Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաֆարովը ռազմական հանցագործ է». Հայկ Դեմոյան

Սեպտեմբեր 11,2012 15:37

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, անդրադառնալով Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովի արտահանձնման փաստին ու դրա հետեւանքներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2006 թ.  Սաֆարովը ցմահ ազատազրկում եւ դաժան պատիժ ստանալուց հետո օգտագործված նյութ էր, ով խայտառակել էր իր ժողովրդին ու այն բանակը, որը ներկայացնում էր: «Սաֆարովն իր առաջին ցուցմունքները տալու ժամանակ բացահայտել էր Թուրքիայի եւ Ադրբեջանի համար վտանգավոր  ռազմական գաղտնիք: Սոսկալի մի բացահայտում էր արել, ասելով, որ տարբեր գործիքներով մարդ սպանելու հնարքներին  սովորել եմ Հյուսիսային Կիպրոսի  թուրքական ռազմաբազաներում: Սա նշանակում է, որ Սաֆարովը բացահայտել է իր երկրի համար խայտառակ մի փաստ, մի երկիր, որն ամեն օր նախագահի մակարդակով աղի արտասուք է թափում 20 տոկոս անդամահատության համար, պարզվում է, որ իր երկրի սպաներն ու զինվորները մեկ այլ երկրի տարածքում, որը ռազմակալված եւ անօրինական ձեւով օկուպացված է մեկ այլ երկրի կողմից, անցնում են ռազմական պատրաստություն: Սա նաեւ բացահայտել է թուրքական վտանգավոր ռազմական գաղտնիքը. պարզվում է, որ թուրքական բանակը իր կողմից օկուպացված Եվրամիության տարածքում մարզում է ադրբեջանական մարդասպաններ, որոնք պետք է Եվրոպայի կենտրոնում իրականացնեն հանցագործություն»,-ասաց Դեմոյանը՝ շեշտելով, որ Սաֆարովը ռազմական հանցագործ է, իսկ նախագահը, որը ներում է շնորհել նրան՝ կրկնահանցագործ:

Ո՞ւմ էր պետք Սաֆարովը հարցին պատասխանելով՝ Դեմոյանը հավելեց, որ իր խորին համոզմամբ՝ միայն Ալիեւին ու վերջինի կլանին, որը լուրջ խնդիրներ ունի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ. «Ադրբեջանը «Եվրատեսիլից» հետո լուրջ հարված ստացավ, դրանից հետո միջազգային լսարանի կեղտն ու ցեխը լցվեց նրա վրա:  Ալիեւը բացել է բոլոր ճակատները՝ Ադրբեջանին ջախջախիչ հարված հասցնելու համար քարոզչական դաշտում: Մենք լուրջ սխալ թույլ կտանք, եթե չկարողանանք օգտվել ստեղծված հնարավորությունից: Քայլ առաջին. նախ՝ պետք է ՄԱԿ-ում Ադրբեջանի լիազորությունների կասեցման հարց  բարձրացվի, որպես անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, երկրորդ՝ շուտով Եվրապառլամենտում կլինեն քննարկումներ, այստեղ նաեւ այս հարցը պետք է բարձրացվի, բացի այդ, ժամանական է, որպեսզի մենք հակահայկականությունը դիտենք որպես միջազգային հանցագործության տեսակ: Ալիեւը Հայաստանի Հանրապետությանը ոսկե քայլ իրականացնելու հնարավորություն է ընձեռել՝ դա պատժիչ միջոցն է»:

Միջազգային հանրության արձագանքը ըստ Դեմոյանի, մեր ակնկալածից ավելին էր, քանի որ, ըստ նրա, այդ հայտարարությունները կարող էին եւ չլինել, որովհետեւ բոլորին էլ հայտնի են միջազգային հանրության երկակի, եռակի ստանդարտները. «Նրանց համար Սաֆարովի հանցագործությունը, Գուրգեն Մարգարյանի սպանությունը կարող էր չդիտվել համաշխարհային քաղաքականության մի հարց, այլ ընդունվեր որպես սովորական հանցագործություն: Բայց մենք չպետք է բավարարվենք ասվածով, պետք է պահանջենք ու ակնկալենք ավելին: Եվ քանի որ առիթ է ստեղծվել, պետք է անընդհատության սկզբունքով հարված  հասցնենք Ադրբեջանին, եւ այդ հարվածները պետք է նպաստեն մեր դիրքորոշման ամրապնդմանն ու կոշտացմանը բանակցային գործընթացում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930