ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը վերաբացվում է ամերիկահայ բարերար Ա.Ց. Դիլդիլյանի անվան միներակների նոր սրահի շնորհանդեսով: Շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, Բաղրամյան 24 ա հասցեում: Թանգարանի վերաբացման արարողությանը հրավիրված են ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները եւ ինստիտուտների ղեկավարները, ՀՀ կառավարության անդամները, Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների տնօրենները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանակ թանգարանը հիմնադրվել է 1937թ-ին: Թանգարանի ֆոնդը կազմում է 11000 նմուշ, որոնցից ցուցադրվում է ավելի քան 2700-ը:
Թանգարանում առանձնացվում են հետևյալ բաժինները՝
1. Հանքաբանություն (միներալոգիա)
2. Հնէաբանություն
3. Քարաբանություն
4. Հայաստանի օգտակար հանածոներ
5. Հայաստանի հանքային ջրեր
6. Հայաստանի երկրաբանական հուշարձաններ:
Հայտնի 3000 անուն միներալներից գրեթե կեսը ցուցադրված է թանգարանում` ամեթիստ, զմրուխտ, նռնաքար, սաթ, տոպազ, սուտակ, շափյուղա, Սարիգյուղի ագաթները, Արագածի օբսիդիանները, Մարմարաշենի մարմարային օնիքսները, Թեղուտի փիրուզը, և այլն:
Հնէաբանության բաժնի ցուցանմուշների մեծամասնությունը կազմում են բրածո օրգանիզմների մնացորդները, որոնք կյանքի առաջին փաստացի հետքերն են Երկրի վրա: Բաժնում գլխավորտեղը զբաղեցնում է թանգարանի ամենամեծ ցուցանմուշը՝ նախապատմական թրոգոնթերյան փղի կմախքը:
Քարաբանության բաժինը ներկայացված է տարբեր տեսակի լեռնային ապարներով: Այստեղ կան հրաբխային, նստվածքային և փոխակերպային ապարներ, բոլոր տիպերն էլ ցուցադրված ենցուցափեղկերում:
Թանգարանում ցուցադրված է նաև ավելի քան 50 տեսակի օգտակար հանածոների 1000 նմուշ:
Հանքային ջրերի բաժնում ներկայացված է «Հայաստանի հանքային ջրերի ելքերի» քարտեզը:
«Բնական երկրաբանական հուշարձաններ» բաժնում ցուցադրված են Հայաստանի յուրահատուկ երկրաբանական հուշարձանների 24 լուսանկարներ:
Հարգանքներով`
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն