Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի մարդասպանի հարցը` Եվրախորհրդարանում

Սեպտեմբեր 12,2012 12:56

Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկության ժամանակ, արխիվային լուսանկար

Եվրախորհրդարանի հինգ հիմնական քաղաքական ուժերը բանաձեւերի նախագծեր են կազմել, որոնցից յուրաքանչյուրում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ մտահոգություն է արտահայտվում, ինչպես նաեւ Ադրբեջանին, կամ Ադրբեջանին ու Հայաստանին ուղղված կոչեր ու առաջարկներ կան:

Պահպանողական խմբակցությունը մտահոգություն է հայտնում մարդասպան Սաֆարովին Բաքվում հերոսացնելու, նրան մայորի կոչում շնորհելու, 8 տարվա աշխատավարձը վճարելու կապակցությամբ: Պահպանողականները Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են անում ներգրավված մնալ բանակցային գործընթացում:

Սոցիալիստների խմբակցությունը իր նախագծում մտահոգություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից մարդասպանին ներում շնորհելու կապացությամբ, որը դատապարտվել էր Եվրամիության անդամ երկրի արդարադատության կողմից, շեշտում է օրենքի գերակայությունը եւ հանձնառությունները հարգելու կարեւորությունը:

Պահպանողականները նաեւ նշում են, որ այս խնդիրը կարող է ռիսկի տակ դնել Արեւելյան գործընկերության օրակարգի իրականացման առաջընթացի ապագան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արվում զսպվածություն ցուցաբերել, խուսափել սադրիչ հռետորաբանությունից եւ այլ գործողությունններից, որոնք կարող են սրել լարվածությունը, հանգեցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսմանը:

Աջ կենտրոնամետ, Եվրախորհրդարանում ամենամեծ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը եւս իր նախագծում մտահոգություն է հայտնում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ալիեւի որոշման կապակցությամբ, նշելով, որ այն կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով առկա լարվածության սրացմանը, անարդարության զգացողության ընդլայնմանը: Խմբակցությունը իր նախագծում հույս է հայտնում, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները ձեռնպահ կմնան հաշտեցմանը խոչընդոտող գործողություններից:

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը մտահոգություն է հայտնում, որ դատապարտված մարդասպանին Ադրբեջանում նման ընդունելություն ցույց տալը կարող է օրինակ ծառայել ապագա սերունդների համար:

Նշվում է, թե 2001 թվականին Հայաստանը ներում շնորհեց Ֆրանսիայից  Հայաստան փոխադրված Վարուժան Կարապետյանին, որը ահաբեկչության համար 1985 թվականին Ֆրանսիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

Խմբակցությունը իր նախագծում հաշվի առնելով, որ Հայաստանի կողմից զգայական արձագանքներն ու գործողությունները կարող են չնպաստել երկարատեւ խաղաղ լուծման ձեռքբերմանը, հանդարտության կոչ է անում:

Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին կոչ է արվում ուժեղացնել ջանքերը` հաշտեցնելու համար երկու երկրներին:

Կանաչների խմբակցությունը  նշում է, որ ներում է շնորհվել ու  ազգային հերոսի պես մեծարվել է Ռամիլ Սաֆարովը, ով հանցագործություն է կատարել ազգային պատկանելիության դրդապատճառով:

Խմբակցությունը Հունգարիայի իշխանություններին կոչ է անում պաշտոնական եւ դիվանագիտական քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանցի գործընկերները լիարժեք հարգեն իրենց հանձնառությունները, ինչպես նաեւ բացատրություն տան, թե ինչու են խախտել տրված հանձնառությունները:

Լիբերալների ու ժողովրդավարների խմբակցությունը իր նախագծում մտահոգություն հայտնելով ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու եւ զինվորական առաջխաղացման կապակցությամբ, շեշտադրում է, որ նման քայերը խարխլում են արդարադատությունը եւ օրենքի գերակայությունը հարգելու Ադրբեջանի պարտավորությունները:

Այս բոլոր հինգ խմբակցությունների նախագծերը ի մի են բերվելու, եւ հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը մեկ ընդհանուր բանաձեւ է ընդունելու:

Հրաչ Մելքումյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930