Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ Սերո Սարիբեկյանը ՀՀ ոստիկանապետին նամակ է գրել ու պատմել , որ գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի ահից իր եղբոր ընտանիքով արդեն մի քանի ամիս է տնից հեռացել են: Նրա պատմելով, ամեն ինչ սկսվել է մարտի 25-ին, երբ գյուղապետն իր երեք որդիներով ավազակային հարձակում է գործել իր եղբոր ընտանիքի վրա:
Ըստ նրա, դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ գյուղապետի ու նրա երեք որդիների նկատմամբ: Պարոն Սարիբեկյանի խոսքերով, գյուղապետի որդիներից մեկը դեպքից մի քանի օր հետո ձերբակալվել ու տեղափոխվել էր Վանաձոր, իսկ մյուս երկու որդիների նկատմամբ հետախուզում էր սկսվել, բայց ԱԺ ընտրություններից օրեր առաջ, անհայտ պատճառով, երեք որդիներն էլ ազատության մեջ են հայտնվել: «Մեր ընտանիքները` ոստիկանության բաժնի կողմից, նույն գիշերը, մեր իսկ ընտանիքների ապահովության համար տարհանվեցին առավել անվտանգ տեղ: Մինչ այժմ մեր տներում չենք բնակվում , որովհետեւ ոչ միայն պաշտպանված չենք զգում մեզ, այլեւ շատ խոցելի ենք, քանի դեռ այդ մարդիկ ազատության մեջ են ու իրենց պահում են շատ լկտի եւ ամբարտավան: Մեր կանայք եւ երեխաները սթրեսի մեջ են, խախտվել է մեր ընտանիքի անդորրը …չեն վերանորոգվել մեր տների ապակիները, որոնք քարերով ջարդել էին գյուղապետը եւ իր ավազակախումբը»,- ոստիկանապետին ուղղած նամակում գրել է Ս. Սարիբեկյանը:
Ի դեպ, գյուղում շրջանառվող խոսակցությունների համաձայն, գյուղապետը մի քանի ամիս առաջ բռնաբարության փորձ է արել գյուղապետարանի աշխատակիցներից մեկի նկատմամբ, ինչից հետո տուժողը ազատման դիմում է գրել ու դիմել մարզպետարան, բայց, գյուղապետի տղաները վախեցրել են աղջկան, որ վերջինս ոչ մի տեղ չբողոքի:
Դեպքի մանրամասներն ու գյուղապետի պարզաբանումը կներկայացնենք առաջիկայում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ