Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կոնյակը կեղծելը բարձր ատյաններում համաձայնեցված է

Սեպտեմբեր 12,2012 14:01

Կեղծ կոնյակի եւ հայ առաջին օղի թորողների գաղտնիքները բացում է գինեգործ Ավագ Հարությունյանը

Եթե աշխարհում լավագույն օղիներն արտադրվում են հյուսիսային եվրոպական երկրներում, դա դեռ չի նշանակում, որ օղու հայրենիքն էլ է այնտեղ: Իրականում առաջին օղի թորողները հայերն են եղել, եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ այսօր, ըստ վիճակագրական տվյալների, հայերն օղի ավելի շատ են օգտագործում, քան գինի կամ կոնյակ: Երեկ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը վստահեցրեց, որ այս տարվա առաջին կիսամյակում հայերն ուղիղ 3.2 անգամ ավելի շատ են օղի խմել, քան անցած տարվա նույն կիսամյակում, եւ մոտ 44%-ով պակաս գինի. «Հայերն իրենց արմատներին են վերադառնում»: Ընդ որում, ինչպես վստահեցրեց պարոն Հարությունյանը, հայերն ավելի շատ էժանագին օղի են օգտագործում, իսկ օրերս էլ հանրապետության գլխավոր հոգեբույժը վստահեցրել էր, որ մեզանում շատ տարածված է կենցաղային հարբեցողությունը:

Օղու «գյուտն» իրենց վերագրող ազգերը պետք է հնագույն արձանագրություններ կարդան, որտեղ, ըստ պարոն Հարությունյանի, օղու մասին առաջին հիշատակումները վերաբերել են հայկական լեռնաշխարհին. «Օղու հայրենիքը Հայաստանն է, համենայնդեպս՝ ինձ հայտնի առաջին արձանագրությունները վերաբերում են հայկական լեռնաշխարհին: Այսինքն՝ օղին եղել է Ուրարտուից երեւի 500 տարի առաջ»:

Օղու հետ հայերի դարավոր «կապվածությունն ու կախվածությունը» եւ գինի քիչ օգտագործելը պարոն Հարությունյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Օղու մասին հին սեպագրերում եւ ձեռագրերում ասվում է, որ օղին Աստվածների եւ թագավորների խմիչք է, եւ հասարակ մահկանացուները չպետք է խմեն: Դա մտավ նաեւ Իսլամ ու մնաց մինչեւ 13-17-րդ դար: Հետո, իհարկե, Իսլամը արգելք դրեց օղու եւ գինու վրա: Բայց օղին միշտ եղել է քաղաքական խմիչք, օղին միշտ լուծել է քաղաքական խնդիրներ, եւ միշտ օգտագործել են այն երկրները, որտեղ ներքին իրավիճակը լարված է եղել եւ ծայրահեղ աղքատ երկիր է եղել: Օղու միջոցով լուծվել են շատ լուրջ ներպետական եւ միջպետական խնդիրներ: Գինուց հրաժարվեցինք 15-րդ դարում, Իսլամն այստեղ իշխեց եւ արգելեց»: Հետո օղին իր դիրքերը Հայաստանում ամրապնդեց Ռուսաստանի հետ ստեղծված կապի շնորհիվ: Ավագ Հարությանյանի պատմելով՝ «Ցարական Ռուսաստանն ասաց՝ հայե՛ր, ավելի լավ է՝ դուք օղի արտադրեք, որովհետեւ ձեզ մոտ ունեք ռուսական մեծ կոնտինգենտ, ձեզ մոտ օղին շատ լավ կսպառվի, եւ օղու տեխնոլոգիան մտավ Հայաստան: Հետո փոխվեց կոնյակի, որովհետեւ օղուց կոնյակ կես քայլ է»: Իսկ խորհրդային տարիներին, ըստ գինեգործի, օղու հանդեպ հայկական յուրահատուկ սերն է՛լ ավելի խորացավ. «Կոնյակն ու օղին ստվերային շատ մեծ բաղադրիչ են պարունակում: Խորհրդային տարիներին կոնյակի եւ օղու ստվերային այդ բաղադրիչը հասնում էր տարեկան 300 միլիոն ռուբլու, եւ քանի որ Հայաստանը շատ է սիրում փող աշխատել, ամբողջությամբ նվիրվեց այդ գործին: Կարող եմ ասել, որ գինու արտադրությունում 96%-ը բաժին էր ընկնում պորտֆեյնին եւ՝ ոչ որակյալ: Սա է պատճառը, որ մեր ժողովրդին վերջին 150 տարիներին զրկել են լավ գինի ունենալուց, եւ դրա պատճառով սկսել են օղի օգտագործել: Պատմական հիմքերը շատ մեծ են: Սրան էլ գումարած այն, որ հայրենական պատերազմից վերադարձան 600 հազար երիտասարդ ու միջին տարիքի հայ տղամարդիկ, որոնք 5 տարի դաստիարակվել էին 50 գրամ օղու վրա, իրենք օղու մշակույթ մտցրեցին՝ սկսեցին տոտալ օղի արտադրել»:

Հայերը, որպես «մոլի» օղի օգտագործողներ, միջազգային ասպարեզում այնքան էլ հայտնի չեն, ինչպես օրինակ՝ ռուսներն ու ֆինները. սրա պատճառը թերեւս այն է, որ Հայաստանը հայտնի է որպես լավ կոնյակ արտադրող երկիր, եւ հավանաբար շատերը մտածում են, որ հայերը կոնյակը գերադասում են օղուց: Սակայն պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ կոնյակ խմելու մշակույթն էլ չկա Հայաստանում:

Վերջերս էլ որոշ մասնագետներ ահազանգում են, որ անորակ եւ կեղծ կոնյակ արտադրողները հայկական կոնյակի անունը գցում են միջազգային շուկայում:

«Առավոտը» պարոն Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարելի է սրա դեմն առնել: Գինեգործի ներկայացմամբ՝ «Հայկական կոնյակ» բրենդն արդեն վարկաբեկված է, եւ այս գործընթացը տասնամյակներ առաջ է սկսվել. «Ընդհանրապես, կոնյակի արտահանումը քաղաքական պրոցես է, տնտեսական պրոցես չէ, շատ լուրջ բան եմ ասում ձեզ, դա հիմնված է Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների եւ այդ հարաբերություններից ծագող արդար եւ անարդար պրոցեսների վրա: Հիմա այն իրադրությունն է, ինչը որ կար 2005 թվականին՝ Վրաստան-Ռուսաստան գինու սեգմենտում: Եթե այստեղ կոնյակի անբարեխիղճ արտադրողներ կան, իսկ այդպիսինները կան, ապա այդ անբարեխղճությունը փոխադարձ պայմանավորվածության արդյունք է: Ռուսաստանում մինչեւ խանութի վաճառողը տեղյակ է այն պրոցեսներին, որ կնքում են ներմուծողն ու արտահանողը, որովհետեւ նույն փողերն են, խաբվում է միայն սպառողը: Չնայած չեմ էլ կարծում, որ սպառողը խաբվում է, որովհետեւ տեսնում է 200-250 (մոտ 3000 դրամ) ռուբլիանոց կոնյակ: Պատկերացնո՞ւմ եք, հայ արտադրողներ կան, որ այսօր Ռուսաստանում վաճառում են 200 ռուբլիանոց կոնյակ՝ մանրածախում, ցնդել կարելի է: Սա նշանակում է, որ սպառողն էլ գիտակցում է, որ դա այն չէ: Ուզում եմ ասել, որ բոլոր օղակները համաձայնեցված են՝ գործընկերներով ու պետական շատ բարձր ատյաններում այդ մասին գիտեն, սա շատ լուրջ վնասել է մեր բրենդին, այս պրոցեսը գալիս է 80-ականներից: 90-ականներին՝ մինչեւ «Պեռնո Ռիկարի» հայտնվելը, հայկական շուկայում տոտալ կեղծվում էր հայկական կոնյակը՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում, 90%-ով կեղծվում էր: Ռուսաստանում վաճառվում էր մի քանի անգամ շատ կոնյակ, քան արտադրվում էր Հայաստանում: 98-2000 թվականներին «Պեռնո Ռիկարը» եկավ, Ռուսաստանում վաճառվեց մոտավորապես 50% ավելի կոնյակ, քան արտադրում էր Հայաստանը: Իսկ 2005-ին դա կանգնեց, եւ կեղծիքը կատարվեց միայն Հայաստանում: Իսկ այսօր եթե կեղծվում է, Անիշչենկոն (Ռուսաստանի գլխավոր սանիտար-բժիշկը) շատ լավ տեղյակ է, բոլորն էլ գիտեն: Այն պահին, երբ մենք ասենք՝ ռուսներն այլեւս մեր բարեկամները չեն, կպարզվի, որ մենք ռուսական շուկայում շատ մեծ քանակությամբ կեղծ կոնյակ ունենք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930