Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մտել էինք ու ահագին անցել, Մոսկվայից Ստալինը զանգեց և հետ կանչեց». Մանրամասներ հայ հետախույզի կյանքից

Սեպտեմբեր 11,2012 17:03
Սմբատ Խոջոյանը ծոռան՝ Արտեմ Խոջոյանի հետ

Սմբատ Խոջոյանը ծոռան՝ Արտեմ Խոջոյանի հետ

«Թուրքական Մեջլիսում կար մի պատգամավոր, ում շատ նման էր պապս`Սմբատ Խոջոյանը: Նա պետք է փոխարիներ այդ պատգամավորին: Շատ երկար ժամանակ տեսանյութերով, նկարներով ուսումնասիրել էր նրան՝ ձայնը, խոսելու ձևը, պահվածքը: Դա 40-ականներին էր,- պատմում է Սմբատ Խոջոյանի ավագ թոռ Գեորգի Խոջոյանը, ով այժմ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի «Անվերջ թատերական կղզի» մնջախաղի թատրոնի ղեկավարն է,-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պապուս ուղարկեցին Թուրքիա: Ես չգիտեմ՝ պատգամավորն իր մահո՞վ մահացավ, թե՝ ոչ, սակայն պապս հենց ասաց, որ ինքը պատրաստ է, նրան թուրք պատգամավորի փոխարեն ուղարկեցին մեջլիս: (Սմբատ Խոջոյանը թուրք պատգամավորին պետք է փոխարիներ նաև ընտանիքում-Լ.Ս ) Ոչ ոք ոչինչ չհասկացավ, բացի պատգամավորի կնոջից, որը, պարզվեց, հայուհի է ու չմատնեց նրան: Հետո կինն էլ դարձավ հետախույզ: Պապս պատերազմի տարիներին շատ գաղտնի նյութեր էր ստանում և ուղարկում Մոսկվա»: Գեորգի Խոջոյանն այս մասին իմացել է «Հայաստանի զրուցակից» պարբերականի մի հոդվածից, որը լույս էր տեսել 2007 թվականին և պատմում էր հայ հետախույզ Սմբատ Խոջոյանի գործունեության մասին. «Մենք գիտեինք, թե ինքը սահմանապահ է, փաստորեն, նա սուպեր հետախույզ է եղել»,- ասում է Գեորգի Խոջոյանը:
Պարբերականը գրում է, որ մի քանի տարի անց Սմբատ Խոջոյանին բացահայտում են, և նա որոշում է լողալով անցնել Արաքս գետը: Սակայն թուրքերը նկատում են և կրակ արձակում նրա ուղղությամբ: Հետախույզը սուզվում է և շուրջ 15 ժամ ջրի հատակը մնալուց հետո (շնչում է ցողունի միջոցով- հեղինակ)` հասնում է ափ: Մինչ թուրքական մեջլիս մտնելը՝ Սմբատ Խոջոյանը շատ  է եղել Անկարայում՝ հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով:
Այս բոլոր մանրամասներն իմանալուց հետո՝ Գեորգի Խոջոյանի համար շատ հարցեր, որոնք ժամանակին չէր կարողանում հասկանալ, միանգամից պարզ են դառնում. «Նրա թաղման օրը մի խումբ մարդիկ ավտոմատներով եկան, շարվեցին և սկսեցին օդ կրակել, բոլորը զարմացել էին: Հետո կարդացի, հասկացա՝ նա ով է: Ամեն տարի հանգստանալու ուղեգրեր էր ստանում: Ասում էի՝ շարքային մարդ է, ինչու՞»: Պարոն Գեորգիի հայրն էլ պատմել է նրան, որ երբ երկար ժամանակով բացակայում էր տանից, ամեն անգամ վերադառնալիս համեղ կոնֆետներ էր բերում, միշտ զարմանում էին՝ այս ծանր պատերազմական տարիներին որտեղի՞ց:
Այնուհետև թուրքական հայտնի թերթերը սկսեցին գրել այս մասին, հայկական մի քանի կայքեր անդրադարձան շուրջ 70 տարի առաջ կատարված դեպքերին`որակելով այն համաշխարհային հետախուզական պրակտիկայում բացառիկ, նմանը չունեցող, համարձակ, ոսկերչական նրբությամբ հանճարեղորեն իրականացված օպերացիա:
Պատմում է` երբ նոր էր կարդացել հոդվածը, խառը զգացմքունքներ էին արթնացել, շատ հպարտ էր:
Պարոն Գեորգին իր պապիկին հիշում է որպես շատ կատակասեր մարդ. «Իր ծոռը երբ ծնվեց, իմ մեծ տղան, հեքիաթներ էր կարդում: Լավ հիշում եմ՝ «Երեք խոզուկներն» էր կարդում ու ասում՝ էս փոքրը շատ խորամանկն ա»:
Հետախույզի թոռը զարմանքով է հիշում. «Պատերազմից հետո 40 տարի ապրեց, բայց ոչինչ ոչ մեկին չասաց»: Սակայն, մեկ բան, այնուամենայնիվ, ասել է նրան. «Ես ասում էի, որ այդ պատերազմին մենք կարող էինք վերադարձնել մեր հողերը, շատ լավ առիթ էր, կմտնեինք հանգիստ: Իսկ նա ասաց՝ իսկ գիտե՞ս, որ մենք մտել էինք ու ահագին անցել, Մոսկվայից Ստալինը զանգեց և հետ կանչեց: Այդ միակ բանն էր, որ ինձ խոստովանեց»:
Սմբատ Խոջոյանը մահացել է Հայաստանում 1984 թվականին` 81 տարեկան հասակում:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930