Նարինեն երեք երեխաների մայր է, ով ամուսնալուծվել է հինգ տարի առաջ, ամուսինը հարբեցող էր. «Մի օր ամուսնուս հարբած վիճակում տեսնում է իր տնօրենը եւ ազատում աշխատանքից: Սկզբում ուղղակի խմում էր ու քնում, հետագայում սկսում է ագրեսիվ դառնալ, զայրանալ երեխաների վրա, իսկ վերջին շրջանում անհիմն վեճեր է սկսում եւ ծեծում ինձ»,-պատմում է Նարինե Պետրոսյանը: Նարինեն մանկավարժ էր, ով շատ լավ հասկանում էր, որ ինչ-որ ելք պետք է գտնի` երեխաներին թույլ չտալով մեծանալ անառողջ ընտանիքում: Ամուսնուն ոչ մի կերպ չկարողանալով ետ պահել խմիչքից` ստիպված է լինում դիմել դատարան եւ ամուսնալուծվել: Ամուսնալուծությունից հետո դատարանը երեխաների խնամակալությունը հանձնում է Նարինեին եւ հենց այստեղից էլ սկսվում է նրա կյանքի ամենածանր շրջանը. «Մենք դրսում էինք հայտնվել: Մի քանի օր բնակություն հաստատեցի ծնողներիս տանը, որից հետո սկսեցի փնտրել վարձակալությամբ տրամադրվող բնակարաններ»,- պատմում է նա: Բնակարան գտնելուց հետո տեղափոխվում են եւ սկսում ապրել այն գումարով, որը Նարինեն վաստակում էր դպրոցից. «Ստացածս գումարի կեսից ավելին ես վճարում էի միայն բնակարանի վարձը, եւ մնացած գումարը չէր բավականացնում հագուստի, սնունդի եւ կոմունալ վարձերը վճարելու համար: Ունեի ոսկյա զարդեր, որոնք ստիպված էի վաճառել, այնուհետեւ ծայրը ծայրին հասցնելու համար երբեմն պարտքով գումար էի խնդրում հարեւաններից: Հայկն այդպես էլ չհրաժարվեց ալկոհոլից: Խմիչքը լրիվ մթագնել էր նրա ուղեղը. նրան չէի հետաքրքրում ոչ ես, ոչ էլ` երեխաները»,- պատմում է Նարինեն: Մի անգամ նրա ընկերուհին հորդորում է փոխնակ մայր դառնալ եւ այդ կերպ որոշակի ժամանակ հոգալ ընտանիքի ծախսերը: «Նա 14 տարվա ամուսինների էր ճանաչում, ովքեր այդ տարիների ընթացքում երեխա չէին կարողացել ունենալ եւ պատրաստ էին մեծ գումար վճարել իրենց երեխա պարգեւողին: Սկզբում այդ միտքն ինձ այնքան էլ դուր չեկավ, բայց երբ հանդիպեցի այդ մարդկանց, հասկացա, որ այդ գումարով կկարողանամ եւս մի քանի տարի, առանց պարտք ու պահանջի, պահել իմ երեք անչափահաս երեխաներին»,-պատմում է Նարինեն: Ամեն ինչ նորմալ է ընթանում: Հղիության ընթացքում, զույգերը բացի նախնական պայմանավորված գումարից` սուրոգատ մորը վճարում են նաեւ տան վարձը եւ հոգում նրա խնամքը: Երբ Նարինեի հղիությունը դառնում է 5 ամսական, մայրանում է նաեւ Աստղիկը (ում երեխային պատրաստվում էր Նարինեն ունենալ), ով լրիվ կորցրել էր հավատը, թե այդքան տարի անց, երբեւէ կզգա մայրանալու բերկրանքը: Նարինեն ունենում է փոքրիկին, բայց երբ հիվանդասենյակում իմանում է, որ երեխային հանձնել են զույգին, առողջական վիճակը կտրուկ փոխվում է. «Ես չէի պատկերացնում, որ այդքան կապված կլինեմ դեռ նոր ծնված երեխայի հետ, որին ունեցել եմ արհեստական ճանապարհով: Ես չէի ուզում հանձնել երեխային, անգամ հրաժարվեցի այն գումարից, որը պետք է վճարվեր ինձ, միայն թե փոքրիկն ինձ մոտ մնար: Ոչինչ անել չկարողացա. նրանք տվեցին դատարան, իսկ դատարանը հանձնեց երեխային իրենց, որովհետեւ, երբ դեռ գործընթացը նոր էինք սկսել մենք պայմանագիր կնքեցինք, որ երեխայի ծնվելուց հետո պետք է հանձնեմ իրենց»: Հիմա զղջում է, որ երբեւէ նման քայլի է գնացել, թեեւ ժամանակին սոցիալական ծանր վիճակից ելնելու միակ ուղին է համարել, հիմա էլ համոզվել է, սուրոգատ մայր դառնալը շատ պատասխանատու քայլ է. «Խիղճդ չի թողնում, որ գիշերը հանգիստ քնես: Ասես ինչ-որ բան ծանրացած լինի հոգուդ վրա»:
Քրիստինա Միրզոյան
Հ.գ. Նյութում նշված հերոսների անունները փոխված են: