Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քառասուն հոգի հարձակվեցին վրես ու սկսեցին խփել։ Ամբողջ հանձնաժողովի աչքի առաջ, տեղամասի մեջ, հենց ընտրական տեղամասի»

Սեպտեմբեր 12,2012 11:21

Մակար Պետրոսյան

Թեեւ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանի («ՄԱՊ»-ի Ալիկ) որդին՝ Մակար Պետրոսյանը, հերքում է սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրությունների օրը Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում երկու հոգու դաժան ծեծին իր մասնակցության փաստը, բայց հակառակը վկայող փաստերն ավելանամ են։

Երեկ մեզ հաջողվեց զրուցել 36-ամյա Արման Սարգսյանի եւ 39-ամյա Արամ Մելիքյանի հետ. հենց նրանք էլ պատմեցին իրենց հետ կատարվածի մասին։

Արամ Մելիքյան. «Ես մեքենայովս գնում էի, երբ մեքենայիս դեմը կտրեցին, դեմս փակեցին, հետեւից փակեցին, կողքերից փակեցին, մեքենաների մեջից դուրս եկան։ Առաջինը ինձ մոտեցավ Պետրոսյան Ալիկի տղան՝ Մակարը, իրա զենքը իմ վրա պահած մոտեցավ, ես էլ տեղիցս չշարժվեցի, մտածեցի՝ ինչ լինում ա, թող մեքենայի մեջ լինի։ Ինքը մոտեցավ, պատուհանից զենքի կոթով հարվածեց քթիս, ինչից հետո իրա հետիններին հրամայեց գալ, նստել իմ մեքենան։ Մեքենայիս դռները բացեցին, ու նստեցին մեքենաս։ Մեքենայի մեջ բոլորը սկսեցին ինձ հարվածել։ Ես սկսեցի արնահոսել։ Էդ որ տեսան, ասեցին՝ լավ, հերիք ա, ու գնացին։ Դա տեւեց մի 6-7 րոպե, ու որ արդեն գնում էին, էդ Մակարը ասեց. «Հորդ կասես, որ իրան որտեղ տեսնենք՝ կպատժենք» ու քիչ-քիչ հեռացան։ Իրանց հեռանալուց հետո գյուղից մերոնցից մարդիկ էին անցնում, ինձ որ տեսան՝ Շտապ օգնություն կանչեցին, ինձ տարան հիվանդանոց»։

Արման Սարգսյան՝ «Ես ի ծնե բամբակաշատցի գյուղացի եմ, ինչ ծնվել եմ՝ ստեղ եմ ապրում, քաղաքականությունից էլ շատ հեռու մարդ եմ, բայց որպես մարդ իմ ընտրությունը արել եմ, չեմ պաշտպանում գործող գյուղապետին, ես մյուս թեկնածուի կողմն եմ ու իրա վստահված անձն եմ։ Երեկո էր արդեն, ընտրողներ համարյա չկային։ Ժամը 19.00-ի մոտ էր։ Ինձ մոտեցավ գյուղապետի մոտիկը՝ Ապի են իրան ասում, ու ասեց, թե՝ բա ուզում ես թշնամիներ ունենա՞ս, քո էս դեղին մայկեն պետք ա դառնա սեւ։ Ասեցի՝ Ապի, չշշկռվես իմ հաշվով։

Դրանից մի կես ժամ անցած, 19.30-ի սահմաններում էր կամ ավելի շատ, ես նստած էի տեղամասում, մի խումբ մարդիկ ներս մտան՝ բարձր տոնով խոսալով։ Մինչեւ ես շուռ կգայի, որ տեսնեի, թե ովքեր են, ինչ ա եղել, մեկը ասեց. «Հենց դու ես մեզ պետք», հայհոյեց ու ոտքով հարվածեց վզիս։ Ես ընկա գետնին, մենակ հասցրեցի տեսնել, որ դրանց մեջ գործող գյուղապետի մտերիմներից մեկն էր՝ Սպարտակը, որը գյուղապետի օգնականն ա։ Ինքը ու մի քառասուն հոգի հարձակվեցին վրես ու սկսեցին խփել։ Ամբողջ հանձնաժողովի աչքի առաջ, տեղամասի մեջ, հենց ընտրական տեղամասի։ Ոտքով, ձեռքերով խփում էին, տասը րոպեի չափով տեւել ա էդ ամեն ինչը։ Ես մենակ էդ տղուն էի տեսել։ Էդ սաղ ծեծի ընթացքում ձեռքերով գլուխս էի բռնել, դեմքս էի փակել։ Ես Մակարին չեմ ճանաչում, եթե տեսնեմ էլ՝ չեմ ճանաչի, իրան չգիտեմ։ Բայց կարամ մի բան հաստատ ասեմ, երբ ես գետնին ընկած էի, մեկը ասեց. «Հերիք ա, մեռավ, հերիք ա, Մակար, գնացինք»: Ա՛յ դա հաստատ լսել եմ։ Իրանք որ գնացին, հանձնաժողովի նախագահը Շտապ օգնություն կանչեց, ու ինձ տարան հիվանդանոց։ Տեղամասում ոստիկաններ եղել են չորս հատ, բայց ես իրանցից ոչ օգնություն տեսա, ոչ էլ խառնվել։ Գոնե օդ կրակեին, որ դրանք թողնեին փախնեին կամ մի բան անեին, ինձ իրանց աչքի առաջ քիչ էր մնում սպանեին։ Արամի հետ դեպքի մասին եթե իմանայի, գոնե կկարողանայի ինձ պաշտպանել կամ տենց անսպասելի չէր լինի, էդ հետո եմ իմացել, որ իրա հետ տենց դեպք ա եղել։ Ստացվում ա, որ իրան տփելուց հետո մի 10-15 րոպեից են եկել իմ հետեւից»։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930