ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը կարծիք էր հայտնել, որ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ, ՀՅԴ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հովսեփ Սիմոնյանը ձայներ չի հավաքի: Ըստ գեներալ-մարզպետի, ինքն այս մասին ասել էր նաև Հովսեփին:
ՀՅԴ-ական թեկնածուն, մեր միջոցով պատասխանելով իր շեֆին` հայտարարել էր. «Ամսի 10-ը կգա, կտեսնենք մե՞նք ճիշտ դուրս կգանք, թե՞ պարոն Գիզիրյանը»:
Ընտրություններում դաշնակցական թեկնածուն 10 հազար 281 ձայն հավաքեց` փաստացի պարտվելով ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Երեկ , Aravot.am-ը Հովսեփ Սիմոնյանին հիշեցնելով, որ արդեն ամսի 10-ն է, հարցրեց` հիմա դո՞ւք ճիշտ դուրս եկաք, թե՞ պարոն Գիզիրյանը: «Ես միանշանակ համարում եմ, որ ես ճիշտ եմ. եթե Բալասանյանի 27 հազար քվեից հանում ենք ընտրակաշառքները, հանում ենք պետական համակարգի աջակցությունը, հանում ենք շատ-շատ այլ բաներ, որոնց մասին չեմ խոսում, տակը կմնա այդ անձը `իրա ընտանիքի ձայներով, և միանշանակ ես ավելի շատ ձայներ եմ տարել:
Կարդացեք նաև
Ես չեմ ուզում ուրիշ բան ասել, էսօր պետական համակարգի լծակներն ու ընտրակաշառքները դեռևս չեն նշանակում, որ ես պարտվել եմ, պարտվեցնել են տվել էս ժողովրդին, ես չեմ պարտվել: Պարտվել են էն մարդիկ, ովքեր որ մտածել են` հաղթել են, պարտվել է էն թեկնածուն, որը նշանակվել է: Ես նորից եմ ասում, ես չեմ պարտվել, եթե անգամ տանեի 3 հազար ձայն, միևնույնն է ես կհամարեի, որ ես չեմ պարտվել, որովհետև դրանք անշահախնդիր ձայներ են եղել: Չեմ ընկել՝ մեքենաներով մարդիկ չեմ տեղափոխել, այդ անձրևին մարդիկ թրջվելով գնացել ու իրենց ձայնը տվել են, ի տարբերություն մյուսների, որոնք երևի գերեզմաններից են մարդկանց հանում `էդ տատիկներին , որպեսզի քվեարկեին իրանց`էդ փողերով և ամեն ինչով: Հաղթել-պարտվել էդ թվերը չեն, որ ֆիքսում են, այլ իրականության մեջ էն մթնոլորտը, վիճակը, որը կա»,- հայտարարեց ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը: