«Սպառնալիքնե՞ր. դա մի քիչ հարաբերական է պետք հասկանալ։ Հարցազրույց է տվել մի մարդ, որի ընտանիքի և իր նկատմամբ բավականին լուրջ և կազմակերպված գործողություններ են կատարվել։ Մարդը խոսում է վիրավորված»։ Այսօր Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախագահ, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցին։
Հիշեցնենք, որ հարցազրույցում ՀՀԿ–ական պատգամավորը սպառնացել էր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակտիվիստներին։ Հայրապետյանը մասնավորապես ասել էր. «Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ վախենալու են ինձանից»։
Բիշարյանն ասաց, որ եթե մարդը խոսում է վիրավորված, նա խոսում է այն նույն ոճով, ինչ ոճով իր նկատմամբ կատարվել են քայլեր։
«Ես չեմ կարող այդ ամենը գնահատել որպես սպառնալիք։ Բայց, ամեն դեպքում, գուցե նրա արտահայտություններն ինչ–որ վրդովմունքի կամ վիրավորանքի արդյունքում սպառնալիքի աստիճանի են եղել, բայց մյուս կողմից ես վիրավորված մարդու տեսակետ եմ տեսնում այնտեղ։ Մարդ, որը վիրավորվել է, որովհետև մեր երկրում շատ են եղել այդպիսի դեպքեր և որոնք ավելի շատ մոտ բարեկամներ ունեն քաղաքական դաշտում, ավելի ճանաչված են, բայց, չգիտես ինչու, նման մարդկանց նկատմամբ չի կիրառվում նման մոտեցում, ինչպիսի վերաբերմունք ունեցավ մի մարդ, որի ընտանեկան բիզնեսն էր համարվում Հարսնաքար ռեստորանային համալիրը։ Այստեղ ես տեսնում եմ մարդ, որ վիրավորված է այն մարդկանցից ովքեր թիրախավորեցին կոնկրետ իրեն, որովհետև մարդը տեսնում է, որ միտումնավոր է այս ամենն արվել։ Ի վերջո, կան ձերբակալված մարդիկ, բոլորս դատապարտում ենք Վահեի նկատմամբ կատարվածը, և իրոք դատապարտելի է կատարվածը։ Մեղավորները պետք է կրեն այն պատիժը, որի համապատասխան կատարել են գործողություն։ Բայց պետք չէ վերցնել կարմիր թելը և ուսումնասիրել, թե ուր է տանում այդ բիզնեսը, ում ընտանեկան բիզնեսն է, և սկսել հերթով ինչ–որ մեղադրանքների շարանը երկարացնել։ Այստեղ իսկապես մասնակի մոտեցումներ կան»,– եզրափակեց Բիշարյանը։