Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ենք հիմա էլ քաղաքային միջավայրը դարձնում մահարձանատեղի

Սեպտեմբեր 12,2012 12:20

Երեւանի ավագանին հաստատել է (բնականաբար՝ միաձայն) Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Հ.Դանիելյանի  անվան  արվեստի  դպրոցին հարակից  տարածքում տեղադրելու վերաբերյալ նախագիծը:
Որոշման համար հիմք են հանդիսացել Նոր Նորք  վարչական շրջանի  բնակչության կողմից ներկայացված առաջարկություններն ու դրա վերաբերյալ վարչական շրջանի  ղեկավարի  միջնորդությունը՝  հաշվի առնելով վարչական շրջանի զարգացման, կառուցապատման բնագավառներում Դավիթ Պետրոսյանի   ներդրումը:
Կոնկրետ Դավիթ Պետրոսյան անձի դեմ որեւէ բան չունենալով՝ անհրաժեշտ ենք համարում հարցնել Երեւանի ավագանու հատկապես մտավորական շերտին` այսպիսով ՀՀ կառավարության 551 որոշո՞ւմն ենք ի կատար ածում, այսինքն՝ գործ ունենք պետական, հասարակական գործիչների հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման հերթական որոշմա՞ն հետ։
Եթե այդպես է, հապա որքանո՞վ ենք մենք հավերժացրել մեր երկրի եւ քաղաքի զարգացման համար լրջագույն դերակատարում ունեցած պետական, հասարակական, գրականության, արվեստի եւ մշակույթի բազմաթիվ գործիչների հիշատակները: Կամ` պատմության ընթացքում հայ ժողովրդի հանդեպ բացառիկ գործունեություն ծավալած անձանց որքանո՞վ ենք արժանին մատուցել:
Կրկնում ենք, կոնկրետ անձի հանդեպ որեւէ խնդիր չունենք, բայց որ տխուր իրողության հետ գործ ունենք` ակնհայտ է: Ընդ որում, ճիշտ չէ Երեւանի ավագանու այս որոշումը նախադեպային համարելը, քանի որ իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար արդեն մեր թաղապետերից մեկին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է տրվել:
Դե, իսկ եթե սկսենք վերհիշել, թե ովքեր, ինչ ռանգի մարդիկ են` օտար շոու-աստղերից սկսած` ավարտած հայրենական արտադրության թերուսները` «Մեսրոպ Մաշտոց» եւ «Մովսես Խորենացի» շքանշանների արժանացել, էլ թիվ ու համրանք չի լինի երկնքի աստղերին:
Ինչեւէ, վերադառնանք արձան-հուշարձան թեմային: Ով չգիտի` Երեւանի տարածքի մի ահռելի բաժին գերեզմանատներն են զբաղեցնում, ինչո՞ւ հիմա էլ քաղաքային միջավայրն ենք դարձնում մահարձանատեղի: Ուրիշ մի բան ասեմ, Երեւանին եւ երեւանցիներին ինչքանո՞վ են հոգեհարազատ այս կարգի հնաոճ արձանները կամ կիսանդրիները:
Անկեղծ լինենք` 19-րդ դարավերջին հատուկ կիսանդրիների, մարդաբոյ արձանների ժամանակները վաղուց անցել են: Ժողովուրդ, մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ նման արձանները, քիչ է թե ասել, համահունչ չեն մեր օրերին: Քայլեք Երեւանում` տեսեք, քաղաքային միջավայրին բնորոշ քանի քանդակ կգտնեք: Միայն վերջերս Երեւանում տեղադրված արձանների մեջ տեսեք` քանիսն են ժամանակակից:

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930