Այսօր էլ տեղական ու արտերկրի մամուլն ու ԶԼՄ-ները հեղեղված են հունգարա-ադրբեջանական մութ գործարքի եւ նրա հետեւանքների մեկնաբանությամբ: Չնայած հետեւանքները մեզ համար պարզ էին եւ սպասելի, այդուհանդերձ, տաք-տաք գլխով մեր պատասխան քայլերը լոլիկային մտածողությունից այն կողմ չեն անցնում: Ավելին՝ Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը մեզ հիշեցնում է տարիներ առաջ Վարուժան Կարապետյանին Հայաստանին վերադարձնելու գործը, ու մենք պատասխան չենք տալիս, այդ արգումենտը նվիրելով թուրքերին:
Նախ՝ Վարուժան Կարապետյանի գործն անհամեմատելի է Ռամիլ Սաֆարովի գործի հետ, քանզի Վարուժանը 25 տարի ամբողջությամբ կրեց պատիժը ֆրանսիական բերդում ու որպես պարկեշտ քաղաքացի՝ դուրս եկավ այնտեղից (նա ոստիկան չէր ծեծել, հոգեխախտ չէր խաղացել…), նա անձամբ ահաբեկություն չէր իրականացրել, այլ վերցրել էր դրա պատասխանատվությունը ու դեպքն էլ չէր կատարվել ՆԱՏՕ-ի խաղաղարարների համար կազմակերպած անգլերենի դասընթացների ժամանակ: Այս գործերի միջեւ զուգահեռներ անցկացնելն անտեղյակության նշան է, իսկ մենք լռության ենք մատնում կամ չլսելու տալիս, լավագույն դեպքում՝ կռվից հետո ընդամենը բռունցքներ ենք թափահարում: Իսկ ի՞նչ պետք է անեինք, որ չարեցինք ժամանակին, ինչո՞ւ ՆԱՏՕ-ին չդիմեցինք գրավոր բողոքով կամ առաջարկությամբ: Այս խոհերով փորձեցի զրուցել, ապրումներս կիսել հայտնի դրամատուրգ, լրագրող, հրապարակախոս, Արցախի ազատամարտում զգալի ավանդ ունեցող պատվախնդիր հայի՝ Լեւոն Մարգարյանի հետ:
– Ի՞նչ կասեք Հունգարիայի քայլի մասին:
Կարդացեք նաև
– Սա մեր անհետեւողականության, արտաքին քաղաքականություն չունենալու արդյունքն է, նախ՝ Հունգարիան թուրքի լամուկին դատել է որպես մարդասպանի ու սահմանել խստագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում, 30 տարի առանց ներման իրավունքի, մինչդեռ այս հանցագործը պետք է դատվեր ռազմական օրենսդրությամբ՝ մի քանի հոդվածներով, նաեւ մեր մյուս սպայի՝ Հայկի նկատմամբ իրականացրած մահափորձի համար, նրան ՆԱՏՕ-ն պետք է դատեր ու նա կգնար ռազմական տրիբունա եւ հարցը փակված կլիներ դեռ 2004թ., ահա այստեղ պետք է գործեր մեր արտաքին գործերի նախարարությունն ու մեր երկրի արտաքին գործերում առաջինը քաղաքականությունը ներկայացնողը՝ երկրի նախագահը: Դեռ այն ժամանակ մի հրապարակման մեջ նշել էի, որ Հայաստանը ոչ մի բանակցային սեղանի շուրջ չպետք է նստի, քանի Ադրբեջանը հրապարակավ ներողություն չի խնդրել Հայաստանից: Մի փոքր ինքնասիրություն էր պետք, որն էլ ինքնադրսեւորման շնորհք կտար:
– Գտնում եք, որ ԱԳՆ սխալներն աններելի ու շա՞տ են այս գործում:
– Այո, այս նախարարությունն ամենաշատ միջոցներն է մսխում ու ոչ մի արդյունք չկա, անգամ Անգլիայի օլիմպիական խաղերի ժամանակ չդրսեւորվեց, պետք է երկիր ու ժողովուրդ ներկայացներ, վերջապես մեր ժողովրդի երեք քառորդն այսօր դրսում է ապրում, սա մեծ արգումենտ է, իսկ Անգլիայում ապրող 2 մեծահարուստ հայերը չցանկացան օգնել Հայաստանին, նույնիսկ Շարլ Ազնավուրը եկավ Վրաստան ու չեկավ Հայաստան: Երկու օր մնաց Ախալցխայում, ու Սահակաշվիլին նրան ուղեկցում էր, իսկ մերո՞նք, մշակույթի նախարարը չի գնացել, գոնե մի պատվիրակություն լիներ… բայց Շարլ Ազնավուրը վիրավորված է Հայաստանից, եթե նեղացած չլիներ, նա 4 ժամվա ճանապարհը կանցներ… Ցավալի է, տգետներն եկան իշխանության գլուխ եւ ունենք այն, ինչ ունենք…
– Ձեր կարծիքով՝ մեր խաղաղարարները պետք է շարունակե՞ն մասնակցությունը ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառումներին:
– Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք, ուրեմն՝ ոչ:
– Սաֆարովի գործում այսօր ՆԱՏՕ-ն անելիք ունի՞:
– Այդ լամուկը ռազմական հանցագործ է, ինչպես նա, այնպես էլ լուսահոգի Գուրգեն Մարգարյանը գտնվում էին ՆԱՏՕ-ի իրավասության տակ, ՆԱՏՕ-ն պետք է պահանջի Ռ. Սաֆարովին Ադրբեջանից ու ռազմական տրիբունայի ներկայացնի, դատի… Այսօր լկտիացած Ադրբեջանը նրան չի թաքցնում, այլ հերոսացնում է միջազգային խոշոր հանցագործին ու թքած ունի միջազգային հանրության կարծիքի վրա: Աշխարհն աչք է փակում, մինչդեռ մենք կարող ենք բացել այդ աչքերը, մենք պետք է տեր լինենք մեր խնդրին, դեռ 2004թ. պետք է պահանջեինք, որ ՆԱՏՕ-ն պատասխան տա, որ չի ապահովել մեր քաղաքացու անվտանգությունը: Այժմ նրան հարցերն ուղղելու փոխարեն դիվանագիտական հարաբերություններն ենք խզում Հունգարիայի հետ…
– Իսկ մեր մյուս սպայի՝ Հայկ Մակուչյանի փրկման գործում ավանդ ունեցող լատիշ սպային մեր երկիրն արժանին մատուցե՞ց, պարգեւատրեցի՞ն, մեդալ շնորհեցի՞ն:
– Եթե զոհը ադրբեջանցի լիներ, նրանք լատիշին կհերոսացնեին… առիթ-անառիթ եթեր կտային ու մի անգամ եւս կխոսեին կատարվածի մասին… ահա այստեղ պետք է երեւար ԱԳՆ-ն:
– Գուցե հիմա էլ ուշ չէ:
– Անող է պետք, լոկ խնամի-բարեկամ-ծանոթներով լցված նախարարությունը հազիվ էլ անի: Մենք մեծանուն մարդկանց կորցրինք: Անշուք նշվեց Գոհար Գասպարյանի ու Սիլվա Կապուտիկյանի մահը, ռուսական ալիքները չարձագանքեցին, հաղորդումներ չտրվեցին, դա գալիս է նրանից, որ մենք չունենք արտաքին քաղաքականություն, ընդամենը մենք պետք է կարողանանք ներկայացնել մեր մեծերին: Երկու պատվարժան, մեծանուն կանայք չներկայացվեցին, քանզի նրանք Ռ. Քոչարյանին էին վերադարձրել պետական պարգեւները: Մեր արտաքին քաղաքականությունն երկու ոտքից է կաղում, դա շատ տխուր է, կրկնում եմ՝ մեր ծերացող երկրի սուղ բյուջեի փողերն է ծախսում: Սա երիտհայերի քաղաքականությունն է, որ ավերում է մեր երկիրը: Մեր անկախությունը պյուրոսյան հաղթանակին է նման, այն է՝ մ.թ.ա. 280-279թթ. Պյուրոս արքան պատերազմում էր Հռոմի դեմ, երկու ճակատամարտում հաղթում է ու ասում՝ «եւս այսպիսի մի հաղթանակ ու ես այլեւս բանակ չեմ ունենա»: Հիմա՝ եւս նման մի անկախություն, եւ մենք կկորցնենք մեր երկիրը:
– Այդ դեպքում ո՞րն է ելքը:
– Հին Հռոմում, երբ երկիրը հայտնվում էր ծանր վիճակում, նշանակում էին դիկտատոր, որոնց տալիս էին բոլոր լիազորությունները մեկ տարով, ինչից հետո նա հաշվետվություն էր ներկայացնում: Նա պետք է ոտքի հաներ երկիրը: Նույն բանը եղավ մեզ մոտ. 1918թ. Արամ Մանուկյանը դիկտատոր հռչակվեց ու կարճ ժամանակամիջոցում երկիրը մաքրեց մաուզերիստներից: Ափսոս, որ վաղ վախճանվեց համաճարակից:
– Դիկտատո՞ր է պետք 21-րդ դարում:
– Ժամանակները միշտ էլ նույնն են, ընդամենը պետք է վերջ դնել խծբ-ների՝ բարձր պաշտոններում հայտնվելուն, մի քիչ ազնիվ է պետք լինել ու ասպարեզ բերել խելացիներին. Ջիվանու խոսքերով՝ խելացի մարդիկ մի կողմ են քշված, ասպարեզը համբակներուն են տված, խելքի աշեցեք: Իմիջիայլոց, լավ կլիներ՝ մեր հիմնը լիներ «Խելքի աշեցեքը»:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
Հ. Գ. Անշուշտ, չունենք արտաքին քաղաքականություն, այլապես Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին ՖԻԴԵ-ն չէր որոշի, որ ոչ միայն 2015թ. աշխարհի գավաթի խաղերն անցկացվեն Բաքվում, այլեւ՝ նրան տան 2016թ. Համաշխարհային օլիմպիադայի կազմակերպման իրավունքը: Ինչպե՞ս է ստացվում, որ 2010թ. Հայաստանի հավաքականն անընդմեջ երեք հաղթանակ է տոնում Օլիմպիադայում, իսկ հերթականի կազմակերպման իրավունքը Բաքվին են տալիս: Այս խնդիրը մի՞թե չի անհանգստացնում մերոնց:
«Առավոտ» օրաթերթ