ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրատվամիջոցների դեմ օգտագործվող հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այդ առիթով «Առավոտի» հետ զրույցում խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գիտեք, որ քաղաքացիական օրենսգրքով անտրամաբանական տուգանքներ են սահմանված: Նախ՝ խնդիր է դրվում, որ այդ տուգանքները լինեն տրամաբանության սահմաններում»: Երկրորդ կարեւոր հանգամանքն, ըստ մեր զրուցակցի, հետեւյալն է. «Երբ լրատվամիջոցը դատարանում տեղեկատվության աղբյուրը բացահայտում է, եւ ինֆորմացիայի աղբյուրն ընդունում է, որ այդ տեղեկատվությունն ինքն է տվել, կամ էլ լրատվամիջոցը ապացույց է ներկայացնում, որ այդ տեղեկությունը՝ հավաստի համարելով, այսինչ աղբյուրն է տրամադրել, տվյալ դեպքում լրատվամիջոցը պետք է ազատվի պատասխանատվությունից: Այն պետք է կրի լրատվության աղբյուրը, եթե լրատվամիջոցը հարմար կգտնի»: Գործող օրենսդրությամբ՝ վիրավորանքի դեպքում, որպես դատական սանկցիա, կիրառվում է ներողություն խնդրելը: «ՀՀ Սահմանադրությունն ասում է, որ մարդուն չի կարելի հարկադրել իր կարծիքից հրաժարվել: Եթե որեւէ մեկը որեւէ մեկի մասին կարծիք ունի, եւ այդ կարծիքն ընդհուպ վիրավորական է, դրա համար կարելի է տուգանել եւ նմանատիպ այլ սանկցիաներ կիրառել: Բայց մարդուն պարտադրել, որ իր կարծիքից հրաժարվի՝ նման բանն ուղղակի ՀՀ Սահմանադրությամբ չի կարելի: Մեր առաջարկը կայանում է նրանում, որ Սահմանադրության այդ դրույթը նույնպես հարգվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ առաջարկների փաթեթը դեռ քննարկումների փուլում է, եւ չի բացառվում, որ վերջնական տեսքում ինչ-ինչ փոփոխություններ լինեն:
«Առավոտը» պարոն Փաշինյանից հետաքրքրվեց՝ կա՞ն խմբակցության անդամներ, ովքեր սկզբունքորեն համաձայն չեն առաջարկների հետ: «Խմբակցությունը որոշել է, որ այդ առաջարկների փաթեթով պետք է հանդես գա, ընդհանուր գաղափարախոսությունը համաձայնեցված է, իսկ նրբությունները արդեն կքննարկենք այսօր կամ վաղը»,- ասաց մեր զրուցակիցը: Ի՞նչ ակնկալիքներ կան, որ խորհրդարանական գործընկերները ընդառաջ կգնան ՀԱԿ-ի այս նախաձեռնությանը, պարոն Փաշինյանը հակադարձեց. «Այնուամենայնիվ, դրանով կերեւա… Քաղաքացիական օրենսգրքում ընդունված հայտնի փոփոխությունների գործնական կիրառումը շատ մեծ խնդիրներ առաջացրեց մամուլի ազատության ոլորտում: Քանի որ այդ խնդիրը մենք տեսնում ենք, օգտվելով հնարավորությունից՝ այդ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք: Մնացածը կախված է հանրության եւ լրատվամիջոցների աջակցությունից՝ թե ինչ արձագանք կգտնի դա խորհրդարանում»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ լրատվամիջոցների ղեկավարների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հարցը չի քննարկվել: Դա կարվի այն ժամանակ, երբ ՀԱԿ խմբակցությունն իր վերջնական դիրքորոշումը կձեւավորի: «Ես լրատվամիջոցի ղեկավար եղած շրջանում այդ թեմայով քննարկումներ ունեցել եմ, եւ որեւէ լրատվամիջոցի համար այստեղ խնդրահարույց ոչինչ չկա: Հակառակը՝ դաշտը բարելավելուն է ուղղված»:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ