Այսօր «Ելակետ» ակումբում հյուրընկալվել էր Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա խոսեց ՏԻՄ ընտրությունների եւ ներքին քաղաքականության մասին: Մարքսիստն ասաց, որ վաղուց իր քաղաքական լեքսիկոնից հանել է ընտրություն հասկացությունը: Կարծում է, որ այն, որպես ժողովրդավարության բաղկացուցիչ մաս, երրորդ հանրապետությունում գոյություն չունի. «Մեզ մոտ իշխանությունը ընտրվում է վերեւից, դա գնվում է, ոչ թե ընտրվում. ժողովուրդը վաճառում է, իսկ հարուստները գնում են: Բանը հասել է նրան, որ ընտրողը, ով հրավեր չի ստանում ընտրության մասնակցելու համար, գնում է եւ ընտրատեղամասի մոտ թրեւ գալիս, որ ինչ որ մեկը կաշառք առաջարկի: Ինչպես կասեր Փարպեցին` հարգվում է փողը»:
Գլխավոր մարքսիստի համոզմամբ`ընտրական իրավունքը պարտադիր ռեֆորմների պետք է ենթարկվի: Պետք է վերականգնվի նաեւ նախկինում գործած գավառապետական ինստիտուտը:
Նա իր խոսքի մեջ նշեց, որ եկող նախագահական ընտրություններից հետո կլինի նոր նախագահ, Aravot.am-ի այն հարցին, թե ո՞վ կամ ո՞ր քաղաքական ուժից կլինի այդ մարդը, պատասխանեց. «Աստծո աչքը մեր ժողովրդի վրա է: Դուք կարծում եք, այս ժողովրդի արգանդը չորացե՞լ է: Փոխվում են ժամանակները, փոխվում են տերերը: Նախագահի փոփոխումը մեզ համար շատ կարեւոր հարց է»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինքը դնելու՞ է իր թեկնածությունը, նա պատասխանեց. «Եթե Ձեր նման հմայիչ օրիորդը խնդրում է, ուրեմն կընդունեմ եւ կդնեմ: Մենք կաշխատենք ապացուցել, որ այդ հաղթանակին մենք արժանի ենք: Թեկուզ չհաղթենք էլ, մենք նոր գաղափարներ ենք առաջարկում, դա է կարեւորը»:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, նա ասաց, որ ինքն անձամբ ծանոթ չէ Գյումրու նորընտիր ղեկավարին, եւ իր ձեւակերպմամբ՝ ապրենք հույսով, վաղվա լույսով:
Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատի վայր դնելու մասին, Հակոբյանն ունի իր կարծիքը. «Քաղաքական գործիչները, որոնց իմիջմեյքերներն ասում են, որ նա փայլել չի կարող եւ կկորցնի իր փառքը, նրան խորհուրդ են տալիս հեռանալ այդ ոլորտից: Սա իմիջի ստեղծմանն էր ուղղված»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ
Կարդացեք նաև