Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրությունների մասին. «Մեր ծրագրում չկար խոստում, որ ամեն օր քաղաքացին երկու կիլո միս է ստանալու, մայլի հարցերը խառոշիներով ենք լուծելու, պապիրոս ենք տալու»

Սեպտեմբեր 11,2012 17:36

Տարբեր քաղաքական ուժերի հարող և տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ խոսելով՝ պարզ դարձավ, որ ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը ոչնչով չտարբերվեց մինչև այժմ մեր երկրում կազմակերպված ընտրություններից:

Այս անգամ Aravot.am-ը ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին մեկնաբանություններ ստացավ ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանից և Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանից:

Ա. Գևորգյանը Մուսալեռ գյուղի 19/02 տեղամասում հանձնաժողովի անդամ էր և հետևել է ընտրությունների ընթացքին: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց. «Ոչ մի տարբերություն չեմ տեսել այս և ԱԺ ընտրությունների միջև. նորից ընտրատեղամասի ներսում համեմատաբար նորմալ իրավիճակ էր, իսկ դրսում մարդկանց ուղղորդում, նորից կուտակումներ ընտրատեղամասի մուտքի առջև, ընտրատեղամասում անհայտ անձանց ներկայություն, ոստիկանության անգործություն… այս ամենի մասին կազմել եմ արձանագրություն, որը ստորագրել են հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը, հ/կ-ների անդամներ և լրագրողներ: Մուսալեռում հիմնական ապօրինությունները կատարվում էին գործող գյուղապետի կողմնակիցների կողմից»:

Մեր այն դիտարկմանը, թե իշխանությունն ամեն ընտրությունից առաջ արդար ընտրությունների կոչեր և խոստումներ է տալիս, սակայն կրկին խախտումներ են արձանագրվում, ՀԱԿ ակտիվիստն այսպես պատասխանեց. «Պատճառն այն է, որ այս իշխանություններն ի սկզբանե չունեն լեգիտիմություն: Նրանք չեն ընտրվել, և իրենց իշխանությունը պահելու, վերարտադրվելու համար նորից ու նորից պիտի դիմեն ապօրինությունների և խախտումների միջոցով փորձեն ընտրվել: Այս շրջանակից դուրս գալու համար այս իշխանությունները պիտի հեռացվեն»:

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ «Քաղաքը մերը չէ. քվեարկողներն այդպես ուզեցին… » վերնագրով հոդված է հրապարակել որտեղ նա անդրադառնում է այն փաստին, որ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության Գյումրու ավագանու անդամության 7 թեկնածուներից, նախնական տվյալներով, միայն մեկը՝ ինքն է հայտնվել առավելագույն քվեներով 21 հոգանոց կազմում:

Խոսելով այդ փաստի պատճառների մասին՝ Լ. Բարսեղյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Մեր գաղափարները ընտրողների ճնշող մեծամասնության համար անընդունելի էին: Քաղաքը մահանում է, և այդ մասին մենք գիտեինք. մահանում է բոլոր իմաստներով ու շերտերով: Մենք առաջարկել էինք  նոր իդեաներ, նոր խոսք և գործողությունների նոր ծրագիր, ինչը ընդունեց ընտրությանը մասնակցածների յոթ տոկոսը: Իհարկե, 30-35 տոկոս չէինք ակնկալում, բայց 15 տոկոսից բարձր սպասում էինք: Իմ մոտավոր գնահատմամբ՝ 46  հազար ընտրողից 20 հազարն է իր ոտքով գնացել ընտրությունների: Մոտ 60 տոկոսին տարել են ընտրության, կամ մայլայականություն-թաղականություն, մեկ-երկու կիլոգրամ միս, 1000, 2000 դրամն են դեր խաղացել: Այսինքն՝ նվաստացրել են քաղաքացուն, որ իրեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շատ այլ բաներ չհետաքրքրեն: Մենք լուրջ մտածմունքների մեջ ենք, արդյոք այս սվաղը այս տանը պե՞տք է, թե՞ բոլորովին այլ սվաղ է պետք այս տանը: Մենք համարում ենք, որ քաղաքն է պարտվել , մենք չենք պարտվել: Ուղղակի մեր ծրագրում չկար խոստում, որ ամեն օր քաղաքացին երկու կիլո միս է ստանալու, մայլի հարցերը խառոշիներով ենք լուծելու, պապիրոս ենք տալու, փաստորեն այս քաղաքին մենք մի քիչ շատ ենք, մենք համը հանել ենք, այսքան լուրջ պետք չէր խոսել: Բայց մենք փոփոխություններ անելու ենք, քանի որ նախաձեռնությունը միայն ընտրություններին մասնակցելու գաղափարով չէր ստեղծվել, այն ավելի խորքային գաղափար է, և մենք անելիքներ ունենք, կապ չունի ավագանու կազմում կլինենք, թե ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930