Ինչպես հաղորդել էինք, «Հայելի» ակումբում այսօր քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսեցին քաղաքական դաշտի զարգացումներից: Հրանուշ Խառատյանն անդրադարձավ վերջին շրջանում աղմուկ հանած Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որում Խառատյանին մեղադրանքներ էին ներկայացվում Գագիկ Ծառուկյանի կողմից հովանավորվելու համար:
Խառատյանն ասաց, որ «Հայաստանի քաղաքական գործիչների պերճանքն ու թշվառությունը» վերնագրով հոդվածում պարզաբանել է «օլիգարխ» հասկացությունը. «Օլիգարխն այն մարդն է, ով հանրային միջոցների հաշվին եկամուտ է կուտակել եւ շարունակում է կուտակել՝ իշխանության վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու միջոցով: Սկզբունքորեն, օլիգարխը գաղութացնում է իր երկիրը: Իսկ պերճանքը պարոն Հայրապետյանի մինչ օրս պատգամավոր եւ ՀՀԿ-ական լինելն է եւ այն ատոնությունները, որոնք նա վայելում է: Թշվառությունը նրա պարզ ստախոսությունն է այն մասով, թե ահաբեկել են իր ընտանիքը, մինչդեռ նույն հարցազրույցում ասել է, որ ընտանիքն այդ օրը եղել է հյուրանոցում: Մյուս կողմից՝ ընտանիքի անդամներին ահաբեկվելուց զերծ պահելու համար Հայրապետյանն ինքը պետք է վերահսկի իր վարքը»:
Ազգագրագետի խոսքով՝ Հայրապետյանի համար առանցքային խնդիր է սրա կամ նրա մարդը լինելը. «Սկզբում նա Ռոբերտ Քոչարյանի մարդն էր, հետո՝ Սերժ Սարգսյանի՝ շեշտադրելով, որ ինքը Սարգսյանին միակ հավատարիմ մնացած մարդն է: Այդ նույն տրամաբանությամբ էլ ասում է, թե ես այսինչի մարդն եմ: Հայրապետյանի ուղեղում քաղաքական կողմնորոշումների առումով գործում է մի տեսակ, որը կոչվում է՝ «դու այսինչի մարդն ես»:
Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Ռուբեն Հայրապետյանն իրականում վախեցած է, որ իրեն «կքցեն». «Այնքան է վախեցած, որ հրապարակայնորեն փորձում է իր համար պաշտպանական վահաններ գտնել: Ես վախենում եմ Ռուբեն Հայրապետյանի սպառնալիքներից՝ միաժամանակ հասկանալով, որ դրանք նրա վախից են բխում: Ես ոչ մեկի մարդը չեմ, ոչ մեկի հետ չեմ համագործակցել եւ կոպեկ չեմ ստացել: Ինչ վերաբերում է կարծիքին, թե «Վահե Ավետյան» շարժումը քաղաքականացված է, ասեմ, որ մենք ինքներս ենք մտահոգ հասարակական զարգացումներով: Այս ամենը կապ չունի որեւէ քաղաքական ուժի հետ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ