Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը Եվրոպայում «տեր է կանգնում» իր գինիներին, Հայաստանը` ոչ

Սեպտեմբեր 11,2012 15:41

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում 5.3 միլիոն լիտր կոնյակ է արտադրվել, սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 54%-ով է ավելի, եւ 2.2 միլիոն լիտր գինի է արտադրվել, որը 33%-ով պակաս է անցյալ տարվա առաջին կիսամյակից: Այսօր «Հայացք» ակումբում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա ներկայացմամբ` այս տարվա առաջին կիսամյակին 2 անգամ ավելի օղի է ներմուծվել, քան անցյալ տարի, եւ 3 անգամ պակաս գինի, քան անցյալ տարի, իսկ կոնյակը, որը հիմնականում արտահանվում է ԱՊՀ երկրներ` 2 անգամ ավելի է արտահանվել:Պարոն Հարությունյանի խոսքերով` «2.7 միլիոն լիտր օղի անցյալ տարի ենք ներմուծել, եւ մոտ 5 միլիոն լիտր` այս տարի: 342 հազար լիտր գինի ենք ներմուծել անցյալ տարի, իսկ այս տարի՝ 129 հազար լիտր:

Ամենավատ նորությունը. Այս կիսամյակում հայերը ուղիղ 3.2 անգամ ավելի շատ օղի են խմել, քան անցած տարվա առաջին կիսամյակում եւ մոտ 44%-ով  պակաս` գինի, քան անցյալ կիսամյակում»: Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ գինու սպառումն ու ներմուծումը Հայաստան նվազել է, պարոն Հարությունյանի մեկնաբանմամբ, ոչ թե այն է, որ մեր գինիների որակն է լավացել, այլ. «Ուղղակի մարդիկ լավ կյանքից չէ, որ օղի են խմում: Իսկ ընդհանուր առմամբ գինու որակը գնալով լավացել է, բայց մեր սպառողի հեչ վեջը չէ, չի նկատում: Արտահանողները, կարծում եմ, կնկատեն, բայց արդեն ուշ է, քանի որ իմ տեղեկություններով մինչեւ տարեվերջ վրացական գինիները կմտնեն ռուսական շուկա եւ այն հնարավորությունը, որ մենք ունեինք` 6 տարվա օգտագործման, ի չիք դարձան»:

Պարոն Հարությունյանի ներկայացմամբ` վրացիները գրանցել են «գինու օրրանը» ապրանքանիշը, եւ սա նշանակում է, որ այլ արտադրողներին  արգելված է իրենց գինու պիտակներում օգտագործել «գինու օրրան»` առանց Վրաստան բառակապակցության.«Եվրամիությունը արգելք է դնելու օրրան- գինի-Հայաստան բառակապակցությանը: Ցավալին այն է, որ սա մասնավոր ընկերություն չի գրանցել, այլ` վրացական պետությունը: Մենք փորձեցինք ընդդիմանալ, որ դատական ընթացակարգով մերժվի, բայց այդ ոլորտի մասնագետները շատ մեծ գումար ուզեցին, մեր պետությունն այդ գումարը չի ուզում տալ, իսկ մենք այդ կարգի միջազգային մասնագետ-փաստաբաներ չունենք, որոնք լիցենզավորված լինեն: Կարծում եմ հարցը փակվեց եւ հայց չի ներկայացվի»:

Գինեգործների միության նախագահը խաղողի բերքի մթերման առնչությամբ էլ ասաց, որ այս տարի աննախադեպ բարձր որակի խաղողի բերք կա: Ըստ պարոն Հարությունյանի, մթերման գինը 130-140 դրամի սահմաններում է, եւ չնայած ՀՀ նախագահը հանձնարարական է տվել, որ 140 դրամով գնեն արտրադրողները, բայց սա բիզնեսին միջամտելու տենդենց է եւ այն արդարացված կլիներ,  եթե պետությունը կարողանար ազդել այն օղակների վրա,  որոնք վերջնական արտադրանքը վերածում են փողի. «Պատկերացրեք` ստիպում են գինու գործարաններին, որ մթերեն որոշակի գնով, բայց չեն ստիպում առեւտրի կետերին, որ նրանք էլ ողջամիտ ժամանակահատվածում վերադարձնեն փողերը: Այսօր առետրի կետերը, սուպերմարկետները  առնվազն 2 անգամ ավելի գումար են պարտք արտադրողներին…մի խմբաքանակ մնում է կրեդիտ, մյուսինը` ավելի ուշ են տալիս: ԱՄՆ-ում ընդհանրապես արգելված է ընդունել որեւէ ապրանք, եթե նա որեւէ խանութին պարտք է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930