Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Պարոն Զաքարյան, ժողովուրդը ձեզ եւ ձեր հիմնարկին 859 մլն դրամ է վճարում, որ պատշաճ հաշվետվություն տաք»

Սեպտեմբեր 12,2012 14:05

«Վերահսկիչ պալատն ունի կայք: Վերահսկիչ պալատի նախագահը ԱԺ է եկել այս չարաբաստիկ լուրը ռասկրուտկա անելու»,- այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունն այսպես քննադատեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը,- «ներկայացվել է 13 էջանոց մի թուղթ, նման հաշվետվություն կարող է ներկայացնել Հայաստանի հասարակության 70 տոկոսը: Բոլորն էլ գիտեն, որ անորակ շինաշխատանքներ են լինում, որ ոչ համապատասխան մարդիկ ընդգրկվում են նպաստառուների ցանկում: Նման ընդհանուր բնույթի տեղեկություններով ՀՀ քաղաքացուն չես զարմացնի: Դրանց մասին մենք բոլորս էլ գիտենք՝ առանց իրեն: Իսկ թե ինչպիսին պետք է լիներ ՎՊ հաշվետվությունը՝ իրականում պետք է նշեին անորակ շինարարություն իրականացրած ընկերությունների անունները, այն կազմակերպության անունը, որը մրցույթ է անցկացրել: Մինչդեռ Վերահսկիչ պալատի նախագահը ԱԺ ամբիոնից իրենց կայքն է գովազդում: Ժողովուրդն իր փնթի եւ կոռումպացված չինովնիկների անունները պետք է լսի, ինչու այսօրինակ կոնկրետություն չկա հաշվետվության մեջ: Պարոն Զաքարյանն ասաց, որ այդ դեպքում հաշվետվությունը կդառնար հաստափոր գիրք, որ խնայել է պատգամավորներին, որ պատգամավորները չտխրեն»:

Երեկ Իշխան Զաքարյանից պատգամավորները պահանջում էին առավել մանրամասն տեղեկություններ, անուններ, թվեր, ինչին ի պատասխան՝ պարոն Զաքարյանը նշել էր, որ այդ ամբողջը տեղադրված է կայքում, ցանկացած քաղաքացի կարող է մտնել, տեղեկանալ:

Նիկոլ Փաշինյանը, հետեւելով խորհրդին՝ այցելել է Վերահսկիչ պալատի կայքը, բայց դժգոհ է մնացել: Նա ներկայացրեց մի քանի նյութերի վերնագրեր՝ «ՎՊ նախագահը կմեկնի Ղրղզստան, ընդունել է դեկտեմբերին սրան-նրան: Հարկ չի համարել նույնսիկ ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղադրվի կայքում, ՎՊ ղեկավարի ճանապարհորդությունների մասին տասնյակ տեղեկություններ կան: Կարծում էի Վերահսկիչ պալատի կայքում հնարավոր է գտնել անպարտաճանաչ չինովնիկների ցանկ՝ չգտա: Պարոն Զաքարյան, ՀՀ ժողովուրդը ձեզ եւ ձեր հիմնարկին 859 մլն եւ ավելի դրամ է վճարում, որ պատշաճ հաշվետվություն տաք, ոչ թե նման բովանդակությամբ: Պատասխաններ Իշխան Զաքարյանը չունի, չկա, թե քանի մեղադրական դատավճիռներ են կայացվել՝ ՎՊ-ի բացահայտումների, աղաղակող խախտումների հետ կապված: Նա երեկ չպատասխանեց նաեւ, թե ինչպես է ընթացել իր շքեղ առանձնատան շինարարությունը, սա նշանակում է, որ հենց ինքը վերահսկողության կարիք ունի»: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ առջեւում նախագահական ընտրություններ են, սոցիալական, մյուս ոլորտներում առկա խախտումների հետեւում կանգնած են նրանք, որոնք փետրվարին պետք  է «արդար» ընտրություններ անցկացնեն, իսկ Սերժ Սարգսյանը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ վստահեցրեց, որ լուրջ առաջընթաց կա՝ նախորդ տարիների համեմատ եւ վերահսկողությունն առավել խստացվել է: Նրա խոսքերով՝ «Սոցիալական ոլորտում առաջին խնդիրներն առաջացան, երբ կառավարությունը որոշեց Երեւան քաղաքում ավելացնել ծառայության կետերը, որոնք կենսաթոշակ են բաժանում: Որակական լավ փոփոխություններ են եղել, դա չի նշանակում, թե թերացումները բացառվում են, բայց որակական առումով կարող ենք ասել, որ այսօր ամբողջովին այլ մակարդակ է: Գնումների համակարգում կան բազմաթիվ թերություններ, աղաղակող փաստեր: Այս երեւույթների ուղղությամբ պետք է հետեւողական աշխատանք տարվի: Էլեկտրոնային գնումների համակարգ է ներդրվել, 2012-ին արդեն ՊՆ-ն գնումների որոշակի մաս ապագաղտնիացրել է եւ կրկին մրցույթները տեղի են ունենում բաց, թափանցիկ, հասու է հանրությանը: Սրանք էապես, կարեւոր եւ գործուն քայլեր են, որոնք կառավարությունը հետեւողական իրականացնում է: Պետք է կենտրոնանալ երկու կարեւոր ոլորտների վրա, որտեղ խնդիրներն առավել շատ են՝ գնումների նաեւ շինարարական եւ սոցիալական ոլորտին: Նպաստների համակարգում էական ստուգումներ են իրականացվել: Սոցապ նախարարությունը էապես խստացրել է հսկողական մեխանիզմները»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ համոզիչ չէ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը. «Նշված է խեղճուկրակ Ճամբարակի մասին, բայց Երեւանի կենտրոնում նույն կադաստրը քարակույտի է վերածել, այդ մասին ոչ մի խոսք չկա: Այդ շորթումները անհասցե են, խախտումները անհասցե են, ավելի լավ է դրանց մասին չգրվի, կոնկրետություն է պետք»: Պարոն Հակոբյանը եւս մեկ անգամ ելույթում հիշեցրեց, որ անհրաժեշտ է ձեւավորել հակակոռուպցիոն հանձնաժողով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930