստակ էր ու կարճ. «Խոլկինի կտավներն արված են վիրտուոզ եւ բարձր տեխնիկայով»:
Դմիտրի Խոլկինն ու «իր» կանայք ասացին, որ «XOLST»-ում են ավելի քան մեկ տարի, ու թեեւ այդ ընթացքում ճամփորդել են համարյա ողջ Եվրոպայով, սակայն Հայաստանն իրենց հայտնի է դպրոցական տարիքից եւ, որ ամենակարեւորն է՝ անհատներով՝ Մարտիրոս Սարյանով, Արամ Խաչատրյանով, Սերգեյ Փարաջանովով, Ֆրունզիկ Մկրտչյանով եւ այլն: Հավելեցին նաեւ, որ ցանկացած երկրում «ցուցադրվելուց» հետո իրենց տպավորությունները տեղ են գտնում սեփական աշխատանքներում, որոնք ցուցադրվում են Մոսկվայում: Հետաքրքրությանը, թե դպրոցական դասերից Հայաստանի մասին այդ ի՞նչն է իրենց մոտ այդպես տպավորվել, բոլորը մեկ մարդու նման արտասանեցին. «ծՈ չՏՐպ ԸՐՈՐՈՑ ՐՈրՑպՑ ՍՐցտվօռ ՉՌվՏչՐՈՊ», մանրամասնելով, որ շատ ուսուցիչներ «ռ» տառը ճիշտ արտաբերելու համար հաճախ հանձնարարում են այս տողերը անգիր անել: Շեշտեցին նաեւ, թե՝ «Ձեր Արարատը հպարտ ու վեհ է երեւում հենց Հայաստանից: Ի դեպ, մենք Արարատը դիտում ենք իբրեւ Հայաստան»:
Ողջ տարին ճամփորդում են, անձնական կյանքի ժամանակ մնո՞ւմ է հարցին էլ զավակներ ունեցող նկարչուհիները պատասխանեցին. «Մենք արվեստով ենք անձնականում, եւ հակառակը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ