Կուսակցությունը որոշել է նախագահական ընտրություններում չսատարել նրանց, ովքեր ցանկանում են «վերադառնալ իշխանության եւ իշխանության ժամանակ չտարածը փորձեն այսօր տանել»:
«Հնարավոր համարում եմ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը, ինչպես նաեւ «Ժառանգությունից» այն կուսակցականների առաջադրումը, ովքեր համապատասխանում են ՀՀ Սահմանադրության առաջադրած պահանջներին, եւ ովքեր հանրահայտ են, ընդունելի հանրության կողմից»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը չվերցնելու մասին հայտարարությանը՝ ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մեր զրուցակիցը հաստատեց, որ մանդատը չվերցնելու՝ կուսակցական առաջնորդի քայլը պայմանավորված է առաջիկա նախագահական ընտրություններով: Կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի թեկնածու, թե ոչ՝ պարոն Մարտիրոսյանը դժվարացավ միանշանակ ասել. «Իմ, ինչպես նաեւ շատ կուսակցականների կարծիքով՝ ամենալավ թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, բայց սա նաեւ անձնական որոշելիք խնդիր է, եւ կարծում եմ՝ մինչեւ սեպտեմբերի վերջը իր հրապարակային խոսքը կլսենք եւ կիմանանք իր մտադրությունների մասին»: «Առավոտի» հարցին՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն, այնուհանդերձ, որոշի չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում, ո՞վ է լինելու «Ժառանգության» թեկնածուն, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ժառանգությունը» թեկնածու կունենա: Թե ով՝ արդեն կքննարկենք»: Թե ովքեր են հիմնական հավակնորդները կամ հավանական այլընտրանքները՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Քննարկելու խնդիր է: Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը երկրորդ կարծիք չի թողնում, մենք կսպասենք իր խոսքին: Նրա հրապարակային խոսքում արդեն շատ փակագծեր կբացվեն, եւ ամեն ինչ պարզ կդառնա»: Թե ինչ հանգամանքներում է հնարավոր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի կամ հրաժարվի առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ կուսակցության փոխնախագահը դժվարացավ ասել: Միայն նշեց. «Միանշանակ որոշված է, որ «Ժառանգությունը», անկախ ամեն ինչից, մասնակցելու է նախագահական ընտրություններին՝ սեփական թեկնածուով»:
Արմեն Մարտիրոսյանը գրեթե բացառում է իրավիճակային այնպիսի փոփոխությունները, որոնք կազդեն կուսակցության որոշման վրա. «Այս հինգ տարիների ընթացքում ես քաղաքական դաշտում շատ հարվածներ կերա, շատ թրծվեցի, եւ ինձ համար շատ պարզ, ակնհայտ իրավիճակներ կան, թե՝ ո՞վ, ինչի՞ համար եւ ի՞նչ է ուզում: Ես միանշանակ կարող եմ ասել, թե «Ժառանգությունն» ինչ է ուզում, եւ դա, որպես թեկնածու, պետք է կյանքի կոչի Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ կուսակցության եւ իր տեսակետները նույնն են: Դրանք արմատական բարեփոխումներն են՝ վարչապետական հանրապետություն, ազատ տնտեսական մրցակցային հարաբերությունների հաստատում, ընդդիմությանը լայն, վերահսկողական բնույթի լիազորություններ, ԼՂՀ ճանաչում, հայ-թուրքական արձանագրություններից հայկական ստորագրությունների ետկանչ եւ այլն: Քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ կան, որոնք, ես համոզված եմ, ընդամենը ռեւանշի խնդիր են լուծում, արժեքային ոչ մի փոփոխություն չեն ցանկանում իրականացնել: Ես նկատի ունեմ այն անձանց, ովքեր այսօր շատ բարձր գոռում են ժողովրդավարության մասին, մինչդեռ իրենց իշխանության ժամանակ իրենք ամեն ինչ արել են, որպեսզի ժողովրդավարությունը մահանա: Այն անձինք, ովքեր այսօր գոռում են տնտեսության ազատականացման, թալանի մասին, իրենք բարձրաստիճան անձինք էին տնտեսական ոլորտում, եւ իրենց ժամանակ տեղի ունեցավ վայրի սեփականաշնորհում, պետական ունեցվածքի թալան, դրանք մի քանի խմբերի ձեռքին կուտակում, ժողովրդի աղքատացում: Նկատի ունեմ այն մարդկանց, որոնք ընդամենը ցանկանում են նորից վերադառնալ իշխանության եւ իշխանության ժամանակ չտարածը փորձեն այսօր տանել: Բնականաբար, մենք այլեւս այդպիսի գործիչների աջակցություն չենք հայտնելու եւ իսկապես գնալու ենք իրական, բովանդակային բարեփոխումների ուղղությամբ: Այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնց համար առաջնային են բովանդակային քայլերը եւ ոչ բարձրագոչ խոսքերը, նրանց հետ կհամագործակցենք»:
Կարդացեք նաև
Ընդդիմության միասնական թեկնածու ունենալու հնարավորությունները ներկայիս իրավիճակում մեր զրուցակիցը բացառում է, քանի որ խորհրդարանում իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը կարծես թե տարբեր ճանապարհներով են գնում: Սակայն նկատի ունենալով ընտրություններից 10-15 օր առաջ միավորվելու 1996-ի եւ վերջին տարիների փորձը՝ ոչինչ չի բացառում: «Ժառանգությունում» մի բան հստակ են որոշել. «Ժառանգությունն» այլեւս չի սպասարկելու այլոց: Բացառապես բովանդակային հարցերի շուրջ ենք համագործակցելու, քանի որ այն, ինչ որ տեղի է ունեցել մինչ օրս, որ «Ժառանգությունը» նույնիսկ իր կուսակցական շահի հաշվին սպասարկեց այլ կուսակցությունների շահը, ընդդիմադիր դաշտի գործընկերների կողմից չգնահատվեց: Մենք ընդունում ենք, որ սխալ ենք եղել՝ չմասնակցելով Երեւանի ավագանու ընտրություններին: Այլեւս այդ քաղաքականությունը չենք իրականացնելու: Եթե ազնիվ մղումներ ունեն, կարող են այս անգամ էլ իրենք «Ժառանգության» թեկնածուին սատարել, օգնել: Առավել եւս, որ բացառապես բովանդակային քայլեր ենք առաջարկելու: Ես տեսնում եմ, որ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս կարող են թեկնածուներ ունենալ: Ես դա ողբերգություն չեմ համարում. նորմալ է նաեւ քաղաքական առումով: Առավել եւս, կարծում եմ, որ ընդդիմադիր այլ ուժերի կողմից առաջադրված թեկնածուները «Ժառանգության» թեկնածուին եւ «Ժառանգության» պայքարին չեն խանգարելու»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ