Խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ին շատերն են քննադատում՝ ասելով, որ ԲՀԿ-ն դեռ իշխանության մաս է, ակտիվորեն մասնակցել է ընտրակաշառքներ բաժանելուն, եւ նրան ՀՀԿ-ից տարանջատելը միամտություն է:
Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերում այս քննադատություններին, տեղի՞ն են դրանք, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Ես, բնականաբար, չպետք է համաձայնեմ այդ քննադատություններին, որովհետեւ մենք իշխանության մաս չենք այս պահին: Չի կարելի անընդհատ նախկինում եղած այդ կոալիցիոն հուշագիրը բերել մեջտեղ եւ փորձել դրանով անհարմար իրավիճակ ստեղծել: Իրականում այդպես չի ստացվելու: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, մենք խոսում ենք փաստերով. եթե որեւէ մեկը մեզ ներկայացնի փաստեր, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել, այս դեպքում իրավունք կունենան մեզ դատապարտելու: Բայց քանի դեռ փաստեր չկա, չի կարելի այդպես վերացական քաղաքական ուժին մեղադրել ընտրակաշառք բաժանելու մեջ»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ կա՞ն այսօր խնդիրներ Հանրապետականի հետ, թե՞ վերջին շրջանի քննադատությունները, կոշտ դիրքորոշումները ուղղակի արհեստածին ինչ-որ բաներ են՝ Էլինար Վարդանյանը պատասխանեց. «Հանրապետականի հետ մեզ մոտ գաղափարական պայքար է, եւ առաջին հերթին դա կառավարության ծրագրից է, որովհետեւ մեր կուսակցությունը չի ընդունում կառավարության ծրագիրը»:
Մենք ճշտեցինք՝ միայն վարչապետի՞ խնդիր է՝ նա պատասխանեց. «Ոչ միայն վարչապետի, այլ նաեւ կառավարության ծրագրի»:
Կարդացեք նաև
Առաջիկա նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածու ունենալու համար Էլինար Վարդանյանն այս պահին նախադրյալներ չի տեսնում. «Բայց ես ոչինչ չեմ բացառում, դեռ ժամանակ կա, եւ հնարավոր է ընդդիմությունը համախմբվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ