Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի գործի վերաբերյալ նոր բացահայտված հանգամանքներով վարույթ սկսելու դատախազությանն ուղղված դիմումը մերժվել է՝ առանց լուրջ հիմքերի»,- վստահեցնում է Ենոքյանի փաստաբան Վահագն Մանուկյանը:
Այսօր «Հայելի» ակումբում նա ասաց, որ դատախազության մերժումն արդեն բողոքարկել են ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ փաստաբանի, միայն վերջերս է պարզվել, որ սպանությունը կատարելուց հետո տուժողի դին տեղափոխվել եւ թաքցվել է մեղադրյալ Արամ Հարությունյանի ազգակիցների կողմից՝ նրանց անձնական մեքենայով, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակներում չի հարցաքննվել դեպքի անմիջական մասնակից Ա. Հարությունյանի քույրը, ով, ըստ Ենոքյանի ցուցմունքների, անձամբ է վեճը բաժանել. «Այսինքն՝ այս այն հանգամանքներն են, որոնք քննված քրեական գործի շրջանակներում չեն պարզվել, նոր են ի հայտ եկել, եւ այս հարցերի շուրջ պետք է հարուցվեր նոր վարույթ եւ հանձնարարվեր քննություն, համապատասխան գործողություններ մեր փաստերը ստուգելու` կամ հաստատելու, կամ հերքելու առումով» :
Պարոն Մանուկյանն ասաց նաեւ, որ Վիզաների և անձնագրերի վարչությունից էլ իրենց հարցումների արդյունքում պարզվել է , որ այն ընթերակաները, ում ներկայությամբ իրեղեն ապացույց են ճանաչվել և առգրավվել հանցագործության գործիքները, չեն բնակվում այն հասցեում. «Ստացած հարցումների համաձայն՝ ՀՀ վիզաների վարչությունից պատասխան է եկել, որ այն ընթերակաները, որոնք արձանագրված են նշված փաստաթղթում, գոյություն չունեն»
Հիշեցնենք, որ 16 տարի առաջ համակուրսեցուն սպանելու մեղադրանքով Մհեր Ենոքյանը դատապարտվել էր մահապատժի։ Նախկին նախագահ Ռ. Քոչարյանի հրամանով 2003թ.-ին մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ