Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 11-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը ներկայացրեց տուժողի իրավահաջոդ Ծովինար Նազարյանի եւ նրա ներկայացուցիչների միջնորդութամբ դատարան ներկայացված, հենակետի 12 զինվորներին Բերդի ռազմական ոստիկանությունում մեկուսացնելու գրություների պատճենները եւ ռազմական ոստիկանությունում պահված զինծառայողների մատյանը:
Ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը տարօրինակ համարեց, որ ոչ թե բնօրինակները, այլ գրություների պատճեներն են դատարան ուղարկվել եւ խնդրեց, որ դատական հաջորդ նիստին ներկայացվեն բնագրերը: Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտարարեց, որ զինծառայողների մեկուսացման գրությունները պատշաճ վավերացված չեն, որ դատարանը չպետք է դրանք ընդուներ: Պաշտպան Մնացականյանը դատարանից 10 րոպե ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա այդ գրություններին: Դրանից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատավորին հիշեցրեց, որ դատարան ներկայացված փաստաթղթերն իրենց միջնորդության պահանջի մի մասն են, որ Բերդի ռազմական ոստիկանությունից դատարան պետք է ուղարկվեն Ա. Նազարյանի մահվան գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը, նաեւ զորամասի հրամանատարի կողմից նշանակված, զինծառայողների կարգապահական մեկուսացման հետ կապված ծառայողական քննության արդյունքները:
Դատավոր Մարդանյանն ասաց , որ ռազմական ոստիկանությունից պահանջվող փաստաթղթերը կապ չունեն զորամասի հրամանատար Սեյրան Ղազարյանի հարցաքննության հետ: Այդ հարցաքննությունը նախորդ դատական նիստում կիսատ էր մնացել, դատավորը կամենում էր այն շարունակել: Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ հրամանատարի հարցաքննությունը կապված է իրենց կողմից միջնորդությամբ պահանջված փաստաթղթերի հետ, որ առանց դրանց հրամանատարի հարցաքննությունն անիմաստ է: Պարոն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում: Դատավորը ցանկանում էր ընդհատել Ռ. Մարտիրոսյանի ելույթը, սակայն վերջինս չէր ենթակվում լռելու եւ տեղը նստելու դատավորի պահանջին: Ս. Մարդանյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար դատական սանկցիա կիրառեց եւ դատական կարգադրիչներին հրահանգեց դահլիճից հեռացնել Ռ. Մարտիրոսյանին, նաեւ որոշելով, որ վերջինս զրկվում է 3 նիստերին մասնակցելու իրավունքից:
Տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ , փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատավորին մեղադրեց ապօրինությունների մեջ եւ այն բանում, որ դատարանը հրաժարվեց Ռ. Մարտիրոսյանի հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելուց, ասաց,որ դատավորը Նազարյանի սպանողների պատվերն է կատարում, որ նիստը դատական ֆարս է:
Կարդացեք նաև
Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւս դատավորին մեղադրեց օրինականության սահմանները խախտելու մեջ: Ի նշան բողոքի Մ. Շուշանյանը եւ Ծ. Նազարյանը լքեցին դատարանի դահլիճը: Ընդմիջումից հետո ամբաստանյալների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Հրանտ Գեւորգյանը եւ Լեւոն Պողոսյանը դատավոր Մարդանյանին մեղադրեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները խախտելու մեջ, որ կիրառված դատական սանկցիան օրինական չէր: Հակոբ Մանուկյանի պաշտպան Հ. Գեւորգյանը դատարանին միջնորդեց վերացնել Ռ. Մարտիրոսյանի նկատմամբ կիրառած սանկցիան,քանզի զորամասի հրամանատարի հարցաքննությունը կատարվում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությամբ եւ առաջին հերթին նրանք պետք է հարցեր ուղղեն վկային: Դատավորը վերացրեց իր կիրառած դատական սանկցիան, նշելով նաեւ, որ Ռ. Մարտիրոսյանը փաստաբան չէ, եւ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սանկցիայի մյուս ձեւերը նրա նկատմամբ կիրառելի չեն: Ռ. Մարտիրոսյանը, Մ. Շուշանյանը եւ Ծ. Նազարյանը դահլիճ վերադարձան: Դատավորը որոշեց կրկին դիմել ռազմական ոստիկանություն եւ զորամասի հրամանատարությանը, որպեսզի զինծառայողների կարգապահական տույժի հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացվեն դատարան:
Հետո սկսվեց գործով քննիչ Լեւոն Պետրոսյանի հարցաքննությունը: Նրան հարցեր էր ուղղում իրավապաշտպան Ռ. Մարտիրոսյանը : Վերջինս ասաց, որ Ա. Նազարյանի ինքնաձիգի 4 պահունակների բոլոր՝ 120 փամփուշտները տեղում են եղել, ինչպե՞ս կարող էր Նազարյանն իր ինքնաձիգով ինքնասպան լինել: Քննիչ Պետրոսյանն ասաց,որ ինքնասպանությունն ապացուցվում է դատաձգաբանական փորձաքննությամբ, որ պահունակը կարող է 30-ի փոխարեն 31 փամփուշտ տեղավորել եւ անխափան աշխատել: Իրավապաշտպանը հարցրեց դեպքի վայրի տեղազննությունից վերցված 7809 համարի դաջվածքով պարկուճի մասին, որը դատական փորձագետին ուղարկվելիս փոխվել է , դարձել 6078 համարի: Քննիչն ասաց,որ չի փոխվել, դա նույնն պարկուճն է, պարզապես տեղազննություն կատարած քննիչի կողմից թյուրիմացություն է եղել, նա սխալ է ընթերցել , իսկ դատական փորձագետը մասնագետ լինելով՝ ճիշտ է ընթերցել պարկուճի համարը: Իրավապաշտպանն ասաց, որ դատական փորձագետը պարտավոր էր այդ մասին արձանագրություն կազմել եւ հարցրեց, թե քննիչն ինչո՞ւ այդ կապակցությամբ չի հարցաքննել փորձագետին: :Լ. Պետրոսյանը հայտարարեց,որ ինքը դա էական չի համարել: Ռ. Մարտիրոսյանը հարց տվեց, թե Նազարյանի մահվան դեպքից 3 ամիս հետո Լ. Պետրոսյանն ինչու՞ է տեղազննություն կատարել եւ արձանագրել, որ դեպքի վայր համարվող ժայռաբեկորի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր: Քննիչի խոսքերով՝ ինքը չէր կարողացել պարզել, թե մահվանից մեկուկես ժամ առաջ ինչ հանգամանքներում է Ա. Նազարյանը ալկոհոլ օգտագործել, ուստի ինքը հենակետի տարածքում որոնում էր խմիչքի շիշ՝ ամբողջական կամ ջարդված: Իրավապաշտպանը հիշեցրեց, որ գործով առաջին քննիչ Սարգիս Մադաթյանը դեպքի օրը տեղանքի վայրի մանրակրկիտ զննություն է կատարել եւ շիշ չի հայտնաբերել, նաեւ ասաց, որ քննիչ Պետրոսյանը պարտավոր էր արնանման հետքերից նմուշ ուղարկել դատական փորձագետին՝ պարզելու համար, որ դա արյո՞ւն է , մարդո՞ւ արյուն է, ո՞ր խմբին է պատկանում, Ա. Նազարյանի արյո՞ւնն է: Քննիչ Պետրոսյանն ասաց, որ որ ինքը դրա կարիքը չուներ, քանզի Նազարյանի հրազենային վնասվածքից,նաեւ նրա կողքի արյան լճակից վերցված խծուծի փորձաքննությունից իրեն պարզ էր, որ դա Նազարյանի արյունն է: Ռ. Մարտիրոսյանը քննիչին հարցրեց,թե ի՞նչ գույն ունեին դեպքից 3 ամիս անց հայտնաբերված արնանման հետքերը: Քննիչը պատասխանեց՝ վառ կարմիր: Պ-ն Մարտիրոսյանը ընթերցեց ՀՀ գլխավոր դատական բժիշկ Շոթա Վարդանյանի հեղինակած գիտական գրքից մի հատված,որտեղ նշված էր՝ ժամանակի ընթացքում արյունը գունաթափվում է, դառնում գորշ դարչնագույն: Ռ. Մարտիրոսյանը հարցրեց, թե Լ. Պետրոսյանն ինչո՞ւ Նազարյանի հագուստը դատակենսաբանական եւ դատաքիմիական փորձաքննություն չի ուղարկել, որպեսզի պարզի՝ դրա վրա կա՞ այլ անձի արյուն, հարցրեց նաեւ , թե դատական փորձագետի բնորոշմամբ Նազարյանի մահից «ոչ շատ առաջ» նրա մարմնի տարբեր հատվածներում ինչպե՞ս են հայտնվել բազմաթիվ վնասվածքներ: Քննիչն ասաց, որ դա հետեւանք է դեպքից 20 ժամ առաջ կապիտան Հակոբ Մանուկյանի կողմից Նազարյանին հասցված ապտակի: Քննիչ Պետրոսյանի հարցաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 12-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ