Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին հորդորում է կատարել Ռամիլ Սաֆարովի հարցով Բուդապեշտի առջեւ ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը։
Լրագրողներից մեկի խնդրանքին` ներկայացնել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների խոսակցության վիճակը, Նյուլանդը արձագանքել է. – «Մենք, ինչպես գիտեք, այդ մասին հայտարարություն հրապարակեցինք հունգարացիների կողմից նրան [Սաֆարովին] Ադրբեջան արձակելուց հետո, եւ մենք կապի մեջ ենք ադրբեջանցիների հետ ու հորդորում ենք նրանց կատարել պարտավորությունները, որոնք նրանք, ինչպես հաղորդվում է, ստանձնել են հունգարացիների առջեւ արձակումից առաջ»։
Իսկ հարցին` «արդյոք, ձեր ըմբռնմամբ, նրանք հետեւո՞ւմ են այդ պարտավորություններին», Նյուլանդը պատասխանել է. «Մենք ունենք որոշ մտահոգություններ, ինչպես ասել ենք ի սկզբանե, այդ հարցի շուրջ հատկապես»։
«Ազատություն» ռադիոկայան