Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի շատ համայնքների պես Քաշունի գյուղական համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Այդ օրը ընդամենը 10 հոգի է մասնակցել ընտրություններին Քաշունիում, որտեղ ընտրությունները կայացել են շատ հանգիստ ու առանց խախտումների: Բանն այն է, որ Քաշունիում ընդամենը 23 բնակիչ կա, որից միայն 15-ն ուներ ընտրելու իրավունք, մեկ ընտրող էլ մահացել էր նախքան ընտրությունները:
14 հոգուց ընտրությանը մասնակցած 10 ընտրողների ձայների առավելությամբ հերթական անգամ ընտրվել է գործող գյուղապետ Գառնիկ Հակոբյանը, ով 1996թ.-ից առ այսօր ղեկավարում է գյուղապետարանը: Քաշունիում երկարամյա գյուղապետի օգտին քվեարկել է 8 մասնակից, իսկ նրա մրցակից, երիտասարդ Դավիթ Հովհաննիսյանը հավաքել է ընդամենը 2 ձայն: 76-ամյա գյուղապետն անկեղծանում է, որ ինքն արդեն հանգստի կարիք ունի, նույնիսկ խնդրել էր բնակիչներին, որ այս անգամ ընտրեն երիտասարդ մրցակցին ու փոխարինեն իրեն, իսկ ինքն ամեն հարցով կօգնի, կօժանդակի նոր գյուղապետին` կայացման ու ղեկավարման հարցում, բայց բնակիչներն այս անգամ էլ հավատարիմ մնացին ու իրենց վստահությունը հայտնեցին երկարամյա փորձ ունեցող գյուղապետին:
Ընտրողների վստահությունը ստանձնած գյուղապետն ասում է, որ իր պարտքն է առաջիկա տարիներին եւս շարունակել աշխատել իր հարազատ գյուղի ու բնակչության համար: «Տարբեր հիմնադրամների միջոցով պետք է փորձենք նորոգել, բարեկարգել գյուղի ճանապարհները, ոռոգման ջրի հարցը լուծել, ակումբ-գրասենյակի մասնաշենքը կապիտալ նորոգել, որի տանիքն այս տարի արդեն նորոգվել է», – ասում է գյուղապետը:
Միայն թե սիրտը ցավում է գյուղի դատարկման ու վաղվա օրվա համար: Գյուղում ընդամենը 11 ծուխ է մնացել` 23 մշտական բնակչով, տարեցները մահանում են, իսկ նոր ծնունդներ Քաշունիում չեն գրանցվում: Բնակչության հիմնական կազմը տարեցներից է բաղկացած: Երիտասարդ 2 ընտանիք էր մնացել, աշխատանքի բացակայության ու գյուղում դպրոց չլինելու պատճառով նրանք էլ տեղափոխվեցին գյուղից եւ հաստատվեցին Կապանում ու Երեւանում:
Կարդացեք նաև
«Գյուղը կործանման եզրին է,- ցավով նշում է գյուղապետը,-Մի քանի տարուց մենք էլ չենք լինի, գյուղն էլ չի լինի»:
1996թ.-ին, երբ առաջին անգամ գյուղապետ ընտրվեց Գառնիկ Հակոբյանը, գյուղը 50-60 բնակիչ ուներ, որոնք կամաց-կամաց լքեցին գյուղը` աշխատանքի, զբաղմունքի, ապրելու բավարար պայմաններ չլինելու ու դպրոցի բացակայության պատճառով: 1976թ.-ին դպրոցը փակվելուց ի վեր, երեխաները հարեւան գյուղերի` Տանձավերի, Աղվանիի, Տաթեւի կամ Շրվենանցի դպրոցներ էին հաճախում, իսկ վերջին տարիներին տեղափոխվում այլ համայքներ: Արդեն դժվարանում էր գյուղում ապրելը, ճանապարհները վատ, հողատարածքները չեն մշակվում, գյուղում ոչ մի գյուղտեխնիկա չկար, գյուղատնտեսական բոլոր աշխատանքները ձեռքով էին արվում: Հսկայական տարածքներից ընդամենը 10-15 հա խոտհունձ է արվում այժմ, այն էլ` ձեռքով կամ հարեւան գյուղերից խնդրելով ու տեխնիկա բերելով: Միայն մերձակա հողակտորներն են մշակում բնակիչները, կարտոֆիլ կամ այլ բանջարեղեն ցանում, ապրուստները հոգում:
Անասնապահության զարգացման համար մեծ հնարավորություն ունի գյուղը, արոտավայրերի համար ընդարձակ ու հարմար տարածքներ: Գյուղապետը կարծում է, որ ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդիկ սխալված չեն լինի, եթե գյուղում անասնապահական ֆերմա հիմնեն, զարգացնեն անասնապահությունը, որտեղ կան բոլոր անհրաժեշտ հարմարությունները, գյուղացիներն էլ կընդգրկվեն այդ աշխատանքներում, միգուցե երիտասարդներն էլ ցանկություն հայտնեն գյուղ վերադառնալու եւ աշխատանքի անցնելու այնտեղ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ