Այսօր առողջապահության ոլորտի պատասխանատուները քայլ առ քայլ մեր բնակչությանը տանում են պարտադիր բժշկական ապահովագրության: Քաղաքացիներին համոզելու համար, որ ապահովագրված լինելը առողջությունը պահպանելու միակ գրավականն է, վստահեցնում են նաեւ, որ այսուհետ
բժիշկ-հիվանդ ֆինանսական հարցերը կարգավորվելու են ապահովագրական ընկերության եւ բուժհիմնարկի միջեւ եւ հաճախորդը ստիպված չի լինելու բժշկի, բուժքույրերի խալաթի գրպանը գումարներ դնել:
Ապահովագրական շուկայում նաեւ բժշկական ապահովագրություն մատուցող «Ինգո Արմենիա» ընկերության աշխատանքային պրակտիկան ցույց է տվել, որ բուժհիմնարկների հետ համագործակցության ընթացքում ֆինանսական խնդիրներ, այնուամենայնիվ, ծագում են: «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը «Նոյյան Տապան» մամուլի ակումբում ասաց, որ հիվանդանոցներում ապահովագրված քաղաքացիներին ստիպում են ավել վճարումներ կատարել` այսինքն` հաճախորդին ներգրավում են ֆինանսական հարցերի մեջ:
Aravot.am-հարցին, թե կոնկրետ ո՞ր բուժհիմնարկներն են ապահովագրված հաճախորդից ավելի գումարներ պահանջել, պարոն Ալթունյանը բուժհիմնարկի անուններ չհրապարակեց: Նրա պատասխանի մանրամասները` տեսանյութում.
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ԱՊՊԱ-ի դեպքում ճնշումներ լինո՞ւմ են իրենց ընկերության աշխատակիցների վրա, Լեւոն Ալթունյանը փաստեց, որ երբեմն պատահում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում բոլոր կողմերի վրա էլ ճնշումներ լինում են: Ըստ գործադիր տնօրենի, շատ է պատահում, երբ կողմերը համաձայնության են գալիս, ասենք` անմեղ կողմը վթարի մեղքն իր վրա է վերցնում, մեղավորը հոգում է նրա ծախսերը, քանի որ անմեղ կողմի մեքենան ավելի էժանանոց է, եւ արդյունքում ապահովագրական ընկերությունը ստիպված է լինում փոխհատուցել թանկարժեք մեքենայի համար:
Ըստ Լեւոն Ալթունյանի, վթարների քանակը մեր երկրում բարձր է, եւ այնքան ժամանակ չի նվազի, մինչեւ «վարորդական իրավունքները ձեռք բերվեն ոչ թե գումարով, այլ` խելքով»:
Կառավարության սոցիալական փաթեթի 120 հազար հաճախորդներից «Ինգո Արմենիա»-ում ապահովագրվել է մոտ 40 հազար պետական աշխատող: Ընկերությունն ունի նաեւ պատասխանատվության ապահովագրություն, ըստ գործադիր տնօրենի՝ այդ կատեգորիայի մեջ մտնում են ինտելեկտուալ, էկոլոգիական եւ այլ ապահովագրություններ: Այսինքն` այս կամ այն հիմնարկը կարող է դիմել եւ իրեն ապահովագրել իր հասցրած էկոլոգիական վնասները փոխհատուցելու համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ