Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2014 թ. ընտրական մրցաշարի երկրորդ հանդիպումը Սոֆիայում 0:1 հաշվով տանուլ տվեց Բուլղարիայի ընտրանուն: Միակ եւ վճռորոշ գոլը 44-րդ րոպեին խփեց Ստանիսլավ Մանոլեւը:
Մեր ֆուտբոլիստներն, ինչպես երեւում է, դեռ հեռու են իրենց լավագույն մարզավիճակից: Եվ հենց դրա արդյունքն է, որ ինչպես Մալթայի, այնպես էլ Բուլղարիայի հետ հանդիպումներում մեր թիմում բացակայում էին համագործակցված գործողությունները: Եվ որ ամենակարեւորն է, մեր թիմում այս էլ երկրորդ խաղում չէին ստացվում գրոհները: Իսկ երբ գլխավոր զենքը չի գործում, տեղի են տալիս նյարդերը, խախտվում է խաղային կարգապահությունը: Թեեւ հարկ է նշել, որ դրան մեծապես նպաստեց դաշտի տերերի կոպիտ խաղը: Նրանք գնդակի ցանկացած կորստի դեպքում կամ գնդակին տիրելու համար պայքարում չէին խուսափում կոպիտ խաղից՝ անընդհատ հարվածելով մեր առաջատար ֆուտբոլիստների ոտքերին: Հենց այդպիսի դրվագներից մեկում էլ վնասվածք ստացավ եւ ստիպված խաղադաշտը թողեց Լեւոն Հայրապետյանը: Իսկ երբ 71-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը մրցակցի տուգանայինում դարպասապահի հետ պայքարում նրա հետ բախումից խուսափելու նպատակով ակամա հրեց բուլղարացի ֆուտբոլիստին, դաշտի տերերը գնացին սադրանքի, որը նրանց համար հրաշալիորեն աշխատեց: Ծայր առած քաշքշուքի արդյունքում մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց մի քանի րոպե առաջ փոխարինման ելաց Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոսին եւ դաշտի տերերից՝ Դյակովին: Իսկ ընդամենը չորս րոպե անց արդեն տեղի տվեցին Գեւորգ Ղազարյանի նյարդերը եւ նա նույնպես հեռացվեց դաշտից: Հանդիպման վերջին րոպեներին խաղադաշտում մնացած մեր ինը ֆուտբոլիստները չկարողացան խուսափել պարտությունից:
Մեր թիմի առանցքային երկու խաղացողների երկու կարմիր քարտերը ծանր կացության մեջ գցեցին Հայաստանի ֆուտբոլային ընտրանուն, որը հոկտեմբերի 12-ին խաղալու է խմբի բացահայտ առաջատար Իտալիայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ