Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակցականի պատվիրատուները նրան անտեր թողեցին»

Սեպտեմբեր 12,2012 13:57

 Ասում է Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի պետը

Չնայած ՏԻՄ ընտրություններն արդեն ավարտված են, հայտնի է Գյումրու նոր քաղաքապետի անունը, սակայն թեկնածուների միջեւ լեզվակռիվը դեռ շարունակվում է: ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը, ով ստացել էր 10 հազար 281 ձայն, նախորդ օրը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի սեղմի Սամվել Բալասանյանի ձեռքը ու նրան չի շնորհավորի, քանի որ վերջինս ոչ թե ընտրվեց, այլ նշանակվեց: Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի պետ, Շիրակի նախկին փոխմարզպետ Ռուբեն Սանոյանն էլ երեկ նրան այսպես հակադարձեց. «Եթե Հովսեփ Սիմոնյանը գիտեր, որ քաղաքապետը նշանակված էր, ինչո՞ւ էր մտել ընտրապայքարի մեջ, իհարկե՝ չեմ ուզում վիրավորել նրան, բայց եթե 27 հազար 500 ընտրող, այսինքն՝ մասնակիցների 65 տոկոսը ձայն է տվել Սամվել Բալասանյանին, եթե ինքը չի հասկանում, որ 27 հազար 500 մարդ եկել էին ընտրելու Բալասանյանին, ուրեմն ինքը նույնիսկ իրավունք չուներ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու: Պատվիրատուները իրեն գցեցին վերջին պահին, եւ ինքը էյֆորիաների մեջ է, մինչեւ հիմա դուրս չի գալիս, նրան լուրջ բուժում է պետք՝ էս սթրեսից դուրս գալու համար: Ես խորհուրդ կտայի նրան գնար բուժվեր, ես առաջ իրեն լուրջ մարդու տեղ էի դրել, եթե բուժվի, գա, կարո՞ղ է վերադառնալ իր նախկին դիրքին, տեսքին՝ չեմ կարող ասել:

Հովսեփ Սիմոնյանը հարցազրույց է տալիս ու հայտարարում. «Եթե «Բարգավաճը» աղբատար է տալիս Գյումրիին, թող մի հատը պահի՝ Գյումրիից իր աղբը դուրս տանի»: Էդ իր ասած աղբատարը պահած է, Դաշնակցությանն էլ կոչ եմ անում՝ արդեն աղբը տանելու ժամանակն է»: Ռուբեն Սանոյանի ասելով՝ Հովսեփ Սիմոնյանը այնքան անկարող մարդ էր, որ ունենալով տարբեր կուսակցությունների ու քաղաքի տարբեր կլանների աջակցությունը՝ հավաքեց ընդամենը 10 հազար ձայն: «Վերջը նա ֆինանսիստ է, եթե այդ ձայները բաժանի իրեն սատարող կլանների մեջ, երեւի ես չգիտեմ՝ 100 ձայն էլ չունենա, էնպես որ՝ թող էդ կլաններն էլ իմանան, Սիմոն Հովսեփյանն էլ իմանա՝ ես գյումրեցի եմ ու գիտեմ Գյումրին, իսկ ինքը իր Լեռնակերտ գյուղում արդեն իսկ ավագանի չի կարող անցնել, առաջ կարող էին նրան ընդունել, բոլորին հիասթափեցրեց ինքը: Նա մի արտահայտություն էլ էր արել, թե՝ եթե այսպես շարունակվի, էստեղ կմնանք մենք մեր ընտանիքներով, բոլորը կարտագաղթեն: Ճիշտ է ասել՝ մենք մեր ընտանիքներով կմնանք, հաստատ թող համոզված լինի, բայց ինքը հաստատ չի մնա, ինքը այստեղ անելիք չունի, մենակ թողնես դեմքին վշտալի արտահայտություն տված ման գա, ինքը վերջապես պետք է հասկանա, որ ժողովուրդը իրեն չի ընդունում»,- ասաց Ռուբեն Սանոյանը: Ըստ մեր զրուցակցի՝ թեեւ Գյումրիում շատերը աշխատեցին Սամվել Բալասանյանի դեմ, սակայն նա հաղթեց: «Հովսեփ Սիմոնյանի միջոցով էս ջրերը պղտորեցին մարդիկ, որոնք էսօր իրեն անտեր են թողել: Ինքը մեղք է ուղղակի, որովհետեւ էսօր իրեն տեր լինող չկա: Էլի եմ կրկնում. թող էդ 10 հազար ձայնը բաժանեն կլանների մեջ, թող Սիմոնը տեսնի՝ իրեն ինչքան կմնա, նոր ելնի ամպագոռգոռ հայտարարություններ անի: Ողջախոհության կոչ եմ անում իրեն, այդպես չի կարելի»,- ասում է Ս. Բալասանյանի նախընտրական շտաբի պետը:

Ըստ Ռուբեն Սանոյանի՝ ընտրությունները, չնայած որոշակի թերություններին, թերեւս առաջին անգամ անցան քաղաքակիրթ ու նորմալ պայմաններում: ՀՅԴ-ական թեկնածուի այն քննադատությանն էլ, թե Սամվել Բալասանյանը կեսօրից հետո ընտրակաշառք է բաժանել, մարդկանց ցուցակագրել ու գազելներ է լցրել՝ շահագրգռելով քվեարկել իր օգտին, Ռուբեն Սանոյանն այսպես է արձագանքում. «Ավագանիների մասին չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ տարբեր կուսակցություններից ինքնաառաջադրվածներ կային, ուղղակի քաղաքապետի մասով ասեմ. ամբողջ Գյումրու ժողովուրդը տեսավ, որ առաջին անգամ մեր քաղաքում ընտրություններն անցան առանց ընտրակաշառքի, սա ոչ մեկը չի կարող հակադարձել: Հանրությունը աչք ունի, տեսավ, էնպես որ՝ իմ մեկնաբանությամբ չի որոշվում: Սա բոլորը գիտեն, էստեղ խնդիր չկա»: Մեր այն հարցին էլ՝ որեւէ խախտում ձեր շտաբը գրանցե՞լ է, պարոն Սանոյանն ասաց. «Ընդհանուր առմամբ եղել են խախտումներ, որոնք լրատվամիջոցներով մեկնաբանվել են, բայց ասեմ, որ մանր-մունր բաներ են եղել, եւ մեր շտաբի կողմից լուրջ ուշադրության չարժանացան, չարժե դրանց վրա կենտրոնանալ: Բայց մի հետաքրքիր բան պիտի պատմեմ. ուրեմն Սիմոն Հովսեփյանը 79 ընտրատեղամասեր հաց էր ուղարկել իրենց անդամներին, եւ քանի որ տեղամասերից մեկում Դաշնակցության ներկայացուցիչը չէր եղել, հացը վերցրել էր մեր անդամը, որի միջից մի հետաքրքիր փաստաթուղթ էր ելել, որտեղ նշված էին իրենց շտաբի կոնտակտները, հեռախոսային համարները, որոնցով կարող էի իրենց հետ կապվել ու նաեւ ավագանու 27 թեկնածուների անուն-ազգանունները: Ի՞նչ է նշանակում սա, որ իրենք ուզել են ընտրախախտումներ անե՞լ, վստահված անձանց միջոցով պաշտպանե՞լ էդ մարդկանց: Մեզ համար այդ ցուցակը հետաքրքիր էր նրանով, որ մենք բացահայտեցինք այնպիսի մարդկանց, ովքեր զարմանալիորեն աշխատում էին հօգուտ Հովսեփ Սիմոնյանի, հասկացանք, թե որ կուսակցության ներկայացուցիչները, որ պաշտոնյաներն էին ելել մեր դեմ»: Իսկ այդ ցուցակից ակնհայտ էր՝ որքան էլ ՀՀԿ-ական ու ԲՀԿ-կան վերնախավը Սամվել Բալասանյանին սատարեր, միեւնույն է՝ այդ նուն կուսակցությունների տեղի ուժերը ի վնաս նրան են աշխատել, ըստ այդ ցուցակի՝ նրա դեմ դուրս էր եկել նաեւ ՕԵԿ-ը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930