Ո՞վ ասաց, որ Արեւմուտքում կոռուպցիա չկա: Երեկ, օրինակ, ոստիկանություն է կանչվել Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմենիկ դե Վիլպենը, որին, ըստ ամենայնի, կասկածում են հյուրանոցային բիզնեսում տեղ գտած խարդախությունների հետ առնչություն ունենալու մեջ: Ֆրանսիական թերթերը հիշեցնում են, որ այդ անձնավորությունը, լինելով նախկին նախագահ Սարկոզիի կուսակիցը, բարդ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ եւ մի շարք կասկածելի գործերով կամա թե ակամա նպաստել էր Սարկոզիի պարտությանը: Միանգամայն պատկերացնելի է, որ քաղաքակիրթ երկրի վարչապետը կարող է այս կամ այն բիզնեսմենի հետ «օրթախ գործ բռնել», ինչպես որ մեր պաշտոնյաներն են «մտած» Հայաստանում բոլոր քիչ թե շատ եկամտաբեր բիզնեսների մեջ:
Սակայն ես շատ ավելի վատ եմ պատկերացնում, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը, ստանալով մանդատը, իր առաջին գործը կհամարի շքեղ վերանորոգել այն կաբինետը, որը պետությունը նրան տվել է ժամանակավորապես՝ պատգամավորական պարտականությունները կատարելու համար: Գեղջկական այդ չտեսությունն անմիջապես աչքի կզարներ եւ կդառնար հասարակական լայն քննարկումների առարկա: Որովհետեւ մարդու ճաշակը եւ, վերջին հաշվով, մտավոր մակարդակը ուղիղ կապ ունեն նրա օրենսդրական գործունեության հետ:
Ժամանակ առ ժամանակ թարմացվում են խոսակցություններն այն մասին, որ թե խորհրդարանի եւ թե համապետական մակարդակով ստեղծվելու են էթիկայի հանձնաժողովներ, որոնք հետեւելու են Հայաստանում այս կամ այն ճանապարհով բուրգի գլխին հայտնված գործիչների վարքուբարքին: Այդ խոսակցությունները շատ արագ մոռացվում են, նախեւառաջ հավանաբար այն պատճառով, որ ոչ այդ գաղափարի հեղինակները, ոչ էլ, առավել եւս, հասարակությունը չեն հավատում նման հանձնաժողովների գործունեության արդյունավետությանը: Ի դեպ, սա միակ ոլորտն է, որտեղ չի գործում անմեղության կանխավարկածը: Եթե ինձ մեղադրում են, որ ես ինչ-որ մեկին մորթել եմ, ապա, անշուշտ, մեղադրողներն են, որ պետք է դրա ապացույցները բերեն: Բայց եթե 300 հազար դրամ աշխատավարձ ստացող նախարարը մեկ միլիոն դոլարի առանձնատուն է սարքում, ապա հենց նախարարը պետք է բացատրություն տա, թե ինչ միջոցներով է նա նման հաջողության հասել: Խնդիրն այն է, որ Հայաստանում գեներալները, պատգամավորները, նախարարները եւ մնացածները չեն վախենում նման հարցերից՝ լավագույն դեպքում բարեկամների բիզնեսն են վկայակոչում, իսկ սովորաբար ընդհանրապես ոչ մի բացատրություն չեն տալիս: Նույն պատճառով էլ նրանք բացարձակապես զուսպ չեն իրենց չտեսության մեջ:
Ինչ մնում է «ռեմոնտով» տարված պատգամավորներին, ապա նրանց կարելի է հասկանալ՝ գիրք կարդալ կամ օրենք գրել կարելի է նաեւ սովորական սեղանի վրա: Բայց նրանք դա չեն պատրաստվում անել: Իսկ ահա քյաբաբ-խորոված կարելի է ուտել միայն «Արմանի» ափսեներով:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ