Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին օղին հայերն են թորել. ապացուցում է գինեգործների միության նախագահը

Սեպտեմբեր 11,2012 16:29

Հայերն ավելի շատ օղի են խմում, քան` գինի, եւ փաստորեն վերադառնում են իրենց արմատներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց` թե ի՞նչն է պատճառը, որ հայերը օղի ավելի շատ են օգտագործում, քան գինի, ընդ որում, հյուսիսային ազգերը պնդում են, որ օղու բնօրրանը հյուսիսային երկրներում է: «Նախ օղու հայրենիքը Հայաստանն է, համենայնդեպս, ինձ հայտնի առաջին արձանագրությունները վերաբերում են հայկական լեռնաշխարհին: Այսինքն օղին եղել է Ուրարտուից երեւի 500 տարի առաջ: Օղու հետ կապված հին սեպագրերում եւ ձեռագրերում ասվում է, որ օղին Աստվածների եւ թագավորների խմիչք է եւ հասարակ մահկանացուները չպետք է խմեն: Դա մտավ նաեւ Իսլամ ու մնաց մինչեւ 13 -17 դար: Հետո, իհարկե, Իսլամը արգելք դրեց օղու եւ գինու վրա: Բայց օղին միշտ եղել է քաղաքական խմիչք, օղին միշտ լուծել է քաղաքական խնդիրներ եւ միշտ օգտագործել են այն երկրները, որտեղ ներքին իրավիճակը լարված է եղել եւ ծայրահեղ աղքատ երկիր է եղել: Օղու միջոցով լուծվել են շատ լուրջ  ներպետական եւ միջպետական խնդիրներ»:

Ինչ վերաբերում է գինուն, ապա պարոն Հարությունյանի մեկնաբանմամբ`այն մշակութային խմիչք է, գինին` արվեստ է, գինին հոգեւոր դաշտում է:

Իսկ թե ե՞րբ հայերը հրաժարվեցին գինուց, մասնագետն այսպես ներկայացրեց պատմությունը. «Գինուց հրաժարվեցին 15-րդ դարում, Իսլամն այստեղ իշխեց եւ արգելեց, հետո Ցարական Ռուսաստանն ասաց` հայե’ր, ավելի լավ է դուք օղի արտադրեք, որովհետեւ ձեզ մոտ ունեք  ռուսական մեծ կոնտինգենտ եւ ձեզ մոտ օղին շատ լավ կսպառվի եւ օղու տեխնոլոգիան մտավ Հայաստան: Հետո փոխվեց կոնյակի, որովհետեւ օղուց կոնյակ կես քայլ է: Կոնյակն ու օղին ստվերային շատ մեծ բաղադրիչ են պարունակում: Խորհրդային տարիներին կոնյակի եւ օղու ստվերային այդ բաղադիչը հասնում էր տարեկան 300 միլիոն ռուբլու, եւ քանի որ Հայաստանը շատ է սիրում փող աշխատել, ամբողջությամբ նվիրվեց այդ գործին: Կարող եմ ասել, որ գինու արտադրությունում 96%-ը բաժին էր ընկնում պորտֆեյնին, եւ ոչ որակյալին: Սա է պատճառը, որ մեր ժողովրդին, վերջին 150 տարիներին զրկել են լավ գինի ունենալուց եւ դրա պատճառով սկսել են օղի օգտագործել: Պատմական հիմքերը շատ մեծ են: Սրան էլ գումարած այն, որ հայրենական պատերազմից վերադարձան 600 հազար երիտասարդ ու միջին տարիքի հայ տղամարդիկ, որոնք 5 տարի դաստիարակվել էին 50 գրամ օղու վրա, իրենք օղու մշակույթ մտցրեցին`  սկսեցին տոտալ օղի արտադրել»:

Պարոն Հարությունյանը նկատեց նաեւ, որ անգամ թեթեւ հույս էլ չկա, որ մեզանում մշակույթը կփոխվի եւ կսկսենք գնահատել գինին. «Գենետիկական շեղում կա, որը թույլ չի տալիս անցնել գինու: Սա ընդհանուր կրթական, մշակութային եւ հոգեւոր դաստիարակության խնդիր է: Եթե պետությունն այսօր ոչ գինին եւ ոչ էլ խաղողը պրիարիտետ չի համարում, էլ ի՞նչ եք ուզում:

Մի կողմից փաստում են մեզ, որ ցորենը ստրատեգիական կարեւորության մթերք է, որ ընդամենը 40%-ով ենք բավարարվում, եւ մյուս կողմից էլ աչք է փակվում, որ ցորենը գնում է դեպի օղի եւ կոնյակ:  Էդ պետությունից սպասում եք հոգեւոր հեղափոխությա՞ն` մշակութային դաշտում, իհարկե` ոչ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930