Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն կրկին հաղթեց

Սեպտեմբեր 11,2012 14:16

Դա չի գոհացնում ոչ ոքի, սակայն բողոքարկել է միայն ԲՀԿ-ն

«Ոչ, չի կարելի: Եթե ՀՀԿ-ականները նկատի ունեն, որ նախագահական ընտրություններին է՞լ պիտի այսքան մարդ մասնակցի… նախագահական ընտրություններն իրենց բնույթով տարբերվում են, եւ ես համաձայն չեմ այդ գնահատականների հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով մեր դիտարկմանը՝ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ական տարբեր ներկայացուցիչներ հայտարարում էին, որ ինչպես խորհրդարանական, այնպես էլ ՏԻՄ ընտրությունները ցուցիչ են լինելու առաջիկա նախագահական ընտրությունների համար. դատելով նրանից, որ եւ խորհրդարանական, եւ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գերիշխող դիրք ունի, կարելի՞ է ենթադրել, որ նախագահական ընտրությունների արդյունքները կանխորոշված են: «ՏԻՄ ընտրություններին մասնակցեցին ընտրողների 50 տոկոսից էլ պակաս: Եթե ցուցիչ կարող ենք համարել, դա այն է, որ հանրությունը, փաստորեն, իսկապես սկսում է կորցնել հետաքրքրությունը եւ վստահությունն ընտրությունների նկատմամբ»,- շարունակեց պարոն Վարդանյանը՝ զարմանալի համարելով, որ անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին «թղթի վրա» շատ ավելի մեծ մասնակցություն է արձանագրվել, բայց ՏԻՄ ընտրությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են տվյալ համայնքի, տվյալ մարդկանց առօրյա կյանքին, ընտրողներն ինչքան անտարբեր եւ պասիվ են: «Սա միայն մի բանի մասին է խոսում՝ ընտրությունների կանխորոշվածության»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ կիրակի օրը հանրապետությունում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում դարձյալ առավելություն գրանցեց իշխող Հանրապետական կուսակցությունը: 370 համայնքներից, որտեղ կայացել են ընտրությունները, նախնական տվյալներով՝ 240 համայնքներում ՀՀԿ-ն է հաղթել: Կուսակցությունում, բնականաբար, գոհ են ընտրությունների արդյունքներից: Ընթացիկ տարբեր միջադեպերը, կարծում են, չէին կարող էական ազդեցություններ ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Համենայնդեպս, երեկ խորհրդարանում ՀՀԿ-ական գործիչները նման մեկնաբանություններով էին հանդես գալիս: ԲՀԿ-ում այդքան էլ գոհ չեն: Երեկ Մասիս քաղաքի քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը դիմել է ԿԸՀ՝ քաղաքի բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկի պահանջով: Այստեղ, նախնական տվյալներով, հաղթել է ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը: Հիշեցնենք, որ Մասիսում նախընտրական կրակոցներ էլ հնչեցին: Ընդհանուր առմամբ, ԲՀԿ խմբակցության քարտուղար  Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումները կրկնվեցին սեպտեմբերի 9-ին՝ լոկալ առումով:

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը թեեւ 10-ից ավելի համայնքներում հաջողություն է գրանցել, սակայն ակնհայտորեն դա նրանց չի բավարարում: Համենայնդեպս, երեկ կուսակցության փոխնախագահը լրագրողների հետ զրույցներում կրկին փաստեց, որ այս ընտրություններում եւս «որոշիչ դեր է կատարել ընտրակաշառքը»: Համանման հայտարարությամբ Հեղինե Բիշարյանը հանդես էր եկել նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո. «Ով գումար ուներ՝ նա էլ բաժանում էր»: Այս ամենով հանդերձ՝ ՕԵԿ-ում չեն պատրաստվում վիճարկել ընտրությունների արդյունքները: «Առավոտի» հարցին՝ քանի որ եւ խորհրդարանական, եւ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գերիշխող դիրք ունի, կոալիցիոն գործընկերոջ կողմից սա մեղադրանք չէ՞ ՀՀԿ-ի նկատմամբ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Չեմ կարծում, որ այդ հայտարարությամբ տիկին Բիշարյանը նկատի է ունեցել ՀՀԿ-ական թեկնածուներին, որովհետեւ ՀՀԿ-ական թեկնածուները հաղթել են բաց, թափանցիկ, ազատ ընտրության պարագայում: Կարծում եմ՝ տիկին Բիշարյանը շատ լավ գիտակցում է, որ այսօր Հայաստանի ամենահզոր, ազդեցիկ քաղաքական ուժը կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն է»: Քանի որ Բիշարյանն ինքը այդպես էլ չի հստակեցնում, թե որ ուժը նկատի ունի, «Առավոտը» պարոն Շարմազանովից հետաքրքրվեց՝ կարծում եք ԲՀԿ-ի՞ն նկատի ունի ՕԵԿ փոխնախագահը, քանի որ վերջինս երկրորդ հորիզոնականում է: «Ես նման բան չասացի: Չգիտեմ, թե տիկին Բիշարյանն ում նկատի ունի, բայց հաստատ ՀՀԿ-ին նկատի չունի, քանի որ ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել, ՀՀԿ-ն մեր երկրում ժողովրդավարական գործընթացների առաջամարտիկն է, եւ ՀՀԿ-ական թեկնածուների, ՀՀԿ-ի վարկանիշը ցույց է տալիս, որ կուսակցության վարկանիշը տեղերում շատ բարձր է»:

Գյումրու քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը հայտարարել էր, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը թեկնածուներից իրեն է համակրում: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ կուսակցության ղեկավար մարմնում ինչպե՞ս են վերաբերվում այդ փաստին: «ՏԻՄ ընտրությունները, ըստ մեր կանոնագրի, մեր տեղական մարմինների խնդիրներն են: Տեղական մարմիններն են որոշում եւ տեղյակ պահում ԳՄ-ին իրենց անելիքների մասին: 99 տոկոսով դա եղել է իրենց աշխատանքը: Դուք հրաշալի գիտեք Գյումրիում ստեղծված իրավիճակը, հրաշալի գիտեք, որ այստեղ ոչ թե քաղաքական խնդիր է, այլ նախկին քաղաքապետի, նաեւ, ինչ-որ առումով, գուցե  այլ քաղաքական կուսակցություններից պատգամավորները, այդ թվում՝ եւ ՀՀԿ-ական, եւ ԲՀԿ-ական, այդքան էլ հակված չէին այդ թեկնածուի օգտին (նկատի ունի Սամվել Բալասանյանին- Ն. Գ.) քվեարկելու: Բնականաբար, այստեղ ավելի շատ անձնական դիրքորոշումներն են դեր խաղացել, քան թե քաղաքական դիրքորոշումները»,- ասաց Աղվան Վարդանյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930