Վաղը կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծով նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարությանը պետական բյուջեից 32 հազար 100 եվրոյին համարժեք գումար հատկացնել՝ Մարդու իրավունքների ԵԴ դատավճիռներով սահմանված փոխհատուցումները վճարելու համար։
Նախագծին կցված հիմնավորումներից տեղեկանում ենք, որ նշված գումարն անհրաժեշտ է «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Հակոբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործերով եվրոպական դատարանի կողմից այս տարվա ապրիլի 10-ին կայացված վճիռները կատարելու համար։ Նշված երկու գործերն էլ 2004 թվականի ապրիլին ընդդիմության դեմ իրականացված հետապնդումների հետեւանք են։ Մասնավորապես, «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» գործը 2004-ի հայտնի պատմություններից է։ ԵԴ դիմած քաղաքացին՝ Արտակ Գաբրիելյանը, ձերբակալվել է 2004-ի ապրիլի սկզբին՝ 2004-ի ապրիլի 8-ին նախատեսված հանրահավաքի վերաբերյալ թռուցիկներ բաժանելու համար։ Ավելի քան երկու ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո, նա 2004-ի հունիսին դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր անելու մեղադրանքով։ Այս գործով Եվրադատարանի կայացրած վճռի համաձայն, ՀՀ կառավարությունն Արտակ Գաբրիելյանին պետք է վճարի 4 հազար 100 եվրո, որից 2 հազար 500 եվրոն՝ որպես ոչ նյութական վնասի, իսկ հազար 600-ը՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։ «Հակոբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումը Եվրադատարան են ներկայացրել ընդդիմադիր հայացքների համար 2004-ի ապրիլին 4-ից մինչեւ 7 օր վարչական կալանքի ենթարկված Հակոբ Հակոբյանը, Գոռ Մարտիրոպանը եւ Համլետ Պետրոսյանը։ Երեքն էլ ժամանակին վարչական կալանքի են ենթարկվել ընդդիմության ցույցերին մասնակցելու համար։ Այս գործով Եվրադատարանը վճռել է, որ ՀՀ կառավարությունը դիմումատուներից յուրաքանչյուրին պետք է վճարի 7 հազար եվրո ոչ նյութական փոխհատուցում, եւս 7 հազար էլ՝ դատական ծախսերի համար։ Այսինքն, «Հակոբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ կառավարությունը վերը նշված քաղաքացիներին պետք է վճարի 28 հազար եվրո։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունների եւ կոնկրետ պաշտոնյաների հանցավոր գործունեության համար հերթական անգամ պետք է վճարեն Հայաստանի հարկատուները, քանի որ նրանց գործունեության պատճառով Հայաստանի դեմ կայացված վճռի փոխհատուցման գումարն, ինչպես միշտ, վճարվում է պետական բյուջեի միջոցներից։ Ի դեպ, գումարը նախատեսում են վճարել Հայաստանի 2012 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից՝ «բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման,Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով»։ Այսինքն, ՀՀ կառավարությունը պաշտոնապես ամրագրում է, որ նշված գումարը ծախսվելու է կառավարման մարմինների, նույնն է, թե՝ պետական պաշտոնյաների պատճառած վնասները փոխհատուցելու համար:
Կարդացեք նաև
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Հայկական ժամանակ»